Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պայքարը թեժանում է: Քառորդ եզրափակիչ փուլ են հասել ութ հավաքականներ, որոնք այսօրվանից պայքարի մեջ կմտնեն հաջորդ փուլի ուղեգիր ձեռք բերելու համար: Հավաքականներից չորսն իրենց պատմության ընթացքում աշխարհի չեմպիոն հռչակվելու բախտ արդեն ունեցել են: Մյուս չորսի համար այդ բարձունքը դեռ գրավված չէ: Ուստի նրանք ամեն ինչ կանեն՝ աշխարհի յոթ չեմպիոն երկրների անվան կողքին իրենց անունը գրելու:
«Առավոտը» փոքրիկ հարցախույզ է անցկացրել մշակույթի, քաղաքական եւ մարզչական գործիչների շրջանում՝ ուղղելով նրանց երկու հարց. տպավորություններն աշխարհի ընթացիկ առաջնությունից եւ արդյո՞ք 2010 թվականին աշխարհը կունենա նոր չեմպիոն:
Արա Գեւորգյան: Կոմպոզիտոր:
Իմ կարծիքով, ֆուտբոլը մի փոքր փչացել է: Ֆուտբոլում այժմ անհավանական բաներ են կատարվում, ու դրանց պատճառը մեծ փողերի՝ տոտալիզատորի մուտքն է: Երբ օրինաչափություն է դառնում աշխարհի նախկին չեմպիոնի, ֆավորիտների պարտությունը անչափ թույլ թիմերից, ակամայից սկսում ես կասկածել, որ աշխարհում թալանելու մի նոր, «հետաքրքիր» ձեւ է ստեղծվել: Ու տվյալ դեպքում իմ հիասթափությունը կամ, ավելի շուտ՝ մտահոգությունը ոչ թե առաջնությունից է, այլ՝ ֆուտբոլի հանդեպ վերաբերմունքից: Ֆուտբոլի հմայքն ու գեղեցկությունը տոտալիզատորների միջամտությունից տուժել է: Խաղադրույքները հետաքրքրության սլաքը ֆուտբոլից տեղափոխում են փողերի աշխարհ: Իհարկե, կուզեի հուսալ, որ այս ամենը կատարվում է գոնե Աֆրիկայի ժողովրդին կերակրելու նպատակով: Ու նպատակը ոչ թե մարդկանց թալանելն է, այլ՝ բարի գործ անելը:
Հոյակապ մարզավիճակում են Արգենտինայի, Գերմանիայի եւ Բրազիլիայի հավաքականները: Ու, կարծում եմ, որ հենց այս երեք թիմերից մեկն էլ կրկին կհռչակվի աշխարհի չեմպիոն: Ենթադրում եմ՝ Արգենտինան:
Դժվար թե ֆուտբոլի աշխարհի առաջնությունը իր պատմության մեջ նոր չեմպիոնի անուն գրանցի:
Ալեքսանդր Գրիգորյան: Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար:
Աշխարհի առաջնությունը միջակ տպավորություն է թողել՝ հաշվի առնելով, որ մենք տեսել ենք շատ բարձր պրոֆեսիոնալ, գրեթե արտիստիկ մակարդակի այլ առաջնություններ: Ամենամեծ հիասթափությունս այն է, որ չեմ տեսնում ազգի, ազգային սպորտի, դրոշի համար պայքար: Առանձնահատուկ հիասթափեցրին Ֆրանսիայի, Իտալիայի եւ, որոշ առումով, Իսպանիայի հավաքականները: Մնացածների հետ կապված՝ առանձնապես հույս չունեի էլ: Ինչ վերաբերում է ֆուտբոլային հանճարներին, ապա նրանք այս առաջնությանը թուլացան ու շատ միջակ խաղ ցուցադրեցին: Մտահոգում է Եվրոպան, որ քառորդ եզրափակչի մասնակից ութ թիմերից չորսը հարավամերիկյան հավաքականներ են: Դա վկայում է Եվրոպայում հավաքականների մակարդակի թուլացման մասին:
Նոր չեմպիոն չի երեւում, քանի որ աշխարհի ապագա չեմպիոնների խաղին համապատասխան բնութագրերը բացակայում են: Խոսքս խաղային բարձր մակարդակի ու խիստ կարգապահության մասին է: Կարծում եմ, այս տարին էլ ֆուտբոլի պատմությանը նոր չեմպիոն չի տա: Իմ տեսանկյունից, մեծ է Գերմանիայի հավաքականի հաղթանակի հավանականությունը: Այս թիմն առանձնանում է մարզական կարգապահությամբ, շարժունակության բարձր մակարդակով, միջազգային մրցասպարեզում ցուցադրած պայքարի ոգով, երիտասարդությամբ ու ավյունով: Հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, Գերմանիան կդառնա չեմպիոն: Ինչ վերաբերում է Բրազիլիայի ու Արգենտինայի հավաքականներին, նրանք, իհարկե, կարող են լինել առաջինը, սակայն չեն ցուցադրում այն խաղը, որ սպասում են իրենցից՝ աշխարհի բոլոր երկրպագուները:
Վիկտոր Դալլաքյան: ԱԺ պատգամավոր:
Աշխարհի առաջնությունը տոն է յուրաքանչյուր ֆուտբոլասերի համար եւ ավելորդ չէ ասել, որ ողջ երկրագնդի ուշադրությունը բեւեռված է այս առաջնության վրա: Անգամ քաղաքական խնդիրները մի տեսակ երկրորդ պլան են մղվել: Իմ գնահատականով՝ առաջնությունն անցնում է բավական հետաքրքիր, չնայած մրցավարական սխալներն էական ազդեցություն են թողնում ընթացքի վրա: Նկատի ունեմ Անգլիա-Գերմանիա խաղում անգլիացիների խփած գոլը չհաշվելը եւ Մեքսիկա-Արգենտինա խաղում Տեւեսի՝ խաղից դուրս վիճակից դարպասն ուղարկած գնդակի հաշվելը: Ամենամեծ հիասթափությունս այս առաջնությունում Իտալիայի ու Ֆրանսիայի անգույն խաղն էր: Իսկ առաջնության հայտնությունը Չիլիի ընտրանին է, որ բավականին հետաքրքիր ֆուտբոլ էր ցուցադրում: Նրանց ուղղակի խանգարեց Բրազիլիայի թիմից ունեցած ներքին կաշկանդվածությունը:
Չեմ բացառում, որ աշխարհը նոր չեմպիոն կունենա: Այդ կոչմանը հավակնող թիմերը, ըստ իս, Բրազիլիայի, Արգենտինայի, Հոլանդիայի եւ Իսպանիայի հավաքականներն են: Իսկ լավագույն ֆուտբոլիստը, իմ կարծիքով, Մեսսին է: Լավագույն թիմը պարզ կդառնա եզրափակիչ խաղում: Անձամբ ես կցանկանայի, որ կրկին չեմպիոն հռչակվեր Արգենտինայի հավաքականը: Իմ այդ ցանկությունը 3 հանգամանքով է պայմանավորված. նախ՝ Արգենտինայի թիմը բավական հետաքրքիր խաղ է ցուցադրում, երկրորդ՝ այնտեղ է խաղում մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, եւ վերջապես՝ Արգենտինայի ընտրանին մարզում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան: Ես համակրում եմ նաեւ Հոլանդիայի հավաքականին, 1974-ի Հոլանդիայի հավաքականը, Կրույֆի գլխավորությամբ, տոտալ ֆուտբոլի հիմնադիրն է: Իմ գնահատականով՝ այդ հավաքականը մինչ օրս անգերազանցելի է:
Վարդան Մինասյան: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:
Այս առաջնությունը ցույց տվեց, որ գրեթե բոլոր թիմերը հավասարվել են, բոլորն էլ գիտեն տակտիկաներ ու սխեմաներ: Բացի այդ, մի քիչ շատ է պրագմատիզմը ֆուտբոլում: Շատ քիչ թիմեր են գեղեցիկ ու արդյունավետ ֆուտբոլ ցուցադրում: Անգամ Բրազիլիայի ընտրանին պրագմատիկ ֆուտբոլ է խաղում՝ արդյունքին միտված: Ամենամեծ հիասթափությունս Իտալիայի, Ֆրանսիայի եւ Անգլիայի հավաքականների ելույթներն էին: Թեեւ Անգլիայի ընտրանին դուրս եկավ խմբից, սակայն չցուցադրեց այն խաղը, որ նրանից ակնկալում էին: Հիասթափեցնում է նաեւ առաջնությունում ֆուտբոլի որակը, որ մի տեսակ ռոբոտացված խաղի է վերածվել, գեղեցկություն քիչ է մնացել: Իսկ բացահայտումների թվում է Չիլիի հավաքականը, որ շատ հետաքրքիր խաղ ցուցադրեց:
Ես մինչ առաջնության մեկնարկը երեք թիմ էի առանձնացրել, որոնք, ըստ իս, պիտի պայքարեին չեմպիոնության համար՝ Անգլիա, Բրազիլիա, Իսպանիա: Հիմա, բացի Անգլիայից, մյուս երկուսը շարունակում են պայքարը: Չեմ բացառում նաեւ Արգենտինայի հաղթանակը: