Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ

Հուլիս 02,2010 00:00

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքավայրում հունիսի 28-ի առավոտյան, աշխատանքի պահին, մահացել է կոմբինատի գծային էլեկտրիկ, Մեղրիի 31-ամյա բնակիչ Ղազար Առաքելյանը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ էլեկտրիկները հրահանգ են ստացել, որ բարձրավոլտ հոսանքալարը վթարվել է ու միջամտություն է հարկավոր: Ղազար Առաքելյանը գործընկերոջ՝ Գեւորգ Մկրտչյանի հետ մոտեցել է վթարի վայրին, առաջինը իջել ավտոմեքենայից ու, ինչպես գործընկերն է պատմում, փայտացել տեղում: Հանքավայրի պետը՝ Ասատուր Հակոբյանը, ում հրահանգով էլեկտրիկները գնացել էին վթարի վայր, վստահեցնում է, թե աշխատողների անվտանգության բոլոր կանոնները հանքավայրում պահպանված են: Մինչդեռ հանքավայրի ավագ էներգետիկ Կարեն Խալաթյանի վկայությամբ՝ բարձրավոլտ հոսանքալարերի անվտանգության համակարգի համար նախատեսված ապահովիչ-ցուցիչը դեպքի պահին չի աշխատել. այն հոսանքալարի կտրվելու դեպքում պետք է զգուշացներ, ու հոսանքը ավտոմատ կերպով պետք է անջատվեր: Կոմբինատում շրջանառվում է Ղազար Առաքելյանի մահվան պատճառի երկու վարկած՝ հոսանքահարում եւ սրտի կաթված: Դատաբժշկական փորձաքննությունը վերջնական եզրակացություն դեռ չի տվել: «Ղազարն առողջության հետ կապված խնդիրներ չի ունեցել, եւ դատաբժշկի ու հերձողի առաջին եւ միակ տպավորությունը հոսանքահարումն է,- ասում է Ղազարի եղբայրը՝ Հայկ Առաքելյանը:- Կոշիկի եւ ոտքի վրա այրվածքի հետքերը ցույց են տալիս, որ Ղազարը հոսանքահարվել է։ Ես դա իմ աչքով տեսել եմ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել