Աֆղանցի թալիբները հայտարարել են, թե մտադիր չեն երկրի տարածքում գտնվող ՆԱՏՕ-ի ուժերի հետ որեւէ հարցով բանակցություններ վարել: BBC-ի մատուցմամբ, այդպիսով թալիբները պատասխանել են ամերիկացի զինվորականների եւ բրիտանական շտաբի պետ, գեներալ Դեւիդ Ռիչարդսի հայտարարությանը, թե «Թալիբան» շարժման հետ բանակցությունները կարող են օգտակար լինել: Ընդսմին, թալիբների հայտարարությունը, աղբյուրի դիտարկմամբ, հնչել է միանշանակ ու, ինչ-որ տեղ, նաեւ մեծամիտ տոնով:
Գրոհայինները համարում են, որ մոտ են հաղթանակին, եւ նրանց համար անհասկանալի է, թե դաշինքի հետ բանակցություններ սկսելով՝ ինչու պետք է օգնած լինեն ՆԱՏՕ-ին: «Թալիբանի» առաջնորդների կարծիքով, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար Սթենլի Մաքքրիստալի պաշտոնանկությունից հետո ամերիկական զորքերը շփոթմունքի մեջ են, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ բանակցություններ վարելու առաջարկն էլ ՆԱՏՕ-ի թուլության դրսեւորում է:
Հիշեցնենք, որ միայն այս տարվա հունիսին, ըստ թալիբների, Աֆղանստանում զոհվել է ՆԱՏՕ-ի 102 զինծառայող, ինչը աֆղանական պատերազմի ողջ ընթացքում մեկ ամսվա կտրվածքով զոհերի առավելագույն ցուցանիշն է: