«Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի առաջնորդ Ուսամա բին Լադենը մահացել է դեռ 2007թ. դեկտեմբերին՝ Աֆղանստանի սարերում: Այդպիսի պնդում է արել սաուդյան «AL Watan» պարբերականը: Վերջինիս տվյալներով, «թիվ մեկ ահաբեկիչը» մահացել է երիկամների հիվանդության արդյունքում, Տորա-Բորա սարերում գտնվելու ժամանակ: Նա դեռ 2004-ից սկսած, ապրում էր մեկ երիկամով: Թերթի աղբյուրը շեշտել է նաեւ, թե ԱՄՆ-ն տեղյակ է բին Լադենի մահվան մասին, բայց չի բարձրաձայնում, որովհետեւ նրան պատկերող տեսաձայնագրություններն ու ձայնը օգտագործում է տարածաշրջանում սեփական նպատակներին հասնելու համար: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, անցած կիրակի օրը ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Լեոն Պանետտան (նկարում) խոստովանել է, որ արդեն մի քանի տարի է՝ ինչ Միացյալ Նահանգները որեւէ լուրջ տվյալ չունեն «Ալ-Քաիդայի» առաջնորդի գտնվելու վայրի մասին, թեեւ համարվում է, որ նա Պակիստանում է: Պանետտան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նաեւ ասել է, թե «այս տասնամյակի սկզբներից ի վեր ամերիկյան պաշտոնական անձինք չգիտեն, թե որտեղ կարող է լինել բին Լադենը: Շատ դժվար է նրա փաստացի գտնվելու վայրի վերաբերյալ որեւէ օպերատիվ տվյալ ստանալ»:
Հիշեցնենք, որ Ուսամա բին Լադենի մահվան մասին առաջին անգամը չէ, որ խոսվում է: Անցյալ տարվա ապրիլին Պակիստանի նախագահ Ասիֆ Զարդարին հայտարարել էր. «Իմ հատուկ ծառայությունները ենթադրում են, որ բին Լադենն արդեն կենդանի չէ: Բայց մենք դրա որեւէ ապացույց չունենք»: Թիվ մեկ ահաբեկչի մահվան մասին հաղորդվել էր նաեւ 2002թ.-ին՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունից մոտ մեկ տարի անց: Իհարկե, այլ աղբյուրներ շարունակում են պնդել, թե բին Լադենը ողջ եւ առողջ է ու նույնիսկ հուշեր է գրում: