Առաջին կուրսեցիների մեծամասնությունը չի կարողանում հաղթահարել ներբուհական քննությունները:
Միասնական քննությունների քաոսում Հայաստանում սովորաբար անուշադրության են մատնվում ներբուհական ավարտական քննությունները, որոնք հաճախ ավելի խոսուն են լինում, քան բուհ ընդունվելու համար հանձնվածները: Պատճառն այն է, որ, հայկական տարբերակի համաձայն՝ ծնողներն ու դիմորդներն ամեն գնով «վիզ դրած» աշխատում են միայն բուհ ընդունվել, իսկ թե հետո ո՞վ պիտի սովորի, այդքան էլ կարեւոր չէ… Նաեւ հենց այս մոտեցման պատճառով է, որ ՀՀ բուհերի առաջին կուրսեցիների մեծամասնությունը ուսումնական առաջին տարվա ավարտին է միայն ցույց տալիս իր իրական պատկերը: Չնայած հարցն ունի նաեւ երկրորդ կողմը: Գուցե այս տխուր իրավիճակում մեղքի բաժին ունի նաեւ միասնական քննությունների անցկացման՝ իդեալականից շատ հեռու լինելու հանգամա՞նքը, որի պատճառով հաճախ բուհ են ընդունվում այն երեխաները, որոնք իրենց գիտելիքներով եւ պոտենցիալով «չեն ձգում» բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելուն: Անցյալ տարի բուհ ընդունված դիմորդներն այս ուսումնական տարեվերջին ցածր արդյունքներ են ցուցաբերել, չի բացառվում, որ նրանցից ոմանք նույնիսկ դուրս մնան բուհական համակագից, չնայած նրանց հնարավորություն է տրվելու երեք անգամ «կրկին փորձել»:
ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանն այս մասին ասաց. «Այս տարի ընդհանուր առմամբ բակալավրիատի արդյունքներն ավելի բարձր են անցյալ տարվա համեմատ: Բայց առաջին կուրսեցիները շատ ավելի վատ արդյունքներ են ցուցաբերել, նրանց առաջադիմության ցուցանիշը նվազել է: Օրինակ, մենք՝ 20%-ի սահմաններում սղաճ ունենք: Ուստի հավանական է, որ ընդունելության քննություններն այնքան էլ իդեալական չեն կազմակերպվել: Օրինակ՝ տնտեսագիտության ֆակուլտետում պարտք ունեցող ուսանողների մեկ երրորդը՝ 138 հոգի, միայն առաջին կուսեցի է, իրավաբանականում պարտք ունեցող 247 ուսանողից 67-ն է առաջին կուրսեցի, ռոմանագերմանականում՝ 414-ից 100-ից ավելին, բանասիրականում՝ 101-ից 62-ը: Պատկերը փոքր-ինչ լավ է կենսաբանության ֆակուլտետում. պարտք ունեցող 80 ուսանողից 8-ն է առաջին կուրսեցի»: Իսկ թե երեւույթի դեմ ինչպե՞ս պիտի պայքարել, Հ. Ժամհարյանը նշեց. «Պիտի ժողովրդին հասկացնել, որ եթե ընդունվել ես բուհ, պարտավոր ես սովորել: Բուհը ժամանցի կամ բանակից փախչելու համար չէ»:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, ըստ բուհի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանի, քննությունները հանձնվում են գրավոր, ընթացքում կատարվում են ատեստավորումներ, կազմակերպվում միջանկյալ քննություններ, որոնց արդյունքում շատ ուսանողներ չեն մասնակցում ավարտական քննությանը՝ գոհանալով իրենց տրված գնահատականներով: Պոլիտեխնիկում ուսանողներին նախապես ներկայացվում է, թե նրանցից ուսումնական տարվա ավարտին ինչ են պահանջելու: Պարոն Աղգաշյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Ընդհանուր առմամբ այս տարի, նախորդի համեմատ, առաջընթաց կա, ցավոք մտահոգիչ է ուսանողների շրջանում գոյություն ունեցող անտարբերությունը: Այս տարի առաջին կուրսում գրանցվել են ավելի ցածր արդյունքներ, քան երկրորդում… Խղճիս վրա մեղք չեմ ուզում վերցնել՝ գնահատական տալ ԳԹԿ-ի գործունեությանը, բայց, համենայնդեպս, ընդունելության համակարգը իր բացերն ունի: Եթե 18 տարեկանից հետո բոլորը ծառայեն ու հետո գան բուհ, ավելի լավ կլինի»: Մյուս պետական բուհերում դեռ չէին հասցրել ամփոփել քննաշրջանը: Սակայն մեզ հետ զրույցում պատասխանատուները հավաստիացրին, որ նախնական տպավորությամբ պատկերը առաջին կուրսեցիների առումով գրեթե նույնն է: