Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻ՞Ր Է, ԹԵ՞ ԲԱԺԱԿԱՃԱՌ

Հուլիս 02,2010 00:00

ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը ողողված է բարի ցանկություններով եւ պաթետիկ արտահայտություններով:

ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը ամրագրում է 2011-2020թթ. գիտության ոլորտի հեռանկարային զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը եւ հիմք է հանդիսանում մինչեւ 2020 թ. ծրագրերի մշակման համար: Ըստ ծրագրի հեղինակների հավակնությունների, «ծրագրերը ապահովելու են Հայաստանի գիտության ոլորտի դինամիկ եւ նպատակաուղղված զարգացումը եւ իրականացվելու են կառավարության, մասնավոր բիզնեսի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների եւ Սփյուռքի ջանքերի զուգակցմամբ»:

Փաստաթղթում փաստվում է, որ «Անկախության տարիներին որոշակիորեն պահպանվել են հանրապետության գիտական ներուժը, գիտական կազմակերպությունները եւ դպրոցները, ձեռք են բերվել որոշակի նվաճումներ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության տարբեր բնագավառներում»: Սա ամենեւին բացառիկ հայտնագործություն չէ: Իբրեւ ներկայումս գիտության ոլորտում գոյություն ունեցող դրական գործոններ՝ նշվում է, որ 2009 թ. պետական բյուջեում գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերի գծով հատկացումները կազմել են 8 374 626.9 հազար դրամ, որն 2001թ. համեմատությամբ ավելացել է ավելի քան 3 անգամ, այն դեպքում, երբ իշխանական քարոզչամիջոց «Հ1»-ին բյուջեից 2 անգամ ավելի գումար է հատկացվում, քան հայրենի գիտությանը: Նշվում է, որ հանրապետությունում գիտական գործունեությամբ զբաղվում է շուրջ 17 հազար մարդ, 2008թ. պաշտպանվել է 520 թեկնածուական եւ 46 դոկտորական ատենախոսություն: Ի դեպ, վերջինների մասին մամուլը լեփլեցուն է այնպիսի հոդվածներով, որտեղ նույն գիտնականները միմյանց մեղադրում են պլագիատի մեջ:

Ըստ գիտության ոլորտի զարգացման ռազմավարության, Մատենադարանում եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ավելի քան 40%-ով ավելացվել է մեկ հաստիքի հաշվարկով միջին աշխատավարձը: Միեւնույն է, դա սրտհովանք չէ, քանի որ այդ ոլորտի աշխատողները ավելի ցածր են ստանում, քան ոչ ինտելեկտուալ պաշտոնյաները: Տեղեկանում ենք, որ մի շարք գիտնականներ արժանացել են բարձր գնահատականի եւ մրցանակների, ինչպես հանրապետությունում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Ընդ որում, իբրեւ բարձր մրցանակ նշվում է ՀՀ նախագահի շնորհած 30 մրցանակները: Թե որո՞նք են շուրջ 100 միջազգայինները, փաստաթուղթը «լռում» է: Լավ է, որ գոնե փաստվում են գիտության ոլորտում արմատական բարեփոխումների ձգձգման պատճառները՝ պետական առաջնահերթությունների բացակայությունը, գիտական ներուժի զարգացման եւ վերարտադրության հնարավորության սահմանափակումը, առկա նյութատեխնիկական բազայի եւ ենթակառուցվածքների անբավարար մակարդակը, գիտական արդյունքների ներդրման եւ առեւտրայնացման համակարգի դանդաղ ձեւավորումը:

ՀՀ-ում հնարավորությունները, պարզվում է, հակադարձ համեմատական են գիտության ոլորտի զարգացման տեսլականին: Ռազմավարության համաձայն, ձգտելու ենք հասնել նրան, որ 2020թ. Հայաստանը դառնա գիտական հետազոտությունների եւ մշակումների ոլորտն առաջընթաց զարգացնող, գիտական հետազոտություններով եւ մշակումներով միջազգային չափանիշներին բավարարող, տնտեսական եւ սոցիալական առաջընթացում նոր գիտելիքի ստեղծման ու օգտագործման աստիճանով առաջադեմ երկիր: Ավելին, նախատեսված է «ապահովել երիտասարդ կադրերի ներհոսք գիտության ոլորտ, իրականացնել գիտական ներուժի կառավարելի, սահուն սերնդափոխություն… ապահովել համաշխարհային գիտական եւ գիտատեխնոլոգիական տարածքում՝ Հայաստանի վայել դիրքի ձեռքբերումն ու հաստատումը»: ԹԵ ինչպես են «հասնելու ու անցնելու Ամերիկային», միայն հեղինակներին է հայտնի ու 70-ից բարձր տարիք ունեցող ԳԱԱ-ն գրաված, գիտությամբ չզբաղվող գիտնականներին:

Գիտության, կրթության եւ տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող երիտասարդ եւ միջին սերնդի կադրերի թվաքանակն այլեւս կայուն աճելու է, իհարկե, ըստ փաստաթղթի, գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրության ապահովում է լինելու, նույնիսկ միջոցառումներ են իրականացվելու՝ «Լրացնելու միջին սերնդի գիտնականների թվաքանակի այն «բացը», որն առաջացել է գիտության ոլորտից մինչ այժմ շարունակվող կադրերի արտահոսքից, այդ թվում՝ նաեւ արտերկիր»: Ռազմավարությունը տեղ-տեղ պաթետիկ-ռոմանտիկ ձեւակերպումներ էլ ունի. «Համաշխարհային տնտեսության գլոբալիզացիայի պայմաններում, երբ օրեցօր սրվում են սպառողական պահանջարկի աճի եւ բնական ռեսուրսների նվազմամբ պայմանավորված հակասությունները, էապես բարդանում են նաեւ ազգային անվտանգության հիմնահարցերը: Այս պայմաններում զգալիորեն ավելանում է բարձր կրթական մակարդակ ունեցող մասնագետների պահանջարկը, մասնագետներ, որոնք ի վիճակի պետք է լինեն մասնակցելու նոր գիտելիքների եւ տեխնոլոգիաների ստեղծմանն ու դրանց արդյունավետ օգտագործմանը»: Բարի ցանկություններ, որոնցով մի քանի տասնյակ էջ է «լցված»:

Ռազմավարությամբ կանխորոշվում է «գիտական աշխատողի մասնագիտական կարիերայի գրավչության բարձրացում»:

Ըստ փաստաթղթի, նաեւ արեւմտահայերենն ու արեւելահայերենն են վերջապես մերձենալու՝ բացառելով ուղղագրության փոփոխության հարցերը: Թիրախներից մեկն էլ համաշխարհային գիտական, գիտակրթական եւ գիտատեխնոլոգիական տարածքում սեփական դիրքի ձեռքբերումն ու հաստատումն է: Գեղեցիկ եւ ազդեցիկ ձեւակերպումներով ռազմավարությունը կա, մնա՛ց կենսագործվի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել