Երեկ արտառոց սկիզբ ունեցավ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ նշանակված դատական նիստը: ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դատարան բերված, նախկինում 13 տարվա ազատազրկման դատապարտված, թրաֆիքինգի գործով ներկայումս մեղադրվող Սարիբեկ Աղրամանյանը լավ չի լսում: Նա ունի երկկողմանի ծանր լսողություն, իսկ ականջի սարքը չէր աշխատում: Դատարանը որոշեց դիմել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ին, որպեսզի զբաղվի ամբաստանյալի ականջի «տեխնիկական վերազինմամբ»՝ մինչեւ հաջորդ նիստը: Երբ թվում էր, թե այդ հարցը կարգավորված է, պարզվեց, որ ամբաստանյալը թոքախտով է տառապում: Հիմա էլ հարց բարձրացվեց, որպեսզի նրան հատուկ հանդերձանքով բերեն դատարան: Զարմանալին այն էր, որ այս հիվանդը գտնվում է «Նուբարաշենում»: