Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ հունիսի 18-ի ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակմանը՝ նշելով, որ միջադեպը հայ հրամանատարների մեղքով է գրանցվել: Նրա խոսքով, մեր հրամանատարությունը մի շարք սխալներ է թույլ տվել: «Այժմ աշխատում է պաշտպանության նախարարության հանձնաժողովը, որը պետք է բացահայտի մեղավորներին: Տեղի է ունեցել ողբերգություն. զոհվել են մարդիկ: Միաժամանակ դա դաս կլինի հրամանատարության համար, որոնք պետք է անպայման հաշվի առնեն տեղի ունեցած միջադեպը եւ միջոցներ ձեռնարկեն նման միջադեպերը կանխելու համար»,- ասաց Արկադի Տեր-Թադեւոսյանը: Նրա խոսքով, ողբերգական միջադեպի պատճառներից մեկն այն է եղել, որ առաջնային գծում գտնվել են անփորձ զինվորներ, որոնց պետք էր ուշիուշով հետեւել, ինչպես նաեւ թույլ է եղել զգոնությունը: