Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանք չունե՞ր

Հուլիս 02,2010 00:00

Ձերբակալվել է «Օդնոկլասնիկի» գործի մասնակիցներից մեկը

\"\"Շուրջ մեկ տարի է՝ «Օդնոկլասնիկի» գործը գտնվում է գյումրեցիների ուշադրության կենտրոնում. հասարակությունը պահանջում է մինչեւ վերջ պատժել 17-ամյա Տիգրան Թադեւոսյանին սպանողներին: Այս գործն աղմկահարույց էր նրանով, որ 4 երիտասարդներ՝ Սամվել Սարգսյանն իր անչափահաս ընկերներով, օրը ցերեկով, ոստիկանության քթի տակ, «Լիլիա» գեղեցկության սրահի մոտ, աղջկա «հաշվով» ծեծելով՝ սպանել են 17-ամյա Տիգրան Թադեւոսյանին: Ոստիկանությունն էլ փորձել էր կոծկել սպանությունը, ինչի պատճառով մի քանի ոստիկաններ, այդ թվում՝ Գյումրու ոստիկանության առաջին բաժանմունքի պետ Աշոտ Թափալցյանը, դատվեցին ու պաշտոնազրկվեցին: Գործի գլխավոր «դերակատար», հիմնական ծեծող Սամվել Սարգսյանը վերջերս դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, իսկ մյուս 3-ը՝ Էդգար Նազարյանը, Սերգեյ Մխիթարյանն ու Վալերի Աբրահամյանը փախուստի մեջ էին: Մեկ ամիս առաջ Վալերի Աբրահամյանը հանձնվել է նախաքննական մարմնին:

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց նրա դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նա մեղադրվում է ծանր մարմնական վնասվածքներ պատճառելով՝ մահվան հասցնելու համար: Քրօրի այդ հոդվածով նախատեսվում է մինչեւ 12 տարվա ազատազրկում: Քանի որ երեկ դատախազության օրն էր, մեղադրող Վաղարշակ Մխիթարյանը չէր ներկայացել դատարան, հետեւաբար դատը հետաձգվեց: Սակայն դատարանի դահլիճից դուրս, ամբաստանյալի շահերի պաշտպան Թամարա Յայլոյանը լրագրողներին փոխանցեց, որ Վալերին այդ ծեծի հետ ընդհանրապես կապ չունի, չկան հիմնավոր ապացույցներ ու «ուղղակի» վկաներ, որոնք կհաստատեն նրա մասնակցությունը: «Եթե Սամվել Սարգսյանին տեսնողներ են եղել, ապա նույնը չի կարելի ասել Վալերիի մասին: Մենք ունենք անուղղակի վկաներ, օրինակ, տուժողի հորեղբոր կինը, ով պարզել է, թե Վալերին եւս մասնակցել է այդ գործին, բայց իրականում չկա մեկը, որը պատմի, թե նա կատարել է այդ գործողությունը: Վալերին այդ օրը եղել է քեռու տանը, քեռու տղայի ծնունդն է եղել, գնացել է «Պրեստիժ» վաճառատուն՝ նվեր գնելու, բայց գումարը չի հերիքել, հետ է եկել: Իմ պաշտպանյալը փախուստի էր դիմել, որովհետեւ լուրեր էին տարածվել, թե նա եւս մասնակից է եղել»,- իր պաշտպանյալին արդարացնում էր Թամարա Յայլոյանը: Նա տեղեկացրեց, որ իրենք միջնորդել էին Վալերիին քննել այն վկաների հետ, որոնք կհաստատեին, թե նա մասնակցել է Տիգրան Թադեւոսյանի ծեծին: Քննիչը մերժել է, իրենք բացարկ են հայտնել քննիչին, ինչը եւս մերժվել է:

Տուժողի շահերի պաշտպան Աննա Դավթյանը կարծում էր, որ եթե չլինեն ապացույցներ, վկաներ, քրեական գործ չէր հարուցվի: «Գյումրին այնքան փոքր քաղաք է, որ ոչինչ թաքցնել հնարավոր չէ: Շատերն են ինձ մոտենում ու ասում, որ պատուհաններից տեսել են, թե ովքեր եւ ինչպես են ծեծում Տիգրանին, բայց վախենում են վկայություն տալ: Ի վերջո, օպերատիվ հետախուզական միջոցներ են ձեռնարկվել ու պարզվել են մասնակիցները: Մինչեւ էս դեպքն էլ 4 տղաները թաղային հեղինակություն են եղել, հարցեր են լուծել: Իսկ թե ինչո՞ւ Վալերին երկար ժամանակ փախուստի մեջ լինելուց հետո ինքնակամ հանձնվեց ոստիկանությանը՝ ուղղակի այլընտրանք չուներ. թաքստոցի վայր այլեւս չէր մնացել»,- ասաց Աննա Դավթյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել