Երբ վարձակալը վաճառում է տանտիրոջ գույքը
Ռուսական TV-ներով բազմիցս հեռարձակվում են նյութեր՝ կապված կեղծ լիազորագրերով քաղաքացիներին պատկանող բնակարանների կեղծ առքուվաճառքի (հետագայում՝ իրական տերերի հանելուկային սպանությունների) մասին: Մեր հեռուստաալիքները համեստորեն լռում են, բայց մեր խարդախները բոլորովին չեն զիջում օտարներին:
Գաղտնիք չէ, որ սեւ շուկայում կարելի է գնել ցանկացած փաստաթուղթ՝ դիպլոմ, անձնագիր, սեփական մահվան վկայական, հոլոգրաֆիկ հաստատմամբ լիազորագիր: Իսկ ապա «նկարած» լիազորագրերով կադաստրում «միամտաբար» գրանցում են սեփականության իրավունքը եւ ժամերի ընթացքում օրինական տիրոջը զրկում բնակարանից, որը, եթե «պատահաբար» չի մահանում, տարիներ շարունակ դատարանների դռներն է չափչփում՝ արդարության հասնելու երազով:
Նմանատիպ մի խարդախություն կատարելիս «վարպետները» զույգ ոտքով ընկան թակարդը: Օրինապահ քաղաքացիներ Թերեզա Թամրազյանը (Պարոնյան 16) եւ Ռուբեն Բաբայանը (Պարոնյան 15) 2008թ. օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ վարձակալության պայմանագիր կնքեցին Շիրազ Բինբաշիրի Ալոյանի եւ Հովհաննես Գագիկի Ներսիսյանի հետ: Ներկայանալով իբր «Արմգրուպ» շինարարական կազմակերպություն՝ վարձակալները եւս $10 000 վերցրին՝ բնակարանն ամբողջությամբ վերանորոգելու համար: Տվյալ բնակարանն ուներ ապօրինի կառուցված սանհանգույց, որն օրինականացնելու առաջարկությամբ Ալոյանը կրկին գումար պահանջեց Թամրազյանից, համոզելով, իբր Կենտրոնի կադաստրի աշխատակից Աշոտն իր մոտ ընկերն է, ուստի գործը արագ գլուխ կբերի: Քանի որ այլեւս գումար չուներ, տիկին Թերեզան որոշեց անձամբ զբաղվել սանհանգույցի օրինականացմամբ: Ներկայանալով Կենտրոնի կադաստր՝ դիմեց Շիրազի ընկեր Աշոտին եւ պատահաբար բացահայտեց, որ իր բնակարանն այլեւս իրենը չէ, այլ ուսուցչուհի Արեւիկ Պետրոսյանինը:
Թե ինչ կատարվեց տիկին Թերեզայի հետ՝ չենք նկարագրի, սակայն կպատմենք, որ նա կարողացավ տուն հրավիրել եւ Կենտրոնի ոստիկանության աշխատակիցների օգնությամբ «վարպետներին» հանձնել իրավապահներին: Զարմանալի է, սակայն հետագայում եւս նրանց «պատահաբար» ազատ չարձակեցին, եւ գործը մտավ քննչական բաժին: «Վապետները» խոստովանեցին, որ կեղծել եւ տիրացել են նաեւ նախկին դատախազ Ռուբեն Բաբայանի՝ Պարոնյան 15/4 հասցեի բնակարանին, եւ այն վաճառել ոստիկանության վարչության պետի:
Ավելի քան 1,5 տարի ձգձգվում է այս գործի քննությունը, սակայն «միամիտ» իրավապահները շղթայի ոչ մի օղակ չեն կարողացել բացահայտել: Դատական նիստի ընթացքում դատավոր Ա. Գաբրիելյանը հրապարակեց մեղադրյալների՝ արգելանքի տակ գտնվող գույքի ցանկը. Ալոյանին պատկանող ինչ-որ փայտե տնակ Ստեփանավանում եւ Ներսիսյանի բնակարան, որի նկատմամբ իբր նա նույնիսկ սեփականության իրավունք էլ չունի: Դրանցով, իհարկե, հնարավոր չէ փոխհատուցել տուժածներին պատճառած ավելի քան 40 մլն դրամ վնասը: Պատահաբար պարզվեց, որ քրգործից «գոլորշիացել» է Շիրազ Ալոյանին պատկանած տուժածների փողով գնված արտասահմանյան ավտոմեքենան արգելանքի վերցնելու որոշումը: Ով եւ ինչպես կարող էր վաճառել կալանավորվածի արգելանքի տակ գտնվող գույքը, չհաջողվեց պարզել, սակայն կարելի է կռահել: Պարզվել է, որ մեր «հերոսները» մինչ այդ կատարել էին նմանատիպ այլ հանցագործություն. կեղծելով «Արմգրուպ» շինարարական կազմակերպության կնիքը՝ նրանց բանկային հաշվից յուրացրել էին շատ խոշոր գումարներ, սակայն բռնվելուց հետո «անհասկանալի» պատճառներով մնացել էին ազատության մեջ: Ազատությունը հավանաբար թանկ էր նստել, ուստի շարունակել են իրենց «մասնագիտական» հմտությունները: Տուժածների փաստաբանները միջնորդությամբ պահանջել էին դատարան հրավիրել Կենտրոնի կադաստրի աշխատակից Աշոտին, սակայն դատավոր Ա. Գաբրիելյանը միջնորդությունը նույնիսկ չքննարկեց, իսկ մեր հարցին, թե ինչո՞ւ է խուսափում կադաստրին ներգրավել, «մեծահոգաբար» համաձայնեց՝ «Ձեր ասածի մեջ տրամաբանություն կա»: Դրանից հետո դատավորի ճնշումը բարձրացավ, բայց իջնելուց հետո էլ նա այդ հարցին չանդրադարձավ: Փոխարենը մեղադրյալների շահերի պաշտպան տիկին Անուշը 1,5 տարի հետո լույս աշխարհ բերեց ինչ-որ բժշկական տեղեկանք, ըստ որի՝ «Մեղադրյալ Ներսիսյանի կրծոսկրերից մեկը անհայտ ժամանակների անհայտ ծագման մասնակի կոտրվածք ունի…», ցանկանալով դա ներկայացնել որպես ծեծի արդյունք, իսկ ցուցմունքները՝ ճնշման տակ կորզված սխալմունք: Բնական է, որ ոստիկանությունում Ներսիսյանի ճակատը չեն պաչել, բայց թե ինչու բժշկի չեն դիմել եւ այդ մասին 1,5 տարի հետո են հիշել՝ պաշտպանը չկարողացավ բացատրել: Երկար ձգձգումներից հետո դատարանը երկու խարդախներին 7 եւ 8 տարվա ազատազրկման դատապարտելու վճիռ կայացրեց:
Հեռու ենք այն մտայնությունից, թե հեռավոր շրջանից եկած մի շուկայի բեռնակիր եզդի Շիրազ կարող էր առանց հզոր կապերի մայրաքաղաքում նման գործունեություն ծավալել եւ հեշտությամբ խաբել կադաստրի «միամիտ» աշխատակիցներին, որոնք, ըստ Անշարժ գույքի պետական կադաստրի իրավաբանական ծառայության պետ Ա. Հարությունյանի՝ «պարտավոր չեն ամեն մի փաստաթուղթ ստուգել, կարող են ցանկացած (նաեւ կեղծ-Ս.Մ.) առուծախի պայմանագիր ներկայացնողին սեփականության վկայական տալ»: