Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՇՓՈՒՄԸ»

Հուլիս 02,2010 00:00

\"\"Ասում է իտալացի ջութակահար Դոմենիկո Նորդիոն, միեւնույն ժամանակ հավելելով, որ արվեստը բոլոր շահերից վեր կանգնելու միակ ձեւն է:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության հրավերով Հայաստան է ժամանել իտալացի ճանաչված ջութակահար Դոմենիկո Նորդիոն: Նրա եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի մատուցմամբ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան) այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի համաշխարհային ջութակի գրականության հայտնի ու բարդ երկերից մեկը՝ Սիբելիուսի կոնցերտը:

Ծանոթանալով ջութակահարի ստեղծագործական դիմանկարին՝ տեղեկացանք, որ 16 տարեկանում Դոմենիկոն արժանացել է հեղինակություն վայելող Viotti միջազգային մրցույթի առաջին մրցանակին: Նա իտալացի ջութակահարներից միակն է, ով 1988թ. մասնակցելով դասական «Եվրատեսիլին», շահել է առաջին մրցանակ:

Երաժիշտը նաեւ կամերային երաժշտության նվիրյալներից է, մասնակցել է տարբեր հեղինակավոր փառատոների, իսկ 2003-ից հանդիսանում է միջազգային մրցույթների WFIMC ասոցիացիայի անդամ, 1960թ. հիմնադրված ջութակահարների Citta di Brescia մրցույթի գեղարվեստական ղեկավարը, հանդես է եկել հայտնի համերգային սրահներում՝ ճանաչված սիմֆոնիկ նվագախմբերի ու դիրիժորների հետ: Ինչ վերաբերում է Դոմենիկո Նորդիոյի հյուրախաղային աշխարհագրությանը, «Առավոտի» հետ զրույցում ջութակահարն ասաց, որ չէր եղել միայն Հայաստանում ու Նոր Զելանդիայում: Կեսկատակ-կեսլուրջ էլ հավելեց, որ թերեւս «շփումը» հայերի հետ սկսվել է պատանի հասակից՝ Խաչատրյանի Ջութակի կոնցերտի շնորհիվ: Հույս ունի, որ այս օրերին համագործակցության հիմք կդրվի Էդուարդ Թոփչյանի նախաձեռնությամբ անցկացվող «Երեւանյան միջազգային փառատոնի» եւ Citta di Brescia մրցույթի միջեւ:

Հարցին՝ ի՞նչ է «վերցրել» գրեթե ողջ աշխարհում համերգային շրջագայություն ունեցած երաժիշտը եւ կոնկրետ ի՞նչ է ակնկալում Հայաստանից, մեր զրուցակիցն ասաց. «Նախընտրում եմ մարդկային շփումը եւ չեմ կարծում, որ այն պետք է իրականացնել երաժշտության միջոցով: Երաժշտությունը մեկ ազգի կամ ժողովրդի սեփականությունը չէ, սակայն կրոնական ու քաղաքական շահերից վեր կանգնելու միակ ձեւն է: Ինքս քրիստոնյա եմ, կաթոլիկ, բայց դա չի խանգարել հանդես գալ, օրինակ, Թուրքիայում, Ադրբեջանում…»: Հետաքրքրությանը, թե մուսուլմանական երկրներում ի՞նչ բարձրության վրա է դասական արվեստը, Դ. Նորդիոն ժպտալով նախ ասաց, թե հարկ չկա իրեն կամաց-կամաց «տեղափոխել» քաղաքական դաշտ, հետո էլ ավելացրեց. «Եվ Թուրքիայում, եւ Ադրբեջանում գործող սիմֆոնիկ նվագախմբերը դեռ ճանապարհ ունեն անցնելու: Երաժիշտները երիտասարդ են, սակայն ուրախացնող մի հանգամանք կա՝ այդ երկրների կանայք էլ սկսել են հետաքրքրվել ու մասնագիտանալ դասական արվեստում»:

Թեեւ մեր երկիրը դեռեւս դասական «Եվրատեսիլին» չի մասնակցում, այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում SMS քվեարկություններին: Դոմենիկոն ասաց, որ քվեարկության այդ ձեւը միայն «Եվրատեսիլի» երգի մրցույթում է, իսկ դասականի դեպքում հաղթողին որոշում է ժյուրին: Համեմատելով նույնիսկ հեղինակավոր մրցույթների հետ, նա առանձնացրեց «Եվրատեսիլի» առավելությունը՝ այն դիտում է շուրջ 80 միլիոն հեռուստադիտող:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել