Դեռեւս Դելփյան խաղերի մեկնարկ-բացումից առաջ Վանաձորի արվեստի պետական քոլեջի դռանը փակցված ազդագիրն ազդարարում էր՝ խաղերի շրջանակներում Վրաստանի եւ Էստոնիայի պատվիրակությունների այցի եւ Վանաձորի արվեստի պետական քոլեջի դահլիճում համերգի անցկացման մասին: Նպատակը բարի է՝ մշակութային կապերի միջոցով բարիդրացիական փոխհարաբերությունների ամրապնդում ու ազգերի միջեւ թշնամության բացառում: Սակայն ծրագրով նախատեսված միջոցառումների շարքը այդպես էլ չիրականացավ, Վրաստանի եւ Էստոնիայի պատվիրակությունների փոխարեն Լոռու մարզ եկավ Ռուսաստանի Դաշնության արվեստի բոլոր ճյուղերը ներկայացնող 20 հոգանոց պատվիրակությունը: Պատվիրակության անդամները շրջեցին քաղաքի թանգարաններով, այցելեցին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի: Ու մինչ քոլեջի ղեկավարությունը դահլիճը համապատասխան տեսքի էր բերում՝ կահավորում դասական երաժշտության համերգի համար, ոստիկանության աշխատակիցները հսկում էին տարածքը, քաղաքի ու մարզի մտավորականությունն էլ տեղավորվում էր դահլիճում, օրեր առաջ փակցված ազդագիրը հանվեց ու պարզ դարձավ, որ օրերով նախապատրաստված համերգը չի կայանալու: Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի բաժնի մասնագետ Մհեր Մելիքյանը այս առթիվ մեզ ասաց. «Դա կազմկոմիտեի թերի աշխատանքի արդյունքն է: Պատվիրակության անդամները նախօրոք չեն զգուշացվել, նրանք էլ մարզահագուստով են եկել եւ պատրաստ չէին համերգի»:
Լոռու մարզպետարանը մարզպետ Արամ Քոչարյանի անունից շնորհակալագրեր էր պատրաստել Դելփյան խաղերի կազմակերպիչների ու մասնակիցների համար: Սակայն պատվիրակության այցը վերածվեց տուրիստական շրջագայության, համերգը մնաց ազդագրի վրա, իսկ պատվոգրերը՝ Լոռու մարզպետարանի կրթության բաժնի մասնագետների սեղաններին: