Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջի ուսանողներն այսուհետեւ կարող են օգտվել կարի նոր լաբորատորիայից: Իրենց մասնագիտական հմտությունները գործնականում կիրառելու եւ խորացնելու լրացուցիչ հնարավորությունը քոլեջի ուսանողներին ընձեռել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը՝ Դանիայի Թագավորության ֆինանսական աջակցությամբ:
«Այս ծրագիրն ուղղված է նախնական եւ միջին մասնագիտական կրթության աջակցմանը»,- ասաց ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակի միջին մասնագիտական կրթության ծրագրի ղեկավար Կարինե Սիմոնյանը: Վանաձորի տեխնոլոգիական քոլեջը ՄԱԿ-ից նաեւ համակարգչային տեխնիկա կստանա:
Բացի Վանաձորի տեխնոլոգիական քոլեջից՝ ծրագրի ուշադրության կենտրոնում է եւս 15 քոլեջ, ուր մինչեւ տարեվերջ կստեղծվեն նման լաբորատորիաներ: «Բացի կարի լաբորատորիայից՝ փայտամշակման լաբորատորիաներ էլ ենք տրամադրում, նաեւ՝ քոլեջի դասախոսների համար դասընթացներ կազմակերպում: Բազմաթիվ ուսումնական ծրագրեր ունենք, փորձի փոխանակման համար տնօրինությանը ընդգրկել ենք օտարերկրյա այցերի ծրագրում»,- ասաց Կարինե Սիմոնյանը եւ հավելեց, որ Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջի հետ համագործակցությունը կշարունակվի:
Հայաստանում Դանիայի Թագավորության արտաքին գործերի ներկայացուցիչ Ա. Զիգենսն էլ ժամանել էր Վանաձոր՝ անձամբ ծանոթանալու Վանաձորի իր գործընկերներին ու քոլեջի գործունեությանը: «Սա Դանիայի Թագավորության կողմից հովանավորվող միակ նախագիծը չէ, մի քանի ծրագիր ենք ՀՀ-ում հովանավորում, գյուղական համայնքներին աջակցություն ենք տրամադրում: Մեր հիմնական նպատակը աշխատունակության բարձրացումն ու գործազրկության կրճատումն է»,- ասաց նա: