Քաղաքապետը, իր խոսքով, չարդարացված քայլ է արել ու հիմա փորձում է շտկել վիճակը
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում շատ խնդիրներ կան, որ առաջնահերթ լուծման կարիք ունեն, բայց առավել կարեւորը երկուսն են. ներհամայնքային ճանապարհների քարուքանդ ու խիստ անմխիթար վիճակը, քաղաքի ջրային հայելիների մաքրման հարցը: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքում, այո, շատ խնդիրներ կան, սակայն դրանց լուծման համար մեծ ֆինանսներ են պետք, ինչը տեղական սուղ բյուջեն չունի: Քաղաքի ներհամայնքային ճանապարհները տասնյակ տարիներ չեն նորոգվել: Հիմնանորոգման համար գումարներ չլինելու պատճառով ստիպված ընթացիկ տարում փոսային նորոգումներով են բավարարվում, այդ աշխատանքների համար, Սիսիանի ավագանու որոշմամբ, 2010 թվականի տեղական բյուջեից 10 միլիոն դրամ է հատկացվել: Քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը նշում է, որ դա շատ չնչին գումար է: «Ներկայումս էլ, Ասիական զարգացման բանկի միջոցներով, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Հարավային տեղամասը քաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցն է նորոգում, որի պատճառով ճանապարհները քարուքանդ են արվել, էնպիսի տպավորություն է, որ Սիսիանում ավերածություն է եղել: Քանդման պրոցեսը դեռեւս շարունակվում է, որն արդեն անհանդուրժելի է դարձել: Այսպես շարունակել չի լինի, սա լուրջ խնդիր է քաղաքի համար, որը պետք է լուծվի: Պետք է հարցը դրվի քննարկման, որովհետեւ քաղաքը դարձել է ավերակ: Եթե ինչ-որ կազմակերպություն փորձում է իր բիզնեսը զարգացնելով՝ վնասել մեր քաղաքը, դա ես թույլ չեմ տա, ուղղակի ակնկալում եմ նրանց ողջամտությունը եւ հույս ունեմ, բանակցությունների արդյունքում, որոշակի գումարներ կհատկացվեն քաղաքը տեսքի բերելու համար»,- ասաց Աղասի Հակոբջանյանը եւ հավելեց, որ Սիսիանի ջրամատակարարման համակարգը նորացման խնդիր ուներ, համակարգում վաղուց ոչ մի նորոգում չէր արվել, եւ հենց այդ փաստն էլ հաշվի առնելով է քաղաքի ղեկավարությունը թույլատրել քաղաքում նման քանդման-նորոգման աշխատանքներ իրականացնել:
«Մի վրիպակ եմ թույլ տվել: Համաձայնել եմ, որ ասֆալտապատման աշխատանքների իրականացման փոխարեն այդ գումարները ուղղեն ամբողջ քաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցը փոխելուն, բայց, կարծես, իմ այդ քայլը արդարացված չէ: Հիմա պայքարում եմ, որ նախագծում նախատեսված այդ աշխատանքներն (ասֆալտապատումը- Մ. Ս.) իրականացվեն: Սիսիանում ասֆալտապատմամբ զբաղվող մասնավոր ձեռնարկությունների էլ եմ դիմել, կան մարդիկ, ովքեր պատրաստակամություն են հայտնել աջակցել այս հարցում: Այս տարի խնդիրն ամբողջությամբ չի լուծվի, բայց, կարծում եմ, 1-2 ամսից զգալի տեղաշարժ կնկատվի այս հարցում»,- հավելում է զրուցակիցս:
Կեղտոտ կամ ոչ պատշաճ պահպանված ջրավազանները ամռան շոգին կարող են համաճարակների եւ հիվանդությունների առաջացման ու տարածման վտանգի աղբյուր դառնալ: Եղանակների տաքանալն էլ ավելի է նպաստում մոծակների ու մժեղների ակտիվացմանը, ու սիսիանցիների համար քաղաքում՝ ջրերի ու գետի մոտ զբոսնելը, քաղաքի կամրջով տեղաշարժվելը գնալով էլ ավելի տհաճ է դառնում: «Հարցը բարձրացրել եմ ՀՀ տարածքային կառավարման նախարարի մոտ: Բավական երկար տարիներ ջրային հայելիները չեն մաքրվել: Մոտ 70-80 միլիոն դրամ է պետք այդ աշխատանքների համար, իսկ տեղական սուղ բյուջեից (300 միլիոն դրամ) դրանց համար գումարներ տրամադրել չենք կարող: Հույս ունենք կառավարությունը մեզ աջակցություն կցուցաբերի, հրատապ է այս խնդիրների լուծումը»,- ամփոփեց Սիսիանի քաղաքապետը: