«Ավո Ֆ.Մ.Հ.»-ի դեմ նույն ընկերության կառուցած բազմաբնակարան շենքի բնակչի դատն արդեն 2-րդ անգամ հետաձգվում է:
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանների դատարանում լսվում էր Հյուսիսային պողոտայի բնակիչ Ալբերտ Բաբաջանյանի հայցը՝ ընդդեմ Հյուսիսային պողոտայում կառուցապատում իրականացնող «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ի, որի նորակառույց բազմաբնակարան շենքում Աբովյան փողոցի նախկին բնակիչ Ա. Բաբաջանյանը պետք է որպես փոխհատուցում բնակարան ստանար: Սա այս գործի լսման 2-րդ նիստն էր, սակայն ի տարբերություն առաջին նիստի, որին «Առավոտն» արդեն անդրադարձել է (9.06.2010), դատական պրոցեսին ներկա չէր «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի դատապաշտպան Սեյրան Գրիգորյանը: Այս ընկերության կողմից ներկայացել էին միայն նրանց երկու աշխղեկները, որոնք պետք է վկայություն տային, որ Ա. Բաբաջանյանի բնակարանը նորմալ են կառուցել եւ այդ վիճակում հանձնել սեփականատիրոջը: Նրանց դատարանը չլսեց՝ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու պատճառով: Նրանք էլ ասացին, որ ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչի համար պետք է դատարան ներկայանային, թե չէ՝ իրենց հետ կվերցնեին անձը հաստատող փաստաթղթերը եւ անմիջապես հեռացան դատարանից: Նրանց փաստաթուղթ չունենալն էլ, ըստ դատավոր Գագիկ Խանդամյանի, հիմք հանդիսացավ դատական նիստը հետաձգելու մինչեւ օգոստոսի 30-ը: Թե ինչու այդքան երկար ժամանակով հետաձգվեց նիստը՝ հարցին դատավորը պատասխանեց. «Արձակուրդ ենք գնում»:
Իսկ մինչ վկաներին կանչելը, հայցվոր կողմի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը կրկին հայտնեց, թե ինչի համար են իրենք դիմել դատարան՝ նախ մինչեւ այժմ հայցվոր Ա. Բաբաջանյանը չի կարողանում տնօրինել իրեն հասանելիք բնակարանը, չնայած կառուցապատող «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի հետ պայմանագիր ունի կնքած: Հետո «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի սեփականատեր՝ սիրիահայ գործարար Ավետիս Կարագուլյանը բնակչին է հրամցրել բոլորովին այլ պայմաններով բնակարան՝ առանց բաց պատշգամբի, նախատեսված տարածքից էլ պակաս: Ընդ որում, կառուցապատողը բնակարանի նախագծային փոփոխություններն արել է գաղտնի, առանց բնակարանի տիրոջ կարծիքը հաշվի առնելու: Փաստաբանի խոսքերով, հայցվորին պետք է հատկացվեր 70 քմ տարածքով բնակարան, այն էլ՝ բաց պատշգամբով, սակայն նրան հատկացվել է 68,2 քմ բնակարան ու առանց բաց պատշգամբի: Իսկ քանի որ բաց պատշգամբը բնակելի տարածքից ավելի էժան գործակցով է հաշվարկվում, ապա հայցվորին պետք է վերադարձվի ոչ թե 1,8 քմ, այլ 4,2 քմ տարածք:
Դատական նիստի ավարտից հետո Ա. Բաբաջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ներկայացուցիչներ էր հրավիրել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ու Հանրային խորհրդից, 2 տեղից էլ նրան խոստացել էին ներկա գտնվել, սակայն չէին եկել. «Ես նրանց հրավիրում եմ, որպեսզի նրանք էլ տեսնեն, որ նիստերը անիմաստ հետաձգվում են, գործը ձգձգվում է, խախտվում են իմ իրավունքները»: