Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՄՈՒՐՋ ՉԷՐ՝ ՀԵՂԵՂԱՏԱՐ ԷՐ

Հուլիս 02,2010 00:00

Էներգետկայի բնագավառի օբյեկտներն օգտագործվում են որպես կամուրջ, լողավազան, իսկ դրանց անվտանգության գոտիներում էլ վարուցանք են անում, տուն կառուցում:

Հունիսի 25-ին Գեղամավան գյուղի 38-ամյա բնակիչ Հայաստան Խաչատրյանի հետ տեղի ունեցած դժբախտ դեպքը եւս մեկ ապացույց էր, թե մեր քաղաքացիները որքան անլուրջ են վերաբերվում այս կամ այն տարածքում առկա անվտանգության գոտիներին: Եթե էլեկտրացանցին, հիդրոէլեկտրակայանին, գազամատակարար կամ ջրամատակարար ընկերություններին պատկանող անվտանգության գոտիները փշալարերով կամ պարիսպներով սահմանազատված չեն բնակելի տարածքներից, դա չի նշանակում, որ այնտեղ մարդն ինչ գործունեություն ուզի՝ պիտի ծավալի, ինչպես որ սովորաբար անում են Հայաստանում: Պարզապես դրանք, որպես կանոն, կիլոմետրերով ձգվող տարածություններ են, որոնք պարսպապատելը պարզապես անհնար է: Գեղամավան գյուղի բնակիչ Հայաստան Խաչատրյանը գյուղով անցնող ջրանցքի անվտանգության գոտում հայտնվելու պատճառով է ջուրն ընկել ու խեղդվել: Հիշեցնենք, որ Հայաստանը կովերին արոտավայրից տուն բերելիս անցել է Հրազդան գետի վրա կառուցված փոքրիկ կամրջով, որը չդիմանալով կնոջ եւ կովերի ծանրությանը՝ փլուզվել էր: Հայաստանը կովերի հետ միասին գետն էր ընկել ու մահացել՝ 2 երեխաներին թողնելով որբ: Նրա մարմինը փրկարարները գտել էին գետի՝ Հրազդան քաղաքով անցնող հատվածից: Իսկ այդ օրը ջուրը շատ վարար է եղել, եւ համագյուղացիներից որեւէ մեկը ռիսկ չի արել մոտենալ եւ խեղդվող կնոջն օգնել:

Հ. Խաչատրյանի հետ կատարված դժբախտ դեպքին «Առավոտն» իր 29.06.2010թ. «Կամուրջներին տիրություն չեն անում» հրապարակման մեջ արդեն անդրադարձել է, մեր թղթակցի հետ զրույցում գեղամավանցիները նշել էին, որ նման ողբերգություններ դեռ էլի կլինեն, քանի դեռ այս համայնքի բնակիչները կենդանիներին արածեցնելու, դաշտերը մշակելու համար ստիպված են լինում օրական առնվազն 2 անգամ ջրանցքի վրա կառուցված եւս 4-5 կամրջակներով անցնել-դառնալ: «Առավոտի» հետ զրույցում Գեղամավանի գյուղապետ Մնացական Վարդանյանը վստահեցրել էր, որ համայնքն այդ կամուրջների հետ որեւէ կապ չունի, եւ որ դրանց համար պատասխանատուն «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերությունն է, որը նախկինում հանրությանն առավել հայտնի էր «Սեւան-Հրազդան կասկադ» անվանումով: Օրերս «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Մելս Հակոբյանը, արձագանքելով մեր թերթի հրապարակմանը՝ հայտնեց, որ իրականում ջրանցքի վրայի կառույցները ոչ թե կամուրջներ են, այլ՝ հեղեղատարներ, որոնք ի սկզբանե էլ նախատեսված են եղել սարերից եկող ձնհալներից, անձրեւներից առաջացած ջրերը ջրանցքի մի ափից մյուսը անցկացնելու համար: «Առավոտի» հետ զրույցում պարոն Հակոբյանն ասաց. «Գեղամավան գյուղում տեղի ունեցած դժբախտ դեպքը, իհարկե, ցավալի է: Սակայն տվյալ կառույցը, որի հետեւանքով եղել է դժբախտ դեպքը, չի հանդիսանում կամուրջ, քանի որ չունի կամրջի համար սահմանված չափանիշներ՝ ամրություն, համապատասխան լայնք, հենասյուներ եւ այլն: Դրանք պարզապես վերին լանջերից ավելի ստորին հատված հեղեղաջրերը տեղափոխելու համար են նախատեսված: Ժամանակին կառուցելով ջրանցքը՝ խախտվել է բնական լանդշաֆտը, ուստի այդ հեղեղատարների միջոցով ջուրը տեղափոխվում է, որպեսզի չլցվի ջրանցքը եւ ափերից դուրս չգա: Ջրանցքի՝ Սեւանից մինչեւ Երեւան ընկած հատվածում տասնյակ նման բետոնե կառույցներ կան: Եվ այդ ամենը չգիտակցելը բերել է դժբախտ դեպքի: Դրա համար եւս մեկ անգամ կոչ ենք անում բնակչությանը՝ էներգետիկ կառույցները, ենթակայանները, ջրային կառույցները չծառայեցնել այլ նպատակների համար: Բազմիցս զգուշացրել ենք՝ հիդրոկայանին պատկանող ջրամբարներում չլողալ, եթե Աստված չանի՝ վթարային ռեժիմով ջրի հոսքը արագանա, որը տեղի է ունենում ավտոմատ կերպով, ջրամբարում այդ ջրի հոսքից կարող է մարդկային զոհեր լինեն»: Ինչ վերաբերում է հեղեղատարի վթարային լինելուն, ապա Մ. Հակոբյանն ասաց, որ այս տարվա գարնանն իրականացրել են ամբողջ ջրանցքի կառույցների հիմնանորոգում եւ այդ ջրանցքն իր ֆունկցիաների համար գտնվել է նորմալ վիճակում, այսինքն՝ հեղեղաջրերի տեղափոխման համար այնտեղ վթարային իրավիճակ չի եղել. «Մենք նորոգել ենք բոլոր վթարային տեղամասերը, իսկ կոնկրետ այդ կառույցի դեպքում որեւէ արտառոց բան չենք տեսել: Այդտեղ վնասվել է իր ֆունկցիաների համար նորմալ վիճակում գտնվող կառույցը»:

Պարոն Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հնարավոր չէ՞ր այդ հատվածներում ցուցանակներ տեղադրել, որտեղ նշված կլիներ, որ հեղեղատարները խիստ վտանգավոր են անցնելու համար, կամ գուցե հեղեղատարները, ջրամբարի կողքերը ցանցապատվեին, որպեսզի դրանց վրայով պարզապես անցնել չլիներ, քանի որ գեղամավանցիները աչք են բացել ու տեսել, որ իրենց պապերը, ծնողներն անցուդարձ են անում այդ հեղեղատար-կամուրջների վրայով, ու իրենք էլ մտածելով, թե դա կամուրջ է՝ նույնն են կրկնում, Մ. Հակոբյանն ասաց. «Մեր մասնագետները շաբաթը մեկ այցելում են տարածքներ եւ նկատելու դեպքում մարդկանց զգուշացնում են: Բացի այդ, այդքան տարածություն ցանցապատելը անհնար է: Ջրանցքի երկարությունը 60 կմ է, ինչպե՞ս եք պատկերացնում այդքան տարածք ցանցապատելը: Ընդհանրապես ասեմ, որ հիդրոէլեկտրակայանները կառուցում են ոչ շահագործող ընկերությունները, այլ հատուկ ձեռնարկություններ՝ ըստ նախագծի: Նախագծով ցանցապատում նախագծված չէ, եւ եթե մենք նախագծից շեղումներ անենք, մեզ կստիպեն տարածքը բերել նախկին տեսքի, քանի որ խախտված է նախագծային լուծումը»:

Գեղամավանի գյուղապետի պնդումներին, թե ջրանցքի վրայի միակ նորոգած կամրջի աշխատանքները ընկերությունը կիսատ-պռատ է արել, Մ. Հակոբյանը պատասխանեց. «Այդ կամուրջը մեր հաշվեկշռում չէ, եւ մենք դրա ամրության համար չենք կարող պատասխանատվություն կրել, դրա նորոգման համար համայնքն էր խնդրանքով դիմել, մենք էլ ընդառաջեցինք եւ օգնեցինք այն նորոգել, թե չէ՝ այդ կամուրջի տեխնիկական վիճակի կամ նրա նորոգման աշխատանքների համար մենք որեւէ պատասխանատվություն չենք կրում: Գյուղապետն ինքը պետք է իմանա՝ դա իր հաշվեկշռո՞ւմ է, թե՞ ոչ: Ես գյուղապետից ոչ մի գրավոր նամակ չեմ ստացել, ինչպես ինքն է պնդում, եթե գրեր, որ նորոգեք, ես էլ պետք է գրեի, որ դա մերը չէ: Նախ չի գրել, երկրորդ՝ դա իր ֆունկցիան է՝ իմանալ իր համայնքում եղած գույքն ո՞ւմ է պատկանում: Գոյություն ունի կադաստր, հարցում է անում եւ պարզում, թե դա ում գույքն է եւ ումից է ինքը հարկ ստանում, եթե դա իր տարածքում է, ուրեմն դա ինչ-որ մեկի գույքն է ու այդ գույքի դիմաց մեկը հարկ է վճարում, ուրեմն ունի պայմանագիր, նայում է՝ վճարողն ով է, պարզում է՝ տերն ով է»:

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ հստակ սահմանված են էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիները: Այդ գոտիներում արգելվում է իրականացնել որեւէ գործունեություն, որը կարող է սպառնալ օբյեկտների բնականոն աշխատանքին, քաղաքացիների եւ շահագործող անձնակազմի կյանքին ու առողջությանը, գույքի պահպանությանը: Սակայն նշենք, որ այսօր մեր հանրապետությունում առկա գրեթե բոլոր անվտանգության գոտիներում քաղաքացիները ակտիվ գործունեություն են ծավալում՝ բարձր լարման գոտիներում վարուցանք են անում, տուն են կառուցում, ջրամբարներում լողում ու ձուկ բռնում, գազի ու ջրի հսկայական խողովակներն էլ կամրջի տեղ ծառայեցնում:

Պարոն Հակոբյանի տվյալներով, այսօր գրեթե 100%-ով այդ գոտիները, այսպես ասած, «բնակեցված» են, եւ որեւէ իրավասու մարմին տեղից չի շարժվում: «Հարյուրավոր գրություններ ենք գրում ոստիկանություն, մարզպետարաններ, քաղաքապետարաններ, գյուղապետարաններ, դատախազություն, բայց՝ զրո արդյունք: Խնդիրն այն է, որ մեր տեղական ինքնակառավարման մարմինները բոլորն իրենց բուն գործը թողած՝ զբաղված են քաղաքականությամբ: Գյուղապետը չի ուզում վատամարդ լինել եւ գյուղացուն ասել՝ մի անցի այդ կամրջով կամ տունդ այդ գոտում մի կառուցի՝ վտանգավոր է, որովհետեւ վաղը իր ընտրության հարցն է լինելու, եւ քանի որ ինքը անարդար է ընտրվելու, դա կաշառքի ինչ-որ տարատեսակ է: Ոստիկաններին դիմում ենք, ասում են՝ բայց մենք ինչ գործ ունենք, դիմեք համայնքապետին, եւ այդպես շարունակ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել