Հիլարի Քլինթոնը հուլիսի 4-5-ը կայցելի Հայաստան
Քաղաքական գործիչները արդեն հասցրել են հատուկ իմաստ եւ նշանակություն տեսնել նրանում, որ ԱՄՆ պետքարտուղարը մեր երկրում է գտնվելու երկու կարեւոր օրերի՝ ԱՄՆ Անկախության օրը եւ ՀՀ Սահմանադրության 15-րդ տարեդարձի օրը: Իսկ պաշտոնական աղբյուրներն առանց որեւէ խորհուրդ մատնանշելու՝ ուղղակի հայտնում են, որ ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ինչպես նաեւ իրազեկվում է, որ Երեւանում կայանալիք բանակցությունների օրակարգում է լինելու հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ: Հիշեցնենք, որ նախօրեին Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հայտարարել էր, թե Երեւանում Քլինթոնը մտադիր է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու նաեւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: Ամեն դեպքում, այցն իրոք բացառիկ է, եւ արժե դրանից ինչ-որ բաներ ակնկալել: Մեր զրուցակից գործիչները եւս ընդունում են այցի բացառիկությունը: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը «Առավոտի» հետ զրույցում շեշտեց, որ ԱՄՆ պետքարտուղարի այցը հատկապես այս պահին շատ է կարեւորում, որովհետեւ. «Այն պատահականորեն կամ զուգադիպությամբ համընկել է հայ-ադրբեջանական հերթական լարվածության հետ, եւ, կարծում եմ, Հիլարի Քլինթոնի այցը կարող է զսպել պատերազմի վերսկսման ռիսկերը»: Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ ԱՄՆ պետքարտուղարի այցը տարածաշրջան ընդգծում է Միացյալ Նահանգների հատուկ վերաբերմունքը հետխորհրդային ողջ տարածքի, ինչպես նաեւ մեր տարածաշրջանի հանդեպ: Հայաստանի համար այդ այցը նշանակալի է, Միացյալ Նահանգների այդ կարգի պաշտոնյա վաղուց չի այցելել Հայաստան, եւ այս այցը կարող է նոր փուլ նշանակել հայ-ամերիկյան հարաբերություններում։ Ի դեպ, ես այն քաղաքական գործիչների շարքին եմ պատկանում, որ կարեւոր են համարում ԱՄՆ-ի դերի մեծացումը մեր տարածաշրջանում, որովհետեւ համոզված եմ՝ այն միայն դրական զարգացումների կարող է հանգեցնել, ի տարբերություն այսօրվա իրավիճակի, երբ շատ մեծ ազդեցություն ունի մեկ այլ երկիր, որի անունը չեմ ուզում տալ»:
Երեկ մամուլի ասուլիսում Իգոր Մուրադյանը կարծիք էր հայտնել, թե Երեւանում Քլինթոնին չեն կարող «ոչ» ասել: Մեր խնդրանքով մեկնաբանելով պարոն Մուրադյանի այս համոզվածությունը՝ Սուրեն Սուրենյանցն ասաց. «Եթե ես լինեի իշխանություն, իմ արեւմտյան կողմնորոշմամբ հանդերձ, «ոչ» կասեի ցանկացած արեւմտյան գործչի, եթե իմ ազգային շահերին հակասող որեւէ բան ասեր: Այսինքն կապ չունի կողմնորոշումը, եւ կապ չունի արժեքային համակարգը: Հայաստանի իշխանությունը կարո՞ղ է որեւէ բանի «ոչ» ասել, թե ոչ՝ ես չեմ կարող ասել: Դա որեւէ մեկը չի կարող կռահել, բայց չեմ էլ ուզում մենք ամեն հարաբերություն վասալային պատկերացնենք: Ցավոք, ռուսական կողմնորոշումով գործիչները Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների օրինակով Հայաստանի եւ որեւէ այլ երկրի հարաբերություններն անպայման վասալային են համարում»:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը եւս շատ է կարեւորում այս այցը առաջին հերթին նույն պատճառով՝ առաջին անգամն է, որ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյա է այցելում եւ տարածաշրջան, եւ Հայաստան. «Սա խոսում է մեր երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Կարեւոր է նաեւ, որ հենց հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության տոնի օրն է տիկին Քլինթոնը գտնվելու Հայաստանում: Կարծում եմ՝ սա հատուկ վերաբերմունք է մեր երկրի եւ մեր երկրի նախագահի հանդեպ»: Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ հանդիպումների ընթացքում, բնականաբար, կքննարկվեն տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
ԱՄՆ պետքարտուղարի սպասվելիք այցը որպես «խոսուն հանգամանք» է որակել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: