Երեկ ԱՄՆ Կոնգրեսի Պետության, արտաքին գործառնությունների եւ առնչվող ծրագրերի ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումների ենթակոմիտեն հաստատեց իր 2011թ. ֆինանսական օրինագիծը, որը ներառում է $44 մլն տնտեսական օգնություն Հայաստանին եւ $10 մլն աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղին. հաղորդեց Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ): Այս տարի Հայաստանին հասանելիք ֆինանսական օգնությունը ավելացել է 10%-ով, ինչը $3 միլիոնով ավելի է 2010 թ. ֆինանսական օգնության չափից: ԼՂ-ին հատկացվող օգնությունը ավելացել է $2 միլիոնով:
Ի պատասխան այս ամիս Ադրբեջանի կողմից սահմանի խախտմանը, որի արդյունքում զոհվեց 4 հայ զինվոր, եւ ի պատասխան Բարաք Օբամայի կողմից Ադրբեջանի նախագահին ուղղված նամակում արտահայտված քաղաքական դիրքորոշման հակասությանը՝ ենթակոմիտեն կարեւորեց Կոնգրեսի հետ խորհրդակցելու կարիքը վարչակազմի կողմից 907-րդ ուղղումից հրաժարվելու կապակցությամբ: Ենթակոմիտեին իր զեկույցում ԱՀՀ-ն խիստ անհանգստություն հայտնեց Ադրբեջանի շարունակական ռազմատենչ հայտարարությունների առումով եւ կոչ արեց ենթակոմիտեին լիովին վերականգնել 907-րդ ուղղումը: