Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հուլիս 02,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով, հուլիսի 6-ին Հրազդանի դատարանում, դատավոր Մ. Մակեյանի նախագահությամբ, կսկսվի Չարենցավանի ոստիկանության աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ոստիկանության բաժնում ծեծից հետո հնարավոր ինքնասպանության էր դիմել գողության կասկածանքով բաժին տարված Վահան Խալաֆյանը: Մեղադրանքը, ըստ մեր տեղեկությունների, պաշտպանում է Հարություն Հարությունյանը: Ամբաստանյալներից Աշոտ Հարությունյանի եւ Մորիս Հայրապետյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց կալանք, իսկ Գարիկ Դավթյանի եւ Գագիկ Ղազարյանի նկատմամբ՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու համար: Ի դեպ, վերջին երկուսը արցախյան պատերազմի մասնակիցներ են, ոստիկանության համակարգում են համապատասխանաբար 30 եւ 24 տարի: Գ. Դավթյանի եւ Գ. Ղազարյանի պաշտպանությունը ստանձնել է երեւանցի փաստաբան Արայիկ Հարությունյանը: Ըստ նրա էլ, իր պաշտպանյալների մեղադրանքի հիմքում դրվել է հետեւյալը. «Աշոտ Հարությունյանին չհակադրվելու եւ նրա հետ ունեցած ծառայողական փոխհարաբերությունները պահպանելու նպատակով որեւէ կերպ չեն փորձել կանխել վերջինիս հանցավոր գործողությունները, այդպիսով, հեղինակազրկելով պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ոստիկանությունը»: Խոսքն այն մասին է, որ պետը՝ Ա. Հարությունյանը, ապտակել է Խալաֆյանին, իսկ ենթակաները չեն բռնել նրա ձեռքը: Պաշտպանը տեղեկացրեց, որ ոստիկանները դիմել են հանրապետության նախագահին, որ իրենց արարքում բացակայում է հանցակազմը, սակայն նամակը ուղարկվել է ՀՀ ոստիկանության շտաբ: Մինչ այդ Ղազարյանը եւ Դավթյանը ծառայողական քննության արդյունքներով պատժվել էին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել