Գերազանցիկ ՊԵԿ-ը
Այս տարի պարբերաբար տեղեկացրել ենք ՀՀ պետեկամուտների կոմիտեի ամենամսյա գերակատարումների մասին: Կիսամյակային ամփոփումը եւս բացառություն չէ: Ըստ ՊԵԿ-ից ստացված հաղորդագրության՝ 2010թ. առաջին կիսամյակի հավաքագրումները եւս գերակատարվել են ե՛ւ հարկային, ե՛ւ մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 285, 2 մլրդ դրամ՝ առանց սոցիալական ապահովագրության վճարների, կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 30,7 մլրդ դրամով: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-հունիս ամիսներին հավաքագրվել է մոտ 53 մլրդ դրամով ավելի, իսկ 2008թ.-ի առաջին կիսամյակի համեմատ՝ ավելի քան 4,7 մլրդ դրամով ավելի գումար՝ առանց սոցիալական ապահովագրության վճարների: Սոցիալական ապահովագրության վճարների մասով եւս արձանագրվել է գերակատարում՝ ինչպես 2008-ի եւ 2009-ի առաջին կիսամյակի, այնպես էլ այս տարվա հունվար-հունիս ամիսների ծրագրային ցուցանիշների նկատմամբ: Մասնավորապես, 2010թ.-ի առաջին կիսամյակում հավաքագրվել է մոտ 54,7 մլրդ դրամ, ինչը ծրագրված ցուցանիշը գերազանցել է մոտ 5,6 մլրդ դրամով: 2010-ի առաջին կիսամյակի ընթացքում հավաքագրված սոցվճարներն ավելի քան 6,8 մլրդ-ով գերազանցել են 2009-ի, իսկ շուրջ 5,8 մլրդ-ով էլ՝ 2008-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
1826-ը՝ 502-ի համար
Քաղծառայության խորհրդից տեղեկացնում են, որ 2010թ. առաջին կիսամյակում կայացել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման 502 մրցույթ, որոնց մասնակցել է 1826 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում գրանցվել է քաղաքացիների կողմից թափուր պաշտոններ զբաղեցնելու համար կայացած մրցույթների՝ իրենց մասով արդյունքների բողոքարկման 2 դեպք, որոնք ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից չեն բավարարվել: Առայժմ բողոքարկման դեպք չի արձանագրվել քաղաքացիական ծառայողների ատեստավորումների հետ կապված։
Ի դեպ, Քաղծառայության խորհուրդն ամփոփել է նաեւ իր գործունեության ողջ ընթացքը. 2004-2010թթ. ընդհանուր առմամբ ստացվել է մրցույթների եւ ատեստավորումների արդյունքների վիճարկմանն ուղղված դիմում-բողոքների թիվը՝ 66: Դրանցից 27-ը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից բավարարվել է, իսկ 39-ը՝ չի բավարարվել։ Բողոքարկման 11 դեպք պայմանավորված է եղել մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների անդամների ներկայացրած դիմումների հետ, որոնցից 8-ը՝ հանձնաժողովներում, ՀՀ ՔԾԽ ներկայացուցիչների կողմից։
Եվ՝ գները նույնպես
Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2010թ. հունիսին, մայիսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0,8% գնանկում, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նվազել են 1,2%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.9%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% հավելաճ: 2010թ. հունիսին, 2009թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 104,5%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)՝ 105.7%, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.0%, ծառայությունների սակագներինը՝103.3%: Հանրապետության դիտարկվող 8 քաղաքներում 2010թ. հունիսին, մայիսի համեմատ, սպառողական գները նվազել են 1,2-0.2%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վաղարշապատում):
Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.0%-ով: 2010թ. հունիսին, մայիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է պարենային ապրանքների 1.3% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է ձվի, բանջարեղենի, մրգի եւ շաքարավազի 8.5-4.8% գնանկումով: Բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2010թ. հունիսին, 2009թ. հունիսի համեմատ, գրանցվել է 14.9% գնաճ, իսկ 2010թ. մայիսի համեմատ՝ 7.4% գնանկում: Մրգի ապրանքախմբում 2010թ. հունիսին, 2009թ. հունիսի համեմատ, արձանագրվել է 8.4%, իսկ 2010թ. մայիսի համեմատ՝ 6,8% գնանկում: 2010թ. հունիսին, 2009թ. հունիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 25.7% գնաճ, իսկ 2010թ. մայիսի համեմատ՝ 4.8% գնանկում: Ձկնամթերքի, կենդանական եւ բուսական յուղերի, կաթնամթերքի եւ հացամթերքի ապրանքախմբերում 2010թ. հունիսին, մայիսի համեմատ, գրանցվել է 1.6-0.1% գնանկում, իսկ սուրճի, թեյի, կակաոյի եւ այլ մթերքի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Մսամթերքի ապրանքախմբում 2010թ. հունիսին, 2009թ. հունիսի համեմատ, գրանցվել է 17.4%, իսկ 2010թ. մայիսի համեմատ՝ 2.4% գնաճ: Տավարի մսի գինը 2010թ. հունիսին, մայիսի համեմատ, թանկացել է 5.9%-ով, իսկ ոչխարի եւ խոզի մսերի գները նվազել են համապատասխանաբար 6.9% եւ 0.6%-ով: 2010թ. հունիսին, մայիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է ոչ ոգելից խմիչքի, ոգելից խմիչքի եւ ծխախոտի, հրուշակեղենի 0.1-0.2% գնաճ: 2010թ. հունիսին, մայիսի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված 0.9% գնանկման վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 3.8% եւ 2.7% գնանկումը: 2010թ. հունիսին, 2009թ. հունիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 15.9% եւ 24.2%, իսկ 2009թ. դեկտեմբերի համեմատ՝ 3.2% եւ 8.1% գնաճ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2010թ. հունիսին, մայիսի համեմատ, գրանցվել է սակագների 0.1% հավելաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է հանրային սննդի 0.1%, բուժսպասարկման 0.7%, հանգստի կազմակերպման 1.9%, իրավական ու բանկային 2.2% ծառայությունների սակագների հավելաճով: 2010թ. հունիսին, մայիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է տրանսպորտի ծառայությունների սակագների 1.8% նվազում (կապված օդային տրանսպորտի ծառայությունների սակագների 5.0% նվազման հետ), իսկ կենցաղային բնույթի, բնակարանային-կոմունալ, կապի, մշակույթի ոլորտի, կրթության համակարգի ծառայությունների սակագների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ: