Կառավարության երեկվա որոշմամբ «Արարատ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ժամանակավոր մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2014 թվականը: Հայաստանում հանքային ջրերի եւ ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն կազմակերպելու նպատակով ընկերությունը Հայաստան է ներմուծել ժամանակակից տեխնիկա եւ տեխնոլոգիաներ՝ կատարելով $5 միլիոնի ներդրում: Մինչեւ տարեվերջ ընկերությունը նախատեսել է ներդրումների ծավալը հասցնել $27 միլիոնի: Արդյունքում նախատեսվում է ստեղծել 220 աշխատատեղ, հետագայում այդ թիվը կկրկնապատկվի: Կառավարության այս որոշումը պայմանավորված է ՀՀ տարածքային համաչափ զարգացման անհրաժեշտությամբ, մարզերում նոր աշխատատեղերի ստեղծման կարեւորությամբ:
Կառավարությունը իր պահուստային ֆոնդից 3 միլիարդ 575 միլիոն 614 հազար դրամ է հատկացրել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը՝ բնածին եւ տարերային աղետների հետեւանքով սողանքի ենթարկված եւ փլուզված 40 ճանապարհահատվածի հիմնանորոգման, տեխնիկական հսկողության եւ նախագծային աշխատանքի կատարման համար: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, հորդառատ տեղումներն աննախադեպ իրավիճակ են ստեղծել հանրապետությունում: Նա կարեւորել է կատարվող աշխատանքի բարձր որակի անհրաժեշտությունը՝ միաժամանակ հորդորելով ամռան բարենպաստ եղանակը ճիշտ օգտագործել եւ տարերքի հետեւանքները հնարավորինս շուտ վերացնել:
Կառավարությունը հաստատել է երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման թույլտվության տրամադրումը շահագրգիռ այլ պետական մարմինների հետ համաձայնեցնելու կարգը՝ դրանց նկատմամբ հսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Գործադիրը որոշել է նաեւ «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրով այս տարվա հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը 300 միլիոն դրամից բարձր արժեք ունեցող ներմուծվող ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2013-ի հուլիսի 1-ը: ԱՊՀ եւ եվրոպական երկրներ բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունը նախատեսել է թարմ մրգեր արտահանել: Ծրագրով նախատեսվում է մոտ $11 միլիոնի ներդրում եւ 150 նոր աշխատատեղի ստեղծում: