Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԵԽ-ՈՒՄ ԳՆԱԼՈՎ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ ԵՆ

Հուլիս 02,2010 00:00

Բայց 1994-ին ԵԽԽՎ-ն պատրաստակամ էր փորձագետներ տրամադրել, ովքեր կօգնեն սահմանել Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ շրջանում՝ 1992թ. հուլիսին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հանձնարարական էր ընդունել, որով հակամարտությունների կարգավորման հարցում լիովին ապավինում էր ԵԱՀԽ-ին եւ նրա գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով առաջարկում կառույցի բարեփոխում: Մինչդեռ վերջին շրջանում ԵԽԽՎ-ում ակնհայտ է ցանկությունը՝ ծավալելու ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ գործընթաց:

Վերջին շրջանում ԵԽԽՎ-ում ղարաբաղյան խնդրի շուրջ զարգացումներն առիթ են դարձել, որ «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Աննա Մկրտչյանը հրապարակի «Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի խորհրդում» համեմատական վերլուծությունը: Առայժմ հրապարակվել են դրա առաջին երկու մասերը, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ ձեւակերպումները գնալով անբարենպաստ են դարձել Հայաստանի համար: Մի քանի օրինակներ մեջբերենք այս ծավալուն վերլուծությունից:

1993-ին ԵԽԽՎ-ն ղարաբաղյան հակամարտությանն անդրադարձել էր նախկին խորհրդային երկրների միջեւ բնակչության տեղաշարժերի մասին 996 բանաձեւի շրջանակում: Այստեղ Վեհաժողովը ԽՍՀՄ նախկին պետություններին կոչ էր արել հրատապ կարգավորման խնդիր համարել մասնավորապես «այդ պետությունների ներսում եւ միմյանց միջեւ անընդհատ աճող էթնիկ բախումները եւ լիովին օգտագործել հակասությունների խաղաղ կարգավորման ու հակամարտությունների կանխման ԵԱՀԽ մեխանիզմները», նաեւ՝ «ճանաչել Ստալինի օրոք տեղահանված անձանց՝ իրենց ծագման երկրներ վերադառնալու իրավունքը»: Վերլուծության հեղինակն ընդգծել է, որ Վեհաժողովը փաստորեն ճանաչել է ոչ միայն վերջին հակամարտության հետեւանքով տեղահանված անձանց, այլեւ տասնամյակներ առաջ իրականացված քաղաքականության հետեւանքով տեղահանվածների վերադարձի իրավունքը:

Անմիջականորեն ղարաբաղյան խնդրին առաջին անգամ անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 1251 (1994) 1 հանձնարարականում (1994թ. նոյեմբերի 10) եւ նույն օրն ընդունված բանաձեւում: Այս փաստաթղթերով Վեհաժողովը Նախարարների կոմիտեին մասնավորապես առաջարկել է՝ «Համապատասխան պայմանների առկայության դեպքում հնարավորինս արագ բացել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցության ծրագրերը եւ նշված կողմերի ցանկության դեպքում նրանց փորձագետներ տրամադրել, ովքեր կօգնեն սահմանել Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը»: Այս փաստաթղթերի նախապատրաստմանը նաեւ ղարաբաղյան կողմն էր անմիջական մասնակցություն ունեցել, եւ այդ փաստն արձանագրված է հանձնարարականում:

Զարմանալի է, բայց փաստ՝ Եվրոպայի Խորհրդին Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցության նախաշեմին է ղարաբաղյան հակամարտության առնչությամբ այս կազմակերպության փաստաթղթերում առաջին անգամ օգտագործվում «օկուպացված տարածք» ձեւակերպումը՝ Անդրկովկասում հակամարտությունների մասին 1119 (1997) բանաձեւում (1997թ. ապրիլի 22): Մինչդեռ Հայաստանում եւ Ադրբեջանում փախստականների եւ տեղահանված անձանց մասին 1263 (1995) 1 հանձնարարականում (1995թ. մարտի 15) խոսվում էր «Ղարաբաղի շրջակա տարածքների» մասին: Իսկ արդեն 1997-ին ընդունված բանաձեւով Լեռնային Ղարաբաղի առնչությամբ հակամարտության բոլոր կողմերին կոչ է արված ակտիվացնել ուղղակի բանակցությունները՝ քաղաքական կարգավորման հասնելու նպատակով, որը կերաշխավորի «օկուպացված տարածքների վերադարձը, փախստականների եւ տեղահանված անձանց վերադառնալու իրավունքը, Լեռնային Ղարաբաղի բավարարող այլընտրանքային կարգավիճակ, ինչպես եւ նրա անվտանգությունը»: Բացի այդ՝ 1119 (1997) բանաձեւի 11 կետում «Վեհաժողովը հույս է հայտնում, որ երկարատեւ հեռանկարում հարավկովկասյան երեք երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը կդիտարկեն Հարավկովկասյան պետությունների համայնք ստեղծելու եւ միացյալ խորհրդարանական վեհաժողով ձեւավորելու հարցը»:

Մեջբերենք նաեւ, որ Եվրոպայի խորհրդին ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի անդամակցության դիմումների վերաբերյալ 2000 թվականին ընդունված փաստաթղթերում էլ է նշված. «Վեհաժողովը համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ամենահարմար կառույցն է հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների համար»:

Վերլուծությունն առայժմ կանգ է առել 2000-ին ընդունված փաստաթղթերի վրա: Առաջիկա օրերին, ինչպես մեզ հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը՝ կհրապարակվեն 3-րդ եւ 4-րդ մասերը: Սակայն նա հաստատեց մեր ենթադրությունը, թե ակնհայտ է միտումը, որ ձեւակերպումները ԼՂ հարցով ԵԽԽՎ-ում գնալով կոշտացել են. «Եթե մենք դիտարկում ենք միտումների ուղղվածությունը՝ առավելապես տեխնիկական մասով, իրոք, անկում ենք նկատում: Եվ 3-րդ ու 4-րդ մասերում մենք հստակ կտեսնենք այդ անկման տարրերը: Սակայն այժմ, երբ այս ողջ գործընթացը մի ընդհանուր փաթեթում է երեւում՝ պետք է նշել, որ այստեղ կա մի երկրորդ կարեւորագույն խնդիր՝ գործընթացի մեջ կան դետալներ, որոնց ռեսուրսն օգտագործված չէ մեր կողմից: Օրինակ ինձ համար սա ավելի կարեւոր հանգամանք է, քան զուտ միայն տեխնիկական դինամիկան»:

ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, որը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը ղեկավարել է 2003-2007 թվականներին՝ այս համեմատական վերլուծության կապակցությամբ նկատեց. «Առայժմ ուսումնասիրված ժամանակահատվածը վերաբերում է Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի տարբեր մակարդակի հարաբերություններին: Հետեւաբար՝ դրանց համեմատությունն էլ չի կարող լիարժեք լինել՝ առանց հաշվի առնելու այդ հարաբերությունների կարգավիճակն այդ տարբեր ժամանակահատվածներում»: Ինչ վերաբերում է գնահատականին, թե փաստաթղթերի համեմատությունից երեւում է աստիճանական անկումը՝ պրն Թորոսյանն ասաց. «Նման կտրուկ կարծիք՝ Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի հարաբերությունների ամբողջ ժամանակահատվածի վերաբերյալ, կարծում եմ՝ ճիշտ չէ ձեւակերպելը: Եղել են տարբեր ժամանակահատվածներ, եղել են տարբեր հաջողություններ: Սա է իրողությունը: Բայց բնականաբար՝ լիարժեք պատկեր կարելի է ներկայացնել՝ մանրամասն խոսելով թեմայի մասին: Նման կտրուկ գնահատականներ չեմ ընդունում, թե ընդհանրապես՝ սկզբից մինչ հիմա անկում է եղել հարաբերություններում՝ Ղարաբաղի խնդրի հետ կապված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել