ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Առավոտի» հետ զրուցել է արտաքին եւ ներքին քաղաքականության խնդիրների մասին
– Պարոն Աբրահամյան, վերջին ամիսների կարեւորագույն իրադարձությունը ՀՀ նախագահի եւ կոալիցիայի կողմից խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման առկախումն էր։ Ձեր գնահատականը։
– Դա ճիշտ ժամանակին արված, ճշգրիտ հաշվարկված, հավասարակշիռ եւ արժանապատիվ քայլ էր։ ՀՀ նախագահն իր ուղերձում իրավացիորեն նշել է, որ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր քաղաքական նպատակները մնում են ուժի մեջ, եւ մենք կդիտարկենք առաջ շարժվելու հարցը, երբ համոզվենք, որ Թուրքիայում կա համապատասխան մթնոլորտ, եւ երբ Անկարայում կտեսնենք հարաբերությունների կարգավորմանը վերստին պատրաստ առաջնորդություն»։ Եթե վաշինգտոնյան հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետը հայտարարում է, որ իր երկրում արձանագրությունները վավերացնելու համար համապատասխան մթնոլորտ չկա, եթե այդ երկրի առաջին դեմքերը համառ հետեւողականությամբ ողջ այս ընթացքում փորձեցին խեղաթյուրել ցյուրիխյան արձանագրությունների բովանդակությունը, ապա, որպես ԱԺ նախագահ, վստահ ասում եմ, որ հայկական կողմի քայլը ստեղծված իրավիճակում միակ ճշգրիտ եւ արժանապատիվ քայլն էր։ Եվ, ի դեպ, անչափ կարեւոր եմ համարում, որ միջազգային հանրությունը ճիշտ գնահատեց հայկական կողմի կատարած քայլը, ինչը եւս մեկ վկայությունն է այն բանի, որ գործընթացի ողջ ընթացքում հայկական կողմը որեւէ պայմանավորվածություն եւ խաղի կանոն չխախտեց։ Մինչդեռ անցած ողջ ժամանակահատվածում Թուրքիայի քաղաքական վերնախավի կողմից նախապայմանների առաջադրման պակաս չի զգացվել, մեկ տարի շարունակ այդ երկիրն ամեն ինչ արեց ժամանակ ձգելու եւ գործընթացը փակուղի տանելու համար։ Հասկանալի է, որ մեզ համար չէր կարող ընդունելի լինել Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ինքնանպատակ դարձնելը, քանզի մեզ անհրաժեշտ է ոչ թե գործընթացի իմիտացիա, այլ ողջ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հասնելու արդյունավետ գործընթաց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ռեալ երկխոսության եւ համագործակցության միջոցով։ Ես բազմիցս ասել եմ, որ կայուն եւ խաղաղ տարածաշրջան ունենալը որքան մեզ է անհրաժեշտ, նույնքան դրանում պիտի շահագրգիռ լինի Թուրքիան։ Մինչդեռ Թուրքիայի անազնիվ քաղաքականությունը եւ վավերացման գործընթացի մեջ համառորեն նախապայմաններ ներառելու փորձերը գործընթացը տանում են փակուղի։
– Այնուամենայնիվ, Թուրքիայի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ իրենց ելույթներում շարունակում են մշտապես կապել հայ-թուրքական հարաբերությունները եւ ղարաբաղյան խնդրի կարգավորումը։
– Կարծում եմ, Թուրքիայի նույն այդ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս առիթ ունեցել են համոզվելու, որ իրենց ներքին մղումը՝ այդ երկու գործընթացները միմյանցով փոխկապակցել, հենց Թուրքիային է կանգնեցրել փակուղու եւ պատային իրավիճակի առաջ։ Այդ թվում՝ արժանանալով նաեւ միջազգային հանրության արագ ու բավականին կոշտ գնահատականին։ Թե ի՞նչ պարտավորություններ է ստանձնել Թուրքիան իր բարեկամ Ադրբեջանի առաջ, դա բացարձակապես մեր խնդիրը չէ։ Հայաստանն իր պարտավորությունները արձանագրություններն իրագործելու հարցում կատարել է ժամանակին՝ չխախտելով որեւէ պայմանավորվածություն եւ խաղի որեւէ կանոն, դրանով իսկ միջազգային հանրության առաջ հաստատելով իր վստահելի եւ լուրջ գործընկեր լինելը։ Ուստի, թուրքական կողմը պետք է հստակ գիտակցեր, որ հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան կարգավորմամբ պայմանավորելը կտապալի թե մեկը, թե մյուսը։ Ի դեպ, դեպքերի ընթացքը ցույց տվեց, որ մեր որդեգրած մոտեցումը ճիշտ էր։ Դրա վկայությունն է նաեւ այն, որ ՀՀ նախագահի եւ ՀՀ ԱԺ մեծամասնության ապրիլի 22-ի որոշումը՝ առկախել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, ըմբռնումով ընկալվեց գերտերությունների կողմից. թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան արձանագրեցին, որ թուրքական կողմը դեռեւս պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել առանց նախապայմանների։ Այսինքն՝ հստակ արձանագրվեց, որ գործընթացի կասեցման միակ պատասխանատուն Թուրքիան է։
– Նախորդ նախագահական ընտրություններից առաջ Դուք կարծիք եք հայտնել, թե ճիշտ կլիներ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված ընդդիմությունը մասնակցեր խորհրդարանական ընտրություններին եւ ունենալով խորհրդարանում ներկայություն՝ կկարողանար նախագահական ընտրություններից առաջ իր դիրքորոշումներն առավել բարձր հնչեցնել։ Այժմ էլ, հերթական համապետական ընտրությունների դեպքում, նախ ԱԺ ընտրություններ են, այնուհետեւ 2013-ին՝ նախագահական ընտրություններ։ Այս անգամ եւս Դուք պատրա՞ստ եք կրկնել Ձեր այդ պնդումը։
– Միանշանակ։ Ցանկացած քաղաքական ուժ, որը հավակնում է ներկայացնել նախագահի թեկնածու, պետք է ոչ թե խուսափեր դրան նախորդած խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց, այլ անպայմանորեն մասնակցեր, որոշեր ժողովրդի մեջ ունեցած վստահության իր քվեն, որը նաեւ հնարավորություն կտա տվյալ քաղաքական ուժին հղկել թե քաղաքական պայքարի մեթոդները եւ թե հասարակությանն առաջարկվող գաղափարները։ Այնուհետեւ, ունենալով խմբակցություն խորհրդարանում, հասկանալի է, որ տվյալ քաղաքական ուժը ունենում է առավել հեղինակավոր ամբիոն սեփական տեսակետներն ու դիրքորոշումները ընտրողին ներկայացնելու եւ լսելի դարձնելու համար։ Ես մշտապես ասել եւ կրկնում եմ, որ քաղաքական գործընթացները պետք է ընթանան խորհրդարանում, որը պետք է բաց եւ հրապարակային ամբիոն լինի նույնիսկ ամենաարմատական կարծիքների եւ տեսակետների համար։ Եվ այսօր խորհրդարանը հենց նման հարթակ է։ Փողոցն ու հրապարակները, վստահեցնում եմ, քաղաքական պայքարի լավագույն միջոցն ու տեղը չեն։ Ուստի բոլոր քաղաքական ուժերին, որոնք հավակնություն ունեն դերակատարություն ունենալ հայաստանյան քաղաքական դաշտում, խորհուրդ եմ տալիս պատրաստվել 2012-ի խորհրդարանական հերթական ընտրություններին եւ ժողովրդի վստահության քվեից կախված՝ որոշել իրենց տեղն ու դերը քաղաքական դաշտում։
– Դուք հնարավոր համարո՞ւմ եք արտահերթ ընտրությունների հեռանկարը։
– Արտահերթ ընտրությունների համար անհրաժեշտ են լուրջ ներքին, արտաքին քաղաքական նախադրյալներ։ Մեկ կամ մի քանի քաղաքական ուժի ցանկությամբ կամ պատվերով արտահերթ ընտրությունների քաղաքական անհրաժեշտություն չի առաջանում։ Այլապես, եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ապա պետք է պերմանենտ ընտրությունների շրջապտույտի մեջ լինենք։ Որովհետեւ, ցավոք, մեզանում դեռեւս չի արմատավորվել այն մշակույթը, որ ընտրություններում պարտվողը արժանապատվորեն ընդունի իր պարտությունը եւ սեղմի հաղթողի ձեռքը։ Այսօր երկրում ներքաղաքական իրավիճակը կայուն, կանխատեսելի ու կառավարելի է, եւ բոլոր գործընթացները տեղավորվում են կանխատեսելի եւ կայուն քաղաքական զարգացումների շրջանակում։ Վերջին 15 տարիների մեր քաղաքական կյանքի առանձնահատկությունն այն է, որ ընդդիմությունը համառորեն եւ հետեւողականորեն պատրաստվում է արտահերթ գործընթացների, ուստի հերթական ընտրությունների ժամանակ, սպորտային տերմինաբանությամբ ասած, «հանդես է գալիս իր հնարավորություններից ցածր», քանի որ արտահերթ ընտրություններ երազելու ողջ ընթացքում վատնած է լինում իր ռեսուրսի զգալի մասը։
– Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ մոտ ժամանակներս Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը պատրաստվում է անել աննախադեպ միակողմանի զիջումներ, եւ հենց դա կարող է դառնալ իշխանափոխության խթան։ Կմեկնաբանե՞ք:
– Հայրենիքը չի կարող գին ունենալ, եւ ես ցավում եմ, որ ոմանք կարող են նման եզրահանգումներ անել։ Այո, մենք շահագրգիռ ենք ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմամբ եւ բազմիցս նշել ենք այն շրջանակը, որի շուրջ տեսնում ենք հարցի կարգավորումը։ ԼՂՀ միջազգային ճանաչում. սա ենք մենք համարում հակամարտության կարգավորման թիվ մեկ խնդիրը, որից հետո մնացյալ հարցերի շուրջ միշտ պատրաստ ենք բանակցել։
– Պարոն Աբրահամյան, վարչապետ Տիգրան Սարգսյանը պարբերաբար խոսում է օլիգոպոլիաների դեմ պայքարի անհրաժեշտության մասին, եւ որոշ դեպքերում տպավորություն կա, թե խորհրդարանն այդ հարցում հրաժարվում է աջակցել կառավարությանը։
– Ես ինձ համարում եմ պրագմատիկ գործիչ եւ սովոր եմ խոսել ոչ թե ենթադրություններով, այլ կոնկրետ փաստերով։ Ես չգիտեմ, թե ո՞ւմ մոտ է նման տպավորություն ստեղծվել, բայց ես բազմիցս ասել եմ, որ որպես ԱԺ նախագահ՝ պատրաստ եմ աջակցել կառավարությանը մենաշնորհների դեմ պայքարում։ Թող կառավարությունը մատնանշի օրենսդրական այն բացերը, որոնք նպաստում են մենաշնորհների պահպանմանը, կոռուպցիոն ռիսկերին եւ խոչընդոտում են տնտեսության զարգացմանը, ու միասին քննարկենք դրանք։ Եթե կառավարությունը գտնում է, որ այժմ գործող օրենսդրական գործիքները բավարար չեն մեր տնտեսության զարգացումը խոչընդոտող երեւույթների դեմ պայքարելու համար, որպես օրենսդիր մարմնի ղեկավար՝ ես երաշխավորում եմ, որ ցանկացած ողջամիտ նախաձեռնություն կստանա Ազգային ժողովի աջակցությունը։
– ԵԽԽՎ-ին ուղղված նամակներում Դուք երբեմն ստիպված եք լինում հանդես գալ արդարացողի դերում՝ փորձելով բացատրել Վեհաժողովին Երեւանում տեղի ունեցած այս կամ այն միջադեպի մանրամասները։ Դուք անկե՞ղծ եք այդ բացատրություններում։
– Ասեմ, որ իմ ցանկացած հայտարարություն կամ պնդում միշտ անկեղծ է։ Եվ որպես ԵԽ անդամ երկրի խորհրդարանի ղեկավար՝ ես պարտավոր եմ ներկայացնել օբյեկտիվ իրավիճակն ու տալ դրա օբյեկտիվ գնահատականը, որը բնավ արդարացում չէ։ Ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը. ասել, որ մեր երկրում մարդու իրավունքների, ժողովրդավարության, խոսքի ազատության հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, իհարկե, անկեղծ եւ արժանահավատ չի լինի։ Խնդիրներ, բնականաբար կան, ինչը բնորոշ է կայացող ժողովրդավարության բոլոր երկրներին։ Կարեւորը, սակայն, իմ գնահատմամբ, կամքն է՝ լուծելու դեռեւս առկա խնդիրները։ Իսկ որ այդ կամքը կա՝ ես դա երաշխավորում եմ։ Պարզապես անհրաժեշտ է մեր բոլորի ամենօրյա հետեւողական ու ջանադիր աշխատանքը հանուն ավելի լավ ու ավելի ժողովրդավար երկիր ունենալու, այլ ոչ թե առաջնորդվել ամեն ինչ մերժելու ծայրահեղ մարտավարությամբ։ Իր աշխատանքը խորհրդարանը կատարում է՝ բարելավելով մեր օրենսդրությունը, այն համահունչ դարձնելով ժողովրդավարության կանոններին եւ նորմերին, եւ ահա այդ համատեքստում մենք սերտ համագործակցում ենք Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մեր գործընկերների հետ։
– Ձեր մի արտահայտությունը, թե քաղաքական գործիչ դառնալու համար երբեմն առանձնապես մեծ խելք պետք չի լինում, բուռն քննարկումների պատճառ դարձավ։ Սպասո՞ւմ էիք նման արձագանքի։
– Ես ուրախ եմ, որ այն, ինչի մասին խոսեցի, նման արձագանքի եւ քննարկումների առիթ դարձավ։ Թերեւս որեւէ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ շատ դեպքերում խորհրդարանում հայտնվում են մարդիկ, որոնք կուսակցությունների համամասնական ցուցակներում են ընդգրկվել պատահաբար կամ որեւէ այլ պատճառով։ Սակայն նրանց ունակությունները բացարձակապես չեն բավարարում քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար։ Եվ, կրկնում եմ, մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հաջորդ խորհրդարանական ընտրություններում մեր ցուցակները զերծ լինեն այնպիսի մարդկանցից, որոնք իրենք էլ չգիտեն, թե ինչի համար են խորհրդարանում։ Իսկապես ուրախ եմ, որ իմ այդ խոսքը շատերին մտորելու տեղիք է տվել։ Իսկ երբ մարդիկ սկսում են մտորել, գալիս է նաեւ հետեւություններ անելու ժամանակը։ Ուզում եմ վստահ լինել, որ ճիշտ հետեւություններ կարվեն, քանզի ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով։
– Երբեմն խոսվում է, որ Ձեր եւ ՀՀ նախագահի հարաբերությունները որոշակիորեն սրված են։
– Ես Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի անդամ եմ, Հանրապետական կուսակցության քաղաքական հանձնաժողովի նախագահը։ Եվ միասնաբար մենք մեկ ընդհանուր գործ ենք անում՝ հանուն ավելի լավ ու ավելի հզոր Հայաստանի։ Ես հասկանում եմ, որ ոմանց հանգիստ չի տալիս ՀՀ նախագահ եւ ԱԺ նախագահ աշխատանքային ու մարդկային ջերմ հարաբերությունները։ Սակայն դա է իրականությունը, եւ որքան շուտ նման լուրեր շրջանառողները հաշտվեն այդ իրողության հետ, այնքան լավ իրենց իսկ հոգեկան հանգստության համար։
– Պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ Դուք դավադրություն եք կազմակերպում, որը նպատակ ունի Ռոբերտ Քոչարյանին վերադարձնել իշխանության։ Դուք կարծես թե այդ լուրերը չեք հերքել։
– Գիտեք, երբեմն ինձ մոտ այն տպավորությունն է, որ նույնաբովանդակ նյութերը կարծես պատճենահանված լինեն՝ շրջելով մեկ թերթից մյուսը։ Երեւի թե դրանց պատվիրատուների ստեղծագործական ջիղը դավադրությունների ծիծաղելի տեսություններ հորինելուց այն կողմ չի անցնում։ Ես իմ ժամանակը շատ թանկ եմ գնահատում նման անհեթեթությունների պատասխանելու համար։
– Մամուլում մի քանի անգամ հրապարակվել է Ազգային ժողովի շենք հիշեցնող մի կիսակառույցի լուսանկար։ Ճի՞շտ են ասում, որ դա Ձեր տունն է լինելու։
– Այո, այդ տունը կառուցում եմ իմ մեծ ընտանիքի համար, եւ, ի դեպ, այն կարծիքին չեմ, որ այն նման է Ազգային ժողովի շենքին։ Դա դասական ճարտարապետական ոճով կառուցվող տուն է։