Հայտնի է միայն, որ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպելու է ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի, նաեւ «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների» հետ: Ընդդիմության հետ հանդիպման մասին՝ ոչ մի խոսք. իշխանությունը դրա մասին հոգ է տարել:
Հուլիսի 1-ին մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Արեւելյան Եվրոպա եւ Հարավային Կովկաս հնգօրյա այցելությունների շարքը: Ըստ այցելությունների օրակարգի, նախատեսվում է, որ պետքարտուղարը Երեւան կայցելի Բաքվից, հուլիսի 4-ի երեկոյան եւ Հայաստանից Վրաստան կմեկնի հուլիսի 5-ին: Երեւանում Միացյալ Նահանգների պետքարտուղարը, բացի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումներից ու նրանց հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը քննարկելուց, կհանդիպի, ինչպես ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Ֆիլիպ Գորդոնն է ասել նախօրեին, նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ու կքննարկի մարդու իրավունքների, ժողովրդավարացման, մամուլի ազատության հետ կապված հարցեր: Ինչպես տեսնում ենք, պետքարտուղարի երեւանյան հանդիպումների օրակարգում խորհրդարանական կամ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպման մասին ոչինչ ասված չէ: Սա այն դեպքում, երբ Երեւանում քննարկվելիք կարեւորագույն խնդիրների, այդ թվում՝ ԼՂ հարցի, հայ-թուրքական հարաբերությունների, նաեւ ժողովրդավարության վերաբերյալ իշխանությունների ու հայաստանյան ընդդիմության դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են միմյանցից, եւ հասարակական տրամադրություններն էլ հիշյալ խնդիրների շուրջ ակնհայտորեն ավելի հակված են հենց ընդդիմության դիրքորոշումներին:
«Առավոտը» երեկ փորձեց ճշտել՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օրակարգում նախատեսվա՞ծ են արդյոք հանդիպումներ հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչների հետ: Պարզվեց՝ նրա այցի օրակարգը՝ ներառյալ նախատեսվող հանդիպումների ժամանակացույցը, խիստ գաղտնի է պահվում՝ ճիշտ այնպես, ինչպես Երեւանում նրա կեցության վայրը: Մեր հարցադրմանն ի պատասխան՝ ԱՄՆ դեսպանությունից փոխանցեցին, թե իրենք պետքարտուղարի հանդիպումների մասին ոչինչ չեն կարող հրապարակել եւ ավելացնելու բան, քան հայտարարել է ԱԳՆ-ն, չունեն:
Բանն այն է, որ «Առավոտի» աղբյուրների ասելով, Քլինթոնի այցի օրակարգը ՀՀ իշխանություններին ներկայացնելուց հետո դրա առնչությամբ «բազարներ» ու փոխադարձ առարկություններ են եղել: Այսպես, այսօր դեռեւս հայտնի չէ, թե պետքարտուղար Քլինթոնն արդյոք այցելելո՞ւ է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: Մյուս կողմից՝ իշխանությունները, մեր տեղեկություններով, փորձել են դիվանագիտական խողովակներով առարկել Քլինթոնի՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության հետ հնարավոր հանդիպմանը՝ դրանք ոչ այնքան նպատակահարմար համարելով եւ փաստարկելով, թե երեւանյան այցելության շրջանակներում քննարկման առանցքային համարվող հարցերի լուծումը՝ ԼՂ հակամարտության կարգավորում, հայ-թուրքական հարաբերություններ, բացառապես իշխանությունների «պազիցիան» է: Արդյունքում, որքան հասկացանք նաեւ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներին հարցուփորձ անելուց հետո, «ջրվել» են ընդհանրապես քաղաքական որեւէ, այդ թվում՝ իշխանական ուժի հետ հանդիպելու ծրագրերը:
ԱԳՆ-ում մեր հարցին, թե Քլինթոնի օրակարգում ընդդիմության հետ հանդիպում նախատեսվա՞ծ է, պատասխանեցին, թե իրենք չէ, որ ձեւավորել են Միացյալ Նահանգների պետքարտուղարի հանդիպումների ցանկը, բայցեւ կարծիք հայտնեցին, թե «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ» հայտարարված հանդիպումների շրջանակներում նա, գուցեեւ, հանդիպի նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Այդուամենայնիվ, մենք փորձեցինք ճշտել, թե խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը Քլինթոնի հետ հանդիպելու հրավեր ստացե՞լ է, թե՞ ոչ: Պարզվեց, որ ո՛չ Հայ ազգային կոնգրեսում, ո՛չ խորհրդարանական ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցություններում նույնիսկ «քաղաքացիական հասարակության ներկայացուցչի» կարգավիճակով տիկին Քլինթոնի հետ հանդիպման որեւէ հրավեր չեն ստացել: «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե կուսակցությունը Քլինթոնի հետ հանդիպման հրավեր որեւէ մեկի կողմից չի ստացել ու չի էլ կարծում, թե խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման հրավեր կլինի. «Եթե լիներ՝ կիմանայինք»:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, թե Կոնգրեսը, նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը, ամերիկյան կողմից Քլինթոնի հետ հանդիպման հրավեր չեն ստացել (գոնե, երեկվա դրությամբ), ու հայտնի չէ՝ նման հանդիպում կլինի՞, թե՞ ոչ: Այդուամենայնիվ, նա շեշտեց, որ նման հանդիպման դեպքում ՀԱԿ-ը, որը հասարակության շրջանում քաղաքական որեւէ ուժից ավելի մեծ վստահություն է վայելում, ասելիքներ, իհարկե, ունի: Նրա ասելով, հնարավոր հանդիպման պարագայում Կոնգրեսի ներկայացուցիչները շահագրգիռ են քննարկել ե՛ւ ԼՂ հիմնախնդրին, ե՛ւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր, նաեւ բարձրացնել Հայաստանում ժողովրդավարությանը՝ մարդու իրավունքներին, խոսքի ազատությանը, երկրում քաղբանտարկյալներին առնչվող հարցեր: