Շունն առաջին կենդանին է, որին ընտելացրել է դեռ նախնադարյան մարդը քարի դարում (մ.թ.ա. 10-15 հազար տարի առաջ): Շան հավատարմության, քաջության, անձնազոհության մասին բոլորն էլ գիտեն (իհարկե, չպետք է մոռանալ, որ շունը գազան է եւ կարող է հարձակվել, կծել, պատառոտել, տարբեր վարակիչ ու ճիճվային հիվանդություններ փոխանցել…):
Ներկա ժամանակներում մեր հանրապետությունում խիստ բարձրացել է հետաքրքրությունը շների տարբեր ցեղատեսակների նկատմամբ: Մի կողմ թողնենք այն «շնասերներին», որոնք պահում են շներին միայն «մոդայի» համար, էլ չեմ ասում նրանց, որոնք ոչ թե շուն են պահում, այլ չարչարում են խեղճերին: Այժմ աշխարհում հաշվվում է շների 325-340 ցեղատեսակ, որոնք էլ բաժանվում են 4 խմբի՝ ծառայողական, սպորտա-ծառայողական, որսորդական եւ դեկորատիվ-սենյակային: Յուրաքանչյուր ցեղատեսակ ունի իր առավելությունները եւ դժվարությունները, բացասական եւ դրական կողմերը, պահման, խնամքի ու վարժեցման նրբությունները, իր ցեղային եւ անհատական «բնավորությունը»:
Նախքան ընտրելը՝ ինչ ցեղատեսակի շուն պետք է պահել, անհրաժեշտ է իմանալ, որ վերցնում եք շատ մեծ պատասխանատվություն:
Պետք է լավ ծանոթանալ տվյալ ցեղատեսակի բոլոր առանձնահատկություններին: Վերջնականապես հաշվի առեք ձեր բոլոր հնարավորությունները (ժամանակը, ֆինանսները, տարածքը, ընտանիքի բոլոր անդամների համաձայնությունը): Եթե այս պահանջներից որեւէ մեկը չեք կարող բավարարել, ավելի լավ է շուն ձեռք բերելը հետաձգել: Շանը նվազագույնը օրը երկու անգամ՝ առավոտյան եւ երեկոյան, պետք է հանել զբոսանքի: Նա դրսում կհոգա իր բոլոր բնական կարիքները: Դրսում է կատարվում նաեւ շան վարժեցումը (թեկուզ տարրական հրամանները): Շունը մսակեր կենդանի է: Նրա կերաբաժնում պետք է լինի միս: Կերաբաժինը պետք է հարուստ լինի վիտամիններով, հանքային նյութերով: Այժմ բազմաթիվ այդպիսի խտացված կերեր են վաճառվում: Լիարժեք կերակրումը ֆինանսական ծախսեր է պահանջում: Ոչ այնքան քիչ ֆինանսական ծախսեր են պահանջում նաեւ անասնաբուժական ծառայությունները (կանխարգելիչ պատվաստումներ, ճիճվաթափություն, միջոցառումներ տարբեր պարազիտների դեմ՝ ոջիլ, լու, տիզ, բժշկական կոսմետիկ միջամտություններ, մազերի խուզում եւ այլն): Նա, ով որոշել է շուն պահել, անպայման պետք է մտածի, թե ֆինանսն արդյո՞ք բավարար է, որպեսզի կատարվեն վերը թվարկված բոլոր միջոցառումները: Սրանք հետաձգել չի կարելի եւ պարտադիր են: Այս դեպքում դուք կունենաք առողջ շուն: Իսկ հիվանդ շները կարող են վարակի աղբյուր հանդիսանալ մարդկանց համար՝ խիստ վտանգավոր կատաղություն, էխինակոկ եւ այլն: Պետք է շատ զգույշ լինել: