Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՆ՝ ԸՆԴԴԵՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ, ԳՈՒՄԱՐԱԾ ԱՖՐԻԿԱՆ

Հուլիս 01,2010 00:00

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկամսյա մրցավազքը երկօրյա դադար է վերցրել

\"\"

Քառորդ եզրափակիչ անցած ութ ազգային հավաքականները (չորսը՝ Հարավային Ամերիկայից, երեքը՝ Եվրոպայից, մեկը՝ Աֆրիկայից) վերականգնում են ուժերը, նախապատրաստվում առաջիկա ավելի դաժան ու անզիջում ճակատամարտերին: Հաջողակների ութնյակը վերջինը համալրեցին Պարագվայն ու Իսպանիան, որոնք էլ կազմեցին չորրորդ զույգը: Հարավամերիկացիները միայն 11 մետրանոց հարվածաշարով պայքարից դուրս թողեցին Ասիայի վերջին ներկայացուցչին՝ Ճապոնիային (5:4), իսկ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան, շնորհիվ Դավիթ Վիլյայի՝ 63-րդ րոպեին խփած միակ գոլի, առավելության հասավ հարեւանի՝ Պորտուգալիայի նկատմամբ:
Թե պայքարը շարունակող հավաքականները, թե ֆուտբոլասերները հույս են փայփայում, որ գոնե այս երկու օրերին ՖԻՖԱ-ն կկարողանա ասպարեզում մնացած մրցավարների տեսողությունը լավացնելու ինչ-որ «դեղամիջոց» գտնել, որպեսզի անհամեմատ ավելի պատասխանատու այս ու հաջորդ փուլերում ճակատագրեր կործանող վրիպումներ թույլ չտրվեն, եւ պայքարը շարունակեն իսկապես արժանիները:
Ֆուտբոլում կանխագուշակություններ անելն անչափ դժվար է: Սակայն 1/8 եզրափակչում ցույց տված խաղերի արդյունքներով գալիք հանդիպումների ելքերի մասին դատողություններ, կարծում ենք, կարելի է անել:
Հոլանդիա-Բրազիլիա: Այս երկու հավաքականներն էլ, սկսած խմբային մրցաշարից, խաղամակարդակով մեկ գլուխ բարձր էին մրցակիցներից: Այնպես որ, քառորդ եզրափակչում նրանց հայտնվելը միանգամայն օրինաչափ է: Եթե հոլանդացիներն արդեն հասել են իրենց լավագույն մարզավիճակին, բրազիլացիները, մասնագետների համոզմամբ, դեռեւս չեն բացահայտել իրենց իսկական կարողությունները՝ դրանք հետաձգելով այս եւ հաջորդ փուլեր: Այնպես որ, այս առումով աշխարհի հնգակի չեմպիոնի հնարավորությունները գերադասելի են թվում:
Ուրուգվայ-Գանա: Աշխարհի առաջնության խմբային մրցաշարի մեկնարկից առաջ Ուրուգվայը համարվում էր փլեյ-օֆ անցնելուն հավակնող երկու թիմերից մեկը: Այլ խնդիր է, որ ֆավորիտը՝ Ֆրանսիան, խայտառակ ձեւով ձախողվեց: Անկախ դրանից, ուրուգվայցիները կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը եւ արդեն 1/8-ում հանդիպեցին Հարավային Կորեայի հետ: Այդ խաղում հարավամերիկացիների 2:1 հաշվով տարած հաղթանակը ոչ ոք կասկածի տակ չի առնում:
Գանան հենց մեկնարկում հանդիպումը սերբերից շահելով՝ հետագայում պայքարը շարունակելու լուրջ հայտ ներկայացրեց ու խմբում արժանիորեն գրավեց 2-րդ տեղը: Իսկ հաջորդ փուլում հավասար պայքարում մեծ դժվարությամբ հաղթելով Ամերիկային՝ անցավ քառորդ եզրափակիչ: Սակայն Ուրուգվայի խաղամակարդակը, այնուամենայնիվ, ավելի բարձր է, ինչից ենթադրում ենք, որ աֆրիկացիներն այս փուլից հետո հրաժեշտ կտան մրցաշարին:
Պարագվայ-Իսպանիա: Եվրոպայի չեմպիոնին աշխարհի գավաթը նվաճելու ճանապարհի քառորդ եզրափակչում համեմատաբար նպատակահարմար մրցակից է բաժին ընկել: Իսկ եթե Իսպանիան կարողացավ վերջին խաղում առավելության հասնել այս առաջնությունում Պարագվայի հետ խաղամակարդակով մոտավորապես նույն հարթության վրա գտնվող Պորտուգալիայի նկատմամբ, այս արգելքը հաղթահարելու ավելի մեծ շանսեր ունի: Մանավանդ որ, Պարագվայը Ճապոնիայի հետ խաղում քառորդ եզրափակիչ մտավ միայն 11 մետրանոց հարվածաշարում՝ ասիացիների թույլ տված միակ անհաջող հարվածի շնորհիվ:
Արգենտինա-Գերմանիա: Այ, սա այն զույգն է, որտեղ ոչինչ ասել չես կարող: Դիեգո Մարադոնայի գլխավորած թիմի անդամների ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս Եվրոպայի գրանդ ակումբներում ու ավելի շատ ներկայացնում է հենց եվրոպական ֆուտբոլը՝ համեմված հարավամերիկյան ֆուտբոլին բնորոշ ֆանտաստիկ տեխնիկայով: Արգենտինայի թիմում խաղում են համաշխարհային առաջին մեծության աստղեր: Բայց արդյո՞ք դա բավարար կլինի գերմանական մեքենայի դեմն առնելու համար: Գերմանիան անասելի արագ ու ֆիզիկապես հրաշալի պատրաստված ֆուտբոլիստներով է համալրված, որոնց դեմ պայքարելը ծանր, գրեթե անլուծելի զբաղմունք է թվում: Գլխավոր մարզիչ Իոհակիմ Լյովին հաջողվել է հիանալիորեն ներդաշնակել փորձառությունն ու երիտասարդությունը, ստեղծել անխոցելի մի թիմ, որը կոլեկտիվ խաղի հիանալի օրինակ է ցույց տալիս ՀԱՀ-ում: Այնպես որ, հնարավորությունները գնահատում ենք 50-50:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել