Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հուշարձանը չի՛ ավերվում

Հուլիս 01,2010 00:00

Ինչո՞ւ է մեզանում ամենը գռեհկաբանության արժանանում

Ցավ ապրեցի՝ ընթերցելով «Առավոտի» 25.06.2010թ. տպագրված «Կաթողիկոսական» եւ «ախպերական» օբյեկտներ» հոդվածը: Ծանոթ լինելով ձեռնարկի մանրամասներին եւ չցանկանալով չարաշահել ընթերցողի համբերությունը՝ հոդվածից դատելով կարող եմ հետեւեցնել, որ հեղինակ Գոհար Հակոբյանը դեմ է, որ Գեղարդավանքում կառուցվի ուխտավորների կացարան կամ, իր լեզվով՝ հյուրանոց, ինչպես Մայր աթոռի Հաղարծին եւ Հաղպատ վանքերի պարագային է, ինչպես ամբողջ աշխարհում է ընդունված: Այդ կեցվածքը փաստարկվում է նաեւ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով: Ցավալի է, որ պարոն Մինասյանը, իբրեւ Մայր աթոռի ճարտարապետական խորհրդի անդամ, ով քաջ ծանոթ է խնդրին եւ գիտի Վեհափառ հայրապետի եւ Մայր աթոռի կեցվածքը, կարող է իրեն նման արտահայտություն թույլ տալ, թե «հաստատ դա հետագայում այլ բանի է վերածվելու»:
Թվում է, թե հոդվածագիրը դեմ է վանականների համար հավելյալ սենյակների շինարարությանը, որպեսզի հնարավոր լինի Գեղարդավանքում լիարժեք վանական կյանք կազմակերպել: Նա դեմ է սեղանատան եւ վաճառասրահների կառուցմանը, որպեսզի վերանա ներկայիս գնչուական վիճակը եւ սրբավայրի շրջակայքի համընդհանուր աղտոտումը: Հարկ չի նկատում նաեւ պետքարանների, որոնց բացակայության մասին այդքան խոսվել է «Առավոտի» էջերում…
Ի՞նչ է կատարվում պատմամշակութային հուշարձաններն այլանդակելու հաշվին: Գեղարդավանքն իր բազում կառույցներով ոչ օբյեկտ է, եւ ոչ էլ «կոնսերվացված» պատմամշակութային հուշարձան, այլ գործող վանք է՝ իր կարիքներով, որ կարելին անում է արդյունավետ սպասավորություն իրականացնելու այսօր եւ անհրաժեշտն ապահովելու իր ամենօրյա հազարավոր այցելու-ուխտավորների համար: Ինչ վերաբերում է հիշատակված ձեռնարկին, ապա տուրիստական զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջադրանք էր տվել ճարտարապետներին, նախագիծ մշակելու՝ վանքապատկան տարածքում վաճառասրահների եւ պետքարանների կառուցման համար: Ողջունելով առաջարկը, Մայր աթոռը հարմար նկատեց, որ պատրաստվի ընդհանուր նախագիծ՝ հեռանկարային ծրագրով, ուր նկատի կառնվեն բոլոր հնարավորությունները՝ հետագային, միջոցների առկայության պարագային վանքին անհրաժեշտ այլ շինություններ եւս ճիշտ տեղակայելու եւ կառուցելու: Համագործակցաբար Մայր աթոռի ճարտարապետական բաժնի հետ նախագիծը կազմվեց, սակայն Ամենայն հայոց հայրապետի թելադրանքով ներկայացվեց ի քննություն ՀՀ մշակույթի նախարարության պատմական հուշարձանների պահպանության հանձնաժողովի՝ սրբավայրի տեսքն անխաթար պահպանելու նպատակով: Ահա այն, ինչ քննության է առնվել հիշյալ հանձնաժողովում:
Ակամա մտաբերում եմ մեր Տիրոջ խոսքը. «Եվ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ. Ը 32):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել