Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սիրո, փափկասուն զավակի եւ մայրական էգոիզմի մասին

Հուլիս 01,2010 00:00

Կամ պրեմիերա՝ «6 ճաշատեսակ մեկ հավից»

\"\"
Ե. Եսայանը՝ մայրիկի դերում:

«Առավոտը» տեղեկացրել էր «6 ճաշատեսակ մեկ հավից» ներկայացման առաջնախաղի մասին՝ ըստ Գ. Սլուցկիի: Այն օրերս հանձնվեց հանդիսականի դատին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «փոքր» բեմում: Ներկայացման բեմադրիչը թատրոնի դերասանուհի Իրա Հարությունյանն է, ով նաեւ երաժշտական եւ զգեստների ձեւավորման հեղինակն է: Իրան աշխատել էր նկարիչ Արթուր Հարությունյանի հետ, արդյունքն էլ հաջող էր: Գ. Սլուցկիի պիեսը լավ ընդունվեց՝ դահլիճում անընդհատ փռթկոցներ էին ու ծափեր: Զգալի աշխատանք էր տարվել կերպարային լուծումների առումով: Միայն մեկ բացթողում կար՝ ո՛չ ռեժիսորի մեղքով. դերասաններից մի քանիսի, մեղմ ասած, վատ ռուսերենը ուղղակի ականջ էր ծակում: Սկսնակ դերասանուհի Լիլյա Մուկուչյանին (Իլոնա), օրինակ, վերապահված էր վառ կերպար կերտել, սակայն նրա հերոսուհին՝ Մարմնավաճառը, համոզիչ չէր՝ խոսքի անհաջող մատուցման պատճառով:
Անչափ համակրելի էին ստացվել ներկայացման գլխավոր հերոսները՝ Մայրիկն ու Որդին: Խոսքը դերասաններ Ելենա Եսայանի եւ Յուրի Իգիթխանյանի մասին է: Ե. Եսայանը կարծես մադամ Գրիցացուեւան լիներ «12 աթոռ» հայտնի կինոֆիլմից: Նրա կարգախոսն ասես լիներ՝ «Առաջ միայն կրծքով», եւ դա զավեշտալի էր ու գրոտեսկային: Ափսոս, նրա խոսքն էլ տեղ-տեղ հղկված չէր:
«Առավոտի» տեղեկություններով, Ե. Եսայանի փոխարեն դերաբաշխման ժամանակ նշանակված է եղել թատրոնի վետերաններից Վալտեր Մկրտիչեւը, ով մեկ ամիս մասնակցել է այս ներկայացման փորձերին: Այնուհետեւ, ինչ-ինչ պատճառներով, դերասանի փոփոխություն է տեղի ունեցել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալ. Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ սխալ դերաբաշխում է կատարված եղել, ու իրենք առանց կոնֆլիկտի ստիպված են եղել փոխել դերասանին: Ալ. Գրիգորյանը նաեւ նշեց, որ մեր օրերում տղամարդը կնոջ շորերով՝ այլեւս հետաքրքիր չէ. «Պետք է խոստովանեմ, որ երբ հայկական հեռուստատեսությամբ տեսնում եմ կնոջ «կերպարանափոխված» տղամարդ, մեջս հակակրանք է առաջանում»:
Նշենք, որ ներկայացման առաջնախաղին դերասան Վ. Մկրտիչեւը չերեւաց: Հեռախոսազրույցում դերասանը հաստատեց, որ իր եւ բեմադրիչ Իրա Հարությունյանի միջեւ որեւէ տարաձայնություն չի եղել: Նաեւ հայտնեց, որ ամենայն լրջությամբ է մոտեցել վստահված դերին, անգամ «դնովի» կուրծք, եղունգներ, կեղծամ է գնել, բայց…
Դերասան Յուրի Իգիթխանյանի խաղը այս ներկայացման հաջողություններից մեկն էր: Մանկան անմիջականություն ունեցող մայրիկի կրնկի տակ ապրող տղան անչափ համակրելի էր: Ըստ սյուժեի, նրա մայրը ծանոթությունների ծառայություն է հիմնում իր «փամփուսիկի» համար հարսնացու գտնելու ակնկալիքով: Ստացված էին հարսնացուների կերպարները նույնպես, որոնց մեջ կարելի է առանձնացնել Իրային (Անահիտ Գաբրիելյան): Նա մի քիչ հիստերիկ բիզնես լեդի էր, որը նախընտրում էր սեքսը՝ զգեստապահարանի հետեւում: Երիտասարդ դերասանուհի Ելենա Վարդանյանը (Մարինա) աղանդավորի էր մարմնավորել, զգացվում էր, որ նա մեծ պոտենցիալ ունի՝ հետագայում «աճելու»: Դերասանուհիներ Նառա Թումասյանը եւ Լուսինե Ղազարյանը հարսնացուներ են, բայց «նշանակված» նույն դերի վրա: Առաջինի հերոսուհին զգացմունքային է, դրամատիկ, հուզառատ, Լ. Ղազարյանինը՝ ճիշտ հակառակը, ինքնավստահ եւ համարձակ:
Ներկայացումը երջանիկ ավարտ ունի՝ որդու ապագայով տարված մայրիկը նորապսակներին հանգիստ է թողնում, բայց պայմանով, որ հարսիկը՝ «քաղաքացի Իվանովան», որը նախկինում էլ իր որդու կինն է եղել, վերջապես սովորի մեկ հավից 6 ճաշատեսակ պատրաստել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել