Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՈՐԴԻՍ ԱՄԵՆԱՄԵԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՍ Է»

Հուլիս 01,2010 00:00

Ասում է ֆրանսաբնակ օպերային երգչուհի Սուսաննա Բագամյանը

Երկարատեւ ընդմիջումից հետո «Արամ Խաչատրյան» համերգասրահում երեկ հանդիսատեսին ներկայացավ Ազգային օպերային թատրոնի երբեմնի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, ներկայումս ֆրանսաբնակ Սուսաննա Բագամյանը:
«Առավոտը» 2003թ. առաջին անգամ ներկայացրեց երգչուհուն, երբ նա Սանկտ Պետերբուրգում անցկացվող Ե. Օբրազցովայի անվան վոկալիստների 3-րդ միջազգային մրցույթում արժանացավ դափնեկրի կոչման: 2004-ին Սամարայի օպերային թատրոնում նա հանդես է եկել Աիդայի դերերգով, ելույթներ է ունեցել Ռուսաստանի եւ Եվրոպայի մի շարք քաղաքներում, 2000-2005թթ. դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում, միաժամանակ հանդիսանալով Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի: Օպերային արվեստի երկրպագուները նրան մինչ օրս հիշում են Լեոնորայի դերերգով՝ Վերդիի «Տրուբադուր» եւ Զեմֆիրայի՝ Ռախմանինովի «Ալեկո» օպերայում: 2005թ. Սուսաննան ամուսնացել է պոլսահայ բիզնեսմեն Մարտիրոս Արմագանի հետ ու իր ապրելավայրն ու բեմական կյանքը կապել Ֆրանսիայի հետ:
Համերգից առաջ «Առավոտի» հետ զրույցում Ս. Բագամյանն ասաց, որ 2005-ին Նիցցա տեղափոխվելու առաջին օրերին տեղի հայ համայնքը «զբաղվել» է իրենով՝ կազմակերպելով երգչուհու առաջին մենահամերգը: Այնուհետեւ պայմանագրային կարգով մենահամերգներ է ունեցել Մոնակոյում, Կաննում եւ Անտիբում: Ժամանակին Նիցցայի օպերային թատրոնում հաջողությամբ ունկնդրում է անցել, սակայն թատրոնի տնօրինության փոփոխությունից հետո ստիպված երկրորդ անգամ էլ է մասնակցել ունկնդրմանը: «2008թ. Անտիբում մասնակցել եմ «Երիտասարդ վիրտուոզ կատարողների» փառատոնին, հանդես եկել մեներգիչների թվում՝ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի կատարմանը: Այս տարվա դեկտեմբերի 11-ին էլ նույն փառատոնի կազմակերպիչներից հրավեր եմ ստացել Նիցցայում կայանալիք մենահամերգին, որի հասույթը փոխանցվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը»,- հայտնեց երգչուհին, հավելելով, որ հայրենիքից դուրս ստեղծագործելու պահերին մշտապես հիշում է դեռեւս ուսանողական տարիների իր կոնցերտմայստեր Լեւոն Ջավադյանին: Սուսաննան այսօր համագործակցում է Նիցցայի եւ Մոնակոյի օպերային թատրոնների գլխավոր կոնցերտմայստերների հետ: Երեւանյան այս համերգի առիթով էլ իր շնորհակալական խոսքը հայտնեց եւ Լ. Ջավադյանին, եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդ. Թոփչյանին: Իր խոսքերով՝ յոթերորդ երկնքում է, որ այս համերգին բեմ է դուրս եկել երբեմնի իր կոլեգաներ, Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Գեւորգ Հակոբյանի եւ Հովհաննես Այվազյանի, կոնցերտմայստեր Լ. Ջավադյանի հետ: Երբ հարցրինք, թե ո՞րն է Ֆրանսիայում իր ամենամեծ ստեղծագործական ձեռքբերումը, Սուսաննան առանց երկմտելու ասաց. «Որդուս՝ Րաֆֆիի լույս աշխարհ գալը: Նա է իմ ամենամեծ ստեղծագործությունը»:
Լ. Ջավադյանին էլ, որը Երեւանի եւ Տալլինի կոնսերվատորիաներն ավարտելուց հետո ուսանել է Հելսինկիի Սիբելիուսի անվան երաժշտական ակադեմիայում՝ ստանալով ոչ միայն մենակատար դաշնակահարի, այլեւ 0pera coach-ի (օպերային երգիչների «մարզիչ») որակավորում, հարցրինք՝ ափսոս չե՞ն այն տարիները, որ դուք տրամադրում եք հայ օպերային երգիչներին, որոնցից շատերը այսօր զարդարում են արեւմուտքի օպերային թատրոնները, դաշնակահարն ասաց. «Լավ երաժիշտը սեփականություն չէ, ինչպես, օրինակ, Վերդին չի կարող լինել միայն իտալացիներինը: Ողբերգություն չէ, միեւնույն է, դրսում ստեղծագործող ցանկացած հայ երգիչ նախ մերն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել