Մոլդովայի կոմունիստների խորհրդարանական խմբակցությունը չորեքշաբթի օրը տեղի ունեցած նիստում առաջարկել է Մոլդովայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միխայ Գիմպուին ազատել զբաղեցրած՝ երկրի խորհրդարանի նախագահի պաշտոնից, բայց խմբակցության առաջարկը խորհրդարանի պատգամավորների մեծամասնության կողմից հավանության չի արժանացել: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի փոխանցմամբ, դիմելով իր գործընկերներին, Կոմունիստական կուսակցության խմբակցության պատգամավոր Վլադիմիր Մունտյանը կոչ էր արել պաշտպանել այդ առաջարկն ու քվեարկել՝ նախաձեռնությունը խորհրդարանի օրակարգ մտցնելու համար, բայց պատգամավորների մեծամասնությունը դա չէր արել, ու որպես բողոքի նշան՝ կոմունիստները լքել էին խորհրդարանի նիստերի դահլիճը: Այդուհանդերձ, կոմունիստների պահանջի հետ համաձայնել էր «Միասնական Մոլդովա» կուսակցությունը: «Մենք պահանջում ենք Գիմպուի հրաժարականը, որովհետեւ նա խախտել է Սահմանադրությունն ու գերազանցել է նախագահական լիազորությունները, հրամանագիր ստորագրելով՝ հունիսի 28-ը «Սովետական օկուպացիայի օր» հայտարարելով: Մի մարդ, որը համարում է, որ Մոլդովայի Հանրապետություն պետությունը ձեւավորվել է անօրինականորեն, չի կարող պետական պաշտոններ զբաղեցնել»,- հայտարարել է կուսակցության անդամ, պատգամավոր Վլադիմիր Ցուրկանը:
Մոլդովայի նախկին նախագահ, Կոմկուսի առաջնորդ Վորոնինը հայտարարել է կուսակցության այդ նախաձեռնության մասին այն բանից հետո, երբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գիմպուն հրաժարվեց չեղյալ համարել «Սովետական օկուպացիայի օր» հայտարարելու մասին իր հրամանագիրը, որը, ի դեպ, հրաժարվել են կատարել Մոլդովայի մի քանի բնակավայրերի, մասնավորապես՝ Բելցախի ու Գագաուզիայի ինքնավար-տարածքային միավորման բնակչությունը: Հիշեցնենք, որ հրամանագրի համաձայն, այսուհետեւ հունիսի 28-ին երկրի տարածքում իջեցվելու են պետական դրոշները, իսկ ժամը 10-ին տեղի է ունենալու «լռության րոպե»: Նախկինում այդ օրը Մոլդովան տոնել է «Ռումինիայից ազատագրվելու օրը»:
Ներկայացնելով իր ստորագրած հրամանագիրը, Գիմպուն Խորհրդային Միության իրավահաջորդ Ռուսաստանին միաժամանակ կոչ էր արել «անհապաղ, փուլերով եւ արագ կարգով դուրս բերել իր զորքերն ու սպառազինությունները Մոլդովայի Հանրապետության տարածքից»: