Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաբանության թեստերն էլ պակաս անհաջող չէին

Հուլիս 01,2010 00:00

Սակայն դրանց մասին չեն խոսում

Արդեն ավանդույթ է դարձել անդրադառնալ շտապ կազմված անորակ քննական թեստերին: Չգիտես ինչու, այդ բանավեճերը շրջանցում են կենսաբանություն առարկան: Մի՞թե մեր հանրապետության կենսաբաններին չի հետաքրքրում, թե ինչո՞ւ է վերջին տարիներին բուհերի քիմիա-կենսաբանության ֆակուլտետներում նվազում դիմորդների թիվը, եւ միշտ թափուր տեղեր են մնում:
Այս հարցերին սրտացավորեն է մոտենում բնագավառի մասնագետներից մեկը՝ ԱԱ մանրէակենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Նարինե Վարդանյանը, որը որպես կրկնուսույց տասնյակ դիմորդների հետ է պարապել: Նա սիրով համաձայնեց անդրադառնալ կենսաբանության թեստերի թերություններին, քանզի մոտիկից ծանոթ է այդ առարկայի դասագրքերի, ծրագրերի եւ ուղեցույցի մեջ առկա բոլոր նրբություններին:
Ես կփորձեմ համառոտակի ներկայացնել Նարինե Վարդանյանի դիտարկումները, որոնք, համոզված եմ, առիթ կհանդիսանան թերթի էջերում շահագրգիռ բանավեճ ծավալելու այս հարցի շուրջ: Որպես ընդհանուր թերություն նշենք, որ հարցերի ձեւակերպումներից շատերը լեզվական առումով սխալ են, խճճված, երկարաշունչ: Նաեւ Ա տարբերակի հարցերը շատ բարդ են միջին գիտելիքի տեր աշակերտի համար: Բերենք օրինակներ. 18-րդ հարցի պատասխանը ենթադրում է, որ մաշկամկանային զգայությունների եւ գրելու կենտրոնները գտնվում են գագաթային բլթում, մինչդեռ դասագրքում գրված է, որ գտնվում են ճակատային բլթում: Հարցի պատասխանը ենթադրում է մեխանիկական հիշողություն:
25-րդ հարցը մասնագիտական եւ լեզվական առումով սխալ է ձեւակերպված, եւ բոլոր պատասխաններն էլ առնչվում են ֆոտոսինթեզի պրոցեսի հետ, սակայն, չգիտես ինչու, ընտրվում է 3-րդ տարբերակը:
35-րդ հարց՝ պարզվում է, որ միտոզի կենսաբանական նշանակությունը բջիջների թվի մեծացումն է եւ ոչ թե ժառանգական նյութի հավասարաչափ բաշխումը: Հավելենք, որ Ա տարբերակում ներառված խնդիրները նույնպես բարդ են, բազմահարց, եւ դրանք կարող է լուծել միայն կրկնուսույցի մոտ պարապած աշակերտը:
Խնդրի գնահատման համակարգը սկզբունքորեն ճիշտ չէ: Եթե նախկինում խնդիրները գնահատվում էին ըստ բարդության՝ 1 կամ 2 միավորով, ապա հիմա դրանք անհարկի բարդացված են եւ գնահատվում են 0,5 միավոր: Հետեւաբար, այդ հարցերը լուրջ վերանայման կարիք ունեն: Բացի դրանից, սնման շղթաներին վերաբերող խնդիրները զուտ մաթեմատիկական բնույթի են եւ նույնիսկ կենսաբանական գիտելիքներ չեն պահանջում: Ուստի դրանց ընդգրկումը Ա տարբերակում նպատակահարմար չէ:
59 հարց՝ զիգոտին վերաբերող պնդումները շփոթության մեջ են գցում աշակերտին, եւ տանջալից փնտրտուքներից չի կարող ելք գտնել միջնակարգ դպրոցի աշակերտը, մանավանդ, եթե հաշվի առնենք պարթենոգենեզի վերաբերյալ նրա սահմանափակ դասագրքային գիտելիքները: Թեստերում առկա են որոշ վրիպակներ, որոնք կամ լեզվի վատ իմացության, կամ սխալ թարգմանության արդյունք են: Օրինակ՝ «ճնշումը անոթի պատերի վրա» պետք է լինի՝ պատերին, կորիզակի փոխարեն օգտագործվել է կորիզը եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել