Նման բովանդակությամբ պաստառներ էին կրում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առաջ ցույց անող երիտասարդ դաշնակցականները:
Երեկ ՀՅԴ երիտասարդական միությունը եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ բողոքի ցույց արեցին՝ ընդդեմ ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարության եւ Ադրբեջանի սադրիչ քաղաքականության:
Ցույցը, ի հիշատակ ադրբեջանական դիվերսիային զոհ գնացած հայ զինվորների, սկսվեց քայլերթով՝ Հաղթանակի զբոսայգու՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանների եւ Արցախյան ազատամարտի հերոսների թանգարանի մոտից: ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը ասաց, որ բողոքի ցույցով ցանկանում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջոցով իրենց ձայնը հասցնել գլխավոր գրասենյակին: «Ադրբեջանի՝ նման ագրեսոր եւ ստոր արարքներից հետո, Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարությունները մի նժարի վրա են դնում հայկական եւ ադրբեջանական կողմին, որը մեզ համար անընդունելի է: Ադրբեջանի ագրեսիվ արարքներին նրանք վերջ չեն դնում եւ պատժամիջոցներ չեն կիրառում: Սրանից Ադրբեջանը առիթավորվում է, շարունակում իր ստորությունները»,- ասաց նա:
Երիտասարդ դաշնակցականներն ու ուսանողները կոչերով, «Ագրեսոր Ադրբեջանը պետք է պատժվի» եւ այլ բովանդակությամբ պաստառներով Հաղթանակ զբոսայգուց քայլեցին դեպի Սունդուկյան փողոց, երթն էլ ավարտվեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ:
Նրանց դիմավորեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի քաղաքական հարցերի բաժնի պատասխանատու Գ. Միխալսկին, որը ցուցարարներին հորդորեց դադարեցնել ցույցը՝ ներս հրավիրելով կազմակերպիչներին:
Երիտասարդ դաշնակցականները նրան փոխանցեցին իրենց հայտարարությունը, ըստ որի՝ «1994 թվականից մինչ օրս Ադրբեջանը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը եւ ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել: Մեծ հարգանք տածելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նկատմամբ, ցանկանում ենք ընդգծել, որ Ադրբեջանի ագրեսիվ գործելաոճի մեջ մեղավոր են նաեւ այն երկրները, որոնք համապատասխան քայլեր չեն իրականացնում՝ սանձելու խաղաղ բանակցություններին հակասող ադրբեջանական քայլերը: Խաղաղության ջատագով ԱՄՆ-ն, Ռուսաստանի Դաշնությունն ու Ֆրանսիան պետք է վերանայեն իրենց հայտարարությունն ու անպատասխան չթողնեն Ադրբեջանի սադրիչ դրսեւորումները»:
Ցույցի ակտիվիստ Ա. Ղազարյանը ցանկացավ ընթերցել ԵԱՀԿ ՄԽ-ին ուղղված հայտարարությունը, ինչը Գ. Միխալսկին մերժեց։
Ա. Ղազարյանի խոսքով՝ «Ճիշտ է, հայտարարությունը թույլ չտվեցին կարդալ, բայց ինձ, որպես միության անդամ, հրավիրեցին ներս: Մեկնաբանություններս լսելուց հետո հուսադրեցին, որ մեր հայտարարությունը անմիջապես կուղարկեն ԵԱՀԿ-ի կենտրոնական գրասենյակի քարտուղարություն, որտեղ լիազորություններ ունեն՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների վրա ինչ-որ ձեւով ազդելու»:
Ա. Ղազարյանը հույս հայտնեց, որ հայտարարությունը կհասնի գլխավոր գրասենյակ ու հավելեց, որ կարող էին նաեւ առանձին-առանձին դեսպանատների առջեւ ցույց անել, բայց հետո որոշեցին, որ ամենաճիշտ տարբերակը անմիջապես ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին դիմելն է: