Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԿԱՊՐԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Հուլիս 01,2010 00:00

Սփյուռքահայ պատանիների տպավորությունները

Երեկ ավարտվեց Լոս Անջելեսի Մարի եւ Ալեք Մանուկյանների անվան դպրոցի 34 սաների հայաստանյան երկշաբաթյա ուղեւորությունը: Մինչ ԱՄՆ մեկնելը նրանք իրենց տպավորությունների մասին պատմեցին «Առավոտին»: Դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Աննա Հակոբյան-Յարալեանը մեզ հետ զրույցում նշեց. «Մեր դպրոցում ուսումը 14-ամյա է. 4-18 տարեկան երեխաները սովորում են նախադպրոցական, միջին եւ ավագ դասարաններում: Մանուկյանների անվան դպրոցը ԱՄՆ-ի Լոս Անջելեսի ամենամեծ հայկական դպրոցն է, ունի շուրջ 850 աշակերտ: Այս տարի էլ նշվելու է դպրոցի 35-ամյակը: Արդեն 10-ից ավելի տարիներ 11-րդ դասարանցիների համար ամենամյա այցեր ենք կազմակերպում Հայաստան: Այս տարի աշակերտներից մեկը ֆինանսական խնդիրների պատճառով չէր կարող մեզ հետ գալ, սակայն «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի աջակցությամբ նա էլ եկավ»:
Դպրոցի հոգեբան Րաֆֆի Գահուէճեանի հետ էլ զրուցեցինք այն խնդիրների մասին, որոնք առաջանում են ԱՄՆ-ում այս տարիքի պատանիների դաստիարակության ժամանակ: «Հայաստան գալուց հետո շատերի մեջ ցանկություն է առաջանում գալ եւ բնակվել այստեղ: Օրինակ՝ 4-5 տարի առաջ Հայաստան բերած իմ աշակերտներից ոմանք հիմա այստեղ են եւ զբաղվում են օգտակար գործերով… Ամերիկայում արժեքներն այլ են, այս երեխաների ծնողներից որոշներն այնտեղ են ծնվել, ուստի մտածողությունն է այլ: Նույնիսկ հայ ընտանիքներում ամուսնալուծությունների թիվը մեծացել է, կան խառն ամուսնություններ: Մեր դպրոցը փորձում է գոնե ամեն աշակերտի այն հիմքը տալ, որի վրա նա կկարողանա կերտել իր ինքնությունը»,- ասում է պարոն Գահուէճեանը:
Լոս Անջելեսի Մանուկյան դպրոցի աշակերտների հետ անցկացրած շուրջ մեկուկես ժամվա ընթացքում զգացինք, որ նրանք Հայաստանում իրենց անկաշկանդ են զգում, ուրախ էին եւ մարդամոտ, այնքան մարդամոտ, որ ամեն անգամ ինձ տեսնելով ժպտում էին ու «hi» ասում: Նրանց մեծամասնությունն ավելի ազատ շփվում էր անգլերեն, սակայն կային աշակերտներ, որոնք ավելի գրագետ էին խոսում արեւմտահայերեն, քան Հայաստանում բնակվող որոշ երիտասարդներ՝ արեւելահայերեն: Աշակերտուհիներից Սիլվան, որ առաջին անգամ է Հայաստանում, մեզ հետ զրույցում ասաց. «Հայաստանն իմ հայրենիքն է ու պետք է սիրել այն, մինչդեռ ես չգիտեի, թե այդ երկիրն ինչ է իրենից ներկայացնում: Այժմ իմ հոգում եղած երկիրը վերածվեց իրական հայրենիքի: Անպայման վերադառնալու եմ, եթե առիթ էլ ունենամ այստեղ սովորելու՝ կօգտագործեմ»:
Քրիսթինի ծնողները ծնվել են Թեհրանում, հետո տեղափոխվել ԱՄՆ: Նա էլ ծնվել ու մեծացել է Ամերիկայում: Աշակերտուհին մեզ պատմեց. «Ամբողջ կյանքում սովորել ենք Արարատ լեռան, Էջմիածնի, Սեւանա լճի մասին, բայց դրանք այլ են, երբ քո աչքերով ես տեսնում: Հասկանում ես, որ դա քո հայրենիքն է, այն երկիրը, որտեղից գալիս են քո նախահայրերը… այստեղ մարդիկ ջերմ են, մարդամոտ, օտարի հետ միանգամից զրույցի են բռնվում: Մյուս ամառ անպայման վերադառնալու եմ Համահայկական խաղերի առիթով»:
Միքայելը 34 աշակերտներից միակն է, որ դեռ մեկուկես ամիս էլ կանցկացնի Հայաստանում: Նա կանցնի քաղաքականության ոլորտում իր ինտերնշիպը (մասնագիտական փորձի ձեռքբերում): Միքայելը «Առավոտին» ասաց. «2-րդ անգամ եմ գալիս Հայաստան: 4 տարի առաջ, երբ եկա, փոքր էի, հիմա ավելի շատ բան եմ հասկանում: Հայաստան գալով՝ ավելի շատ ենք սիրում մեր հայ լինելը, մեր վանքերն ու հուշարձանները տեսնելով՝ հպարտանում ենք մեր պատմությամբ ու մեր մշակույթով»:
Կարոն էլ նկատեց. «Այստեղ բոլորը մի տեսակ ինձ նման են, իսկ Ամերիկայում ոնց որ դու քո տեղում չլինես… Եթե առիթ լինի՝ հաստատ կապրեմ Հայաստանում»:
Շփման ընթացքում զգացինք, որ ամերիկահայ պատանիների հայաստանյան տպավորությունները խամրեցրել են նրանց հագուկապի եւ պահվածքի հետ կապված անցանկալի ռեպլիկները, որոշ հարցերում նրանց նկատմամբ ոչ սրտացավ վերաբերմունքը: Այս մասին Աննա Հակոբյան-Յարալեանն ասաց. «Կուզեինք, որ այստեղի ժողովուրդը այս երեխաներին նայեր որպես տեղացիների, Հայաստանը հավասարապես նրանց հայրենիքն է, չէ՞ որ նրանք իրենց մեղքով չեն այնտեղ, նույնիսկ Մատենադարանի գիդն էր տպավորված երեխաների գիտելիքներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել