Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե լինեին փող եւ կովեր…

Հուլիս 01,2010 00:00

«Նունե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը
Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում անասնաբուծությամբ զբաղվելու ցանկություն՝ ունի, հնարավորություն՝ ոչ:

Ծնունդով շիրակցի Սամվել Խաչատրյանը «Նունե» ՍՊԸ-ի տնօրենն է եւ 2009 թվականի աշնանից փորձում է գումարներ հայթայթել Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Զարիշատ եւ Երիզակ համայնքների մոտ գտնվող կիսաքանդ եւ կիսավեր անասնապահական ֆերման նորոգելու եւ աշխատեցնելու համար: Ընկերությունը մշակել է «Խոշոր եղջերավոր անասնաբուծության զարգացման» եւ «Հացահատիկային բույսերի եւ բանջարաբոստանային կուլտուրաների զարգացման» 2010-2013 թվականների բիզնես-ծրագիր:
Մեզ հետ զրույցում Սամվել Խաչատրյանն ասաց, որ խորհրդային տարիներին այս համայնքներում ապրում էին ադրբեջանցիներ, պահում էին 16 հազար կով, արտադրում տարեկան 6 900 տոննա կաթ, 1000 տոննա պանիր: Գումարած՝ միս, կաշի: Սամվել Խաչատրյանի խոսքով, հողի սեփականաշնորհումից հետո Զարիշատ եւ Երիզակ համայնքներին հարակից մոտ 4 հազար հեկտար հողը չի օգտագործվում, Զարիշատում հազիվ 100 մարդ է բնակվում, Երիզակում բնակչություն չկա, անցած 20 տարում նշված տարածաշրջանում վարուցանք չի կատարվել: «Այս համայնքները բարձրլեռնային գոտում են, ուր գյուղատնտեսության զարգացման համար բավականին նպաստավոր պայմաններ կան: Մենք ուզում ենք վարձակալել կիսավեր ու թալանվող ֆերման, ուր մոտ 500 միլիոն դրամի շինություններ դեռ կան, եւ չօգտագործվող 4000 հեկտար տարածքը: Մեր ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է դրամաշնորհային կարգով ձեռք բերել 200 կով, 400 ոչխար, երկու տրակտոր, մեկ խոտհնձիչ մեքենա, մեկ հացավորող մեքենա, մեկ կարտոֆիլացան մեքենա, գյուղգործիքներ: Գումարած մոտ 10 միլիոն դրամ՝ ֆերմայի շենքերը նորոգելու եւ տեսքի բերելու համար»,- հայտարարեց Սամվել Խաչատրյանը:
«Նունե» ընկերության տնօրենը հավաստիացնում է, որ ծրագրի իրականացման դեպքում կստեղծվի 70 աշխատատեղ, դատարկված Երիզակ գյուղը կվերաբնակեցվի, ծրագրի մեկնարկից 10 տարի անց 200 գլուխ կովը կդառնա 5000 գլուխ, նպաստավոր պայմաններ կստեղծվեն Գյումրիի մսի կոմբինատի վերագործարկման համար: Ամասիայի տարածաշրջանը եւ Զարիշատ գյուղը ընդգրկված են ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի թիվ 706-Ն որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական ծրագրում»:
Սամվել Խաչատրյանը դիմել է տարբեր պետական կառույցների՝ ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման նախարարություններ, ՀՀ գյուղնախարարության «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության» ԾԻԳ, նաեւ ՀՀ վարչապետին: Վարչապետը չի պատասխանել: Անվարձահատույց գյուղտեխնիկա տրամադրելու «Նունեի» խնդրանքին ի պատասխան, պետական կառույցներն ասել են, որ դա կարող է հնարավոր դառնալ, եթե օտար երկրների դրամաշնորհային ծրագրերով նոր գյուղտեխնիկա ներկրվի Հայաստան: Իսկ գումարի մասով էլ գյուղնախարարության «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության» ԾԻԳ-ից պատասխանել են, որ դրամաշնորհային ծրագրերը ավարտվել են, վարկի համար էլ հարկ է դիմել այն հինգ բանկերից մեկին, որոնք աշխատում են «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության» ծրագրի հետ: Սամվել Խաչատրյանը բանկերին չի դիմել: Նա Հանրային խորհրդի անդամ է եւ դիմել է Հանրային խորհրդին: ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ ՀՀ վարչապետին ուղղված նամակով տեղեկացրել է, որ ՀԽ գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովը քննարկել է «Նունե» ընկերության ծրագիրը եւ «գտնում է, որ հաշվարկները իրատեսական են»:
Դիմելով մեզ, «Նունե» ընկերության կոլեկտիվը ՀՀ նախագահից խնդրում է ուշադրություն դարձնել այս խնդրին եւ քայլեր ձեռնարկել գյուղատնտեսությունը զարգացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել