1992 թվականի ռազմական գործողությունների ժամանակ Տավուշի մարզի Նոյեմբերյան շրջանի սահմանակից Ղազախի շրջանի Յուխարա Աքսիբարա (թարգմանաբար՝ Վերին Ոսկեպար) գյուղի բնակիչները հեռացան իրենց տներից: Գյուղը անկլավի նման գտնվում էր հայկական տարածքում, հայկական հինավուրց Ոսկեպարի կողքին, սակայն համարվում էր Ադրբեջանի մաս: Ներկայումս այստեղ պահպանվում են բնակիչների հին, նաեւ՝ արաբատառ շիրմաքարերով գերեզմանները: Նույն գյուղի տարածքում պահպանվում է Վահրամյան իշխանական տոհմին պատկանող 12-րդ դարի դիտակետը: Թշնամիների արշավանքների ժամանակ այս դիտակետից հայելիներով տարբեր տեղեկություններ եւ ազդանշաններ են ուղարկել դեպի Գագա դաշտ, այժմ Ադրբեջանի տարածք համարվող Գվարզին (հնում՝ Գավազան) սարի դիտակետին: Ադրբեջանցիներն այդ սարի անունը փոքր-ինչ ձեւափոխելով՝ այն Գյոազան են կոչում: Աքսիբարա անունն էլ ծագել է հայկական Ոսկեպար տեղանունից: 12-րդ դարի դիտակետի կողքին նաեւ հին բաղնիք կա: Մոտ 200 տարի առաջ խաշնարած ադրբեջանցիները վրաններ են խփել այս գեղատեսիլ վայրում, բնակատեղ հիմնել: Խորհրդային շրջանում այստեղ ադրբեջանական պիոներական ամառային ճամբար էր գործում: