Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ, ԿՈՇԻԿՆ Ու CNN-Ը

Հուլիս 01,2010 00:00

5500 տարվա պատմություն ունեցող հնագույն կոշիկը Արենիի քարանձավներից պեղվել է 2008-ին, սակայն դրա մասին բարձրաձայնվում է միայն 2 տարի անց: Այս կապակցությամբ NEWS.am-ը Հայաստանի ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է այդ մասին միայն 2 տարի անց խոսվում, ինչին վերջինս արձագանքեց. «Թեեւ կոշիկը Արենիի քարանձավներից պեղվել է 2008-ին, սակայն գտածոյի երաշխավորված թվագրության տվյալները ստացվել են միայն 2009-ին, հետեւաբար դրա մասին հայտարարելու իրավունք ինձ վերապահել եմ միայն 2010-ի ապրիլի 16-ին»: Նրա խոսքով, ընթացիկ տարվա ապրիլին արած իր համապատասխան հայտարարությունից հետո վաղեմի գտածոյի մասին հոդված է տպվել հայկական մամուլում: «Մենք ժամանակին ենք հայտնել հնագույն նմուշի մասին, պարզապես արտասահմանյան մամուլում աղմուկն ավելի մեծ ստացվեց»,- նկատեց ակադեմիկոսը: NEWS.am-ի թղթակցի մյուս դիտարկմանը, թե արեւմտյան, մասնավորապես՝ ամերիկյան լրատվամիջոցները 5500 տարվա վաղեմություն ունեցող գտածոյի հայտնաբերումը վերագրում են ամերիկա-իռլանդական եւ ոչ հայկական արշավախմբին, վրդովմունք առաջացրեց քննարկմանը ներկա ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի մոտ, ով նշեց, որ «CNN-ի հայտարարությունը որոշ հայ լրագրողների համար կարծես Աստծո հայտնագործություն լինի»: Պավել Ավետիսյանի դիտարկմամբ էլ, դա թյուրիմացության հետեւանք է: «Ինչ-որ մեկը կարող է ինչ-որ բան հայտարարել, դա չի նշանակում, որ մենք պետք է ընկնենք ամեն հայտարարության հետեւից: Ավելի լավ, թող աշխարհն արձագանքի, իսկ մենք էլ լսողի դերում լինենք»,- նշեց նա: Անդրադառնալով կոշիկի պահպանման հեղինակային իրավունքներին՝ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենը նկատեց, որ կոշիկը հայտնաբերվել է աշխատանքային պրոցեսի ընթացքում, ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված կարգով գտածոյի առաջին օգտագործման իրավունքը պատկանում է արշավախմբի ղեկավարին, այս դեպքում՝ Բորիս Գասպարյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել