Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՊԱՆԻ ՋՈՒՐԸ ԽՄԵԼՈՒ ՉԷ

Հուլիս 01,2010 00:00

\"\"Կապանցիները պնդում են, որ «Հայջրմուղկոյուղին» իրենց պղտոր ջուր է մատակարարում, ընկերությունը՝ համաձայն չէ:

Դեռեւս 2009թ. սեպտեմբերի 9-ին «Լվացքի ջո՞ւր են խմում» հրապարակմամբ  անդրադարձանք Սյունիքի մարզկենտրոն Կապանի խմելու ջրի հիմնահարցին: Մինչ օրս «Առավոտում» այս թեմայով մոտ մեկ տասնյակ հրապարակում է եղել: Օրինակ, տեղեկացրել ենք, որ, բնապահպանական հ/կ-ների կարծիքով, «խմելու ջրի համար նախատեսված կուտակման ավազանի սանիտարական գոտին կահավորված չէ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջներով»:
Այսօր էլ Կապանի բնակչությանը անորակ ջուր է մատակարարվում: Երեկ վաղ առավոտից կապանցիների շրջանում խուճապ էր, ամեն մեկը իր ծանոթին րոպե առաջ փորձում էր տեղեկացնել, որ տան ծորակների ջուրը առանց եռացնելու չօգտագործեն: Պարզվում է, Կապանի խմելու ջրի նմուշներում սահմանված նորմայից շեղումներ են արձանագրվել դեռ օրեր առաջ, սակայն բնակչության մեծ մասը միայն երեկ է տեղեկացել դրա մասին: «Մի քանի օր է՝ մեր ջրերը նորմալ չէին տալիս, ամեն օր ժամը 12-ին ջուր էր գալիս, իսկ երեկ ու էսօր ժամագրաֆիկը խախտված էր: Բացի դա, նկատել էի, որ ջրի գույնն էլ առաջվանը չէր, ինչ-որ պղտորություն ու գունավորում կար մեջը, բայց  մենք չգիտեինք, որ էդ ջուրը առանց եռացնելու խմելն անվտանգ չէ, էսօր բարեկամս զանգեց, տեղյակ պահեց այդ մասին»,- ասում է նման իրավիճակում հայտնված կապանցին:
Փորձեցինք «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասից պարզաբանում ստանալ: Տեղամասի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սարգսյանը անմիջապես հերքեց լուրերը, թե ծորակներից եկող ջուրն անվտանգ չէ, եւ նշեց, որ դրանք զրպարտանք են: «Կարող եմ վստահեցնել, որ մեր մատակարարած ջուրը սանիտարական նորմային լրիվ համապատասխանում է, եւ բնակիչներն առանց եռացնելու էլ կարող են խմել այն: Մաքրման կայանը աշխատում է, քլորացվում է ջուրը, բարեբախտաբար վթարներ չեն եղել, ուստի ես չեմ հասկանում՝ բնակչության շրջանում ինչո՞ւ է նման խուճապ առաջացել: Ես նույնպես այդ ջրից օգտագործում եմ, սանէպիդկայանի տեղական կառույցի կողմից էլ ամենօրյա հսկողություն է իրականացվում, եթե ինչ-որ թերացում լիներ՝ անմիջապես մեզ կասեին դրա մասին: Եթե մեզ չեք հավատում, կարող եք ինքներդ դա ճշտել»,- նշեց զրուցակիցս եւ մեզ էլ նորից խորհուրդ տվեց առանց մտահոգվելու խմել ծորակի ջրից:
Իսկ ահա Հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանը փոխանցեց, որ արդեն մի քանի օր է՝ խմելու ջրի նմուշներում շեղումներ են արձանագրվել, հիվանդության դեպքեր չկան, բայց վտանգ կա: «Ուստի մենք կանխարգելիչ աշխատանքներ ենք կատարում` բնակչությանը խորհուրդ տալով ջուրը խմել միայն եռացնելուց հետո: Ամբողջ խնդիրն այն է, որ մինչ այս՝ ջուրը վարակազերծվում էր հեղուկ քլորով, սակայն 3 օր է՝ արդեն հեղուկ քլորի փոխարեն քլորակրի հաբերով է ջուրը վարակազերծվում, քանի որ հանրապետությունում հեղուկ քլոր չկա, իսկ քլորակրով լավ արդյունք չի տալիս վարակազերծման պրոցեսը»,- ասաց տիկին Մալինցյանը: Նրա խոսքով, հեղուկ քլորը Հայաստան կներկրվի մոտ 3-5 օրից: Իսկ մինչ այդ, բնակիչները պետք է պահպանեն անվտանգության կանոնները՝ աղիքային ինֆեկցիոն վարակներից խուսափելու համար:
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանից էլ տեղեկացանք, որ վերջին օրերին ջրից թունավորումների դեպքեր չեն գրանցվել:
Հիշեցնենք, որ սա «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասում առաջին դեպքը չէր, երբ կապանցիներին նորմայից շեղված ջուր է մատուցվում: Գարնանը ողջ քաղաքին հողագույն ու խմելու համար անպիտան ջուր էր մատակարարվում, պատասխանատուները պնդում էին, թե անորակ ջրի մատակարարման պատճառը առատ ձնհալքն է եւ անընդհատ տեղացող անձրեւները. ջրի քանակը կտրուկ ավելացել է, եւ ֆիլտրերը չեն հասցնում մեծ քանակությամբ ջուրը լիարժեք մաքրել: Իր մեղքը ընդունելով հանդերձ, «Հայջրմուղկոյուղին» կապանցիներին որեւէ փոխհատուցում չտվեց («Առավոտ», 20. 03.2010՝ «Կապանցիներին չեն փոխհատուցի»):
Մեր զրուցակից կապանցիները մեկ հարց ունեին «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղին` վերջապես ե՞րբ եք ձեր պարտավորությունները լիարժեք կատարելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել