Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախագահի հորդորները «հեչ» են արել

Հուլիս 01,2010 00:00

Ամենաթողության իրական պատկերը

«Առավոտի» հունվարի 16-ի «Արատավոր ընդօրինակում» հոդվածում Ռոլանդ Ավետիսյանի հրապարակած փաստերը՝ Պտղնի համայնքում հողի 1քմ-ը 3,4 դրամով նախկին հողօգտագործողներին մինչեւ 12 հա չափերով օտարման ու Երեւանում 86934 քմ տարածքը շուկայական գնից տասնյակ անգամ էժան, աննպատակ պատահական գնորդի վաճառելը՝ նախկին հողօգտագործողների իրավունքների ոտնահարման գնով, ինձ համար զարմանալի էր ու հույսով սպասում էի, թե այդ պնդումները հիմնավորված հերքում կստանան: Սակայն ամիսների լռությունը կարծես  հաստատում է «լռությունը համաձայնության նշան է» իմաստուն ասացվածքը, ուստի հարկ եմ համարում մի երկու նկատառումներով անդրադարձ կատարել այդ հրապարակմանը:
Հոդվածում բարձրացվում են բավականին տագնապահարույց հարցեր, հողի հիմնապաշարի վատնում ու փոշիացում, քաղաքացիների իրավունքների զանգվածային ու բացահայտ խախտում, երկրիս օրենքների սահմանած դրույթների անտեսում, արդար աշխատանքի արժեզրկում եւ դրան հետեւող հիասթափություն ու հավատի կորուստ:
Զարմանալի է, որ դարերով կռիվ տալով հայրենի մի թիզ հողի համար ու միշտ կորցնելով, վերջապես արյան գնով սկսել էինք հողը ետ բերել, եւ այդ պայքարում հանդիսատեսի կարգավիճակ ունեցող պաշտոնյաները իրենց ամենակարողի կեցվածք տալով՝ կարող են այն այդպես կամայականորեն տիրապետել ու թեթեւ ձեռքով արժեզրկել:
Ժողովրդական արժեքների դավանող ու անշեղորեն այդ սկզբունքները ամրապնդող  մեր հասարակության համար պակաս մտահոգիչ չէ նաեւ հողի հետ բարեխիղճ ու օրինականացված իրավունքներով աշխատող տարեց հողօգտագործողների (նրանք էլ երկրապահության այդ ուղին են ընտրել) իրավունքների ոտնահարումը: Պարզվում է, որ Հողային օրենսգրքի հոդվածագրի թվարկած հոդվածներից բացի, խախտվել են նաեւ Քաղաքացիական օրենսգրքի 187 ու 278 հոդվածներով սահմանված դրույթները, հետեւաբար՝ նաեւ Քրեական օրենսգրքի դրույթները:
Համոզված եմ, այդպիսի կամայական ու տարբերակված մոտեցումները խաթարում են մեր քաղաքացիների հավատը կառավարող բարձրագույն ատյանների նկատմամբ, իսկ այդ հավատը հույժ կարեւոր բաղադրիչ է երկրի անվտանգության ու պաշտպանության համակարգի համար:
Զարմանալի է, որ այդ ամենն իրականացվել է 2007թ. օգոստոսի 3-ի՝ գործող վարչապետ, ներկայիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տրված թիվ 02290 հանձնարարականից հետո, որտեղ հստակ հորդոր ու պահանջ կա ապահովել օրինականությունն ու արդարացի փոխհատուցման գործընթացները: Մի՞թե պաշտոնյաներին բավարար չեն նույնիսկ նախագահի հորդորներն ու պահանջները: Համոզված եմ, որ նախագահի սկզբունքային անդրադարձը արծարծված հարցին՝ թերացող պաշտոնյաներին դառն հիշողություններ կպարգեւի: Ցավոք, հոդվածագիրը նկարագրելով իրողությունը, նրա ընթացքը դադարեցվել է 2009թ. մարտ ամսով, առանց վերջնական հանգուցալուծման: Հավատացած եմ, որ այն կավարտվի օրենքի դրույթների գերակայությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել