Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Ստեփան Ծաղիկյանի գումարի բռնագանձման եւ վնասների հատուցման պահանջների մասին հայցադիմումի քննությունը: Սլավոնական համալսարանի դասախոս Ստ. Ծաղիկյանի հայցն ընդդեմ Հայաստանի պետական պատկերասրահի աշխատող Կամո Բադալյանի է:
Դատաքննության ժամանակ վիճարկվել է՝ Ա. Դեյնեկայի եւ Պ. Կոնչալովսկու վրձնի՞ն են պատկանում Բադալյանի կողմից 2004թ.-ին Ծաղիկյանին վաճառված գեղանկարները, թե՝ ոչ հարցը:
Խոսենք դատական գործընթացի արդյունքում դատավոր Ս.Ղազարյանի կայացրած դատական ակտի՝ վճռի մասին, բաց թողնելով դատավարության մանրամասները, քանի որ այն բողոքարկվելու է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում:
Դատարանը վճռել է՝ Ստ. Ծաղիկյանի օգտին Բադալյանից պետք է բռնագանձվի 5600 ՀՀ դրամ գումար: Մինչդեռ, «Հանուն Հայաստանի Հանրապետության» կայացրած վճռում պետք է հօգուտ հայցվորի բռնագանձվեր 5600 ԱՄՆ դոլար: Պատասխանող Կամո Բադալյանի հասցեն գրված է սխալ՝ Արաբկիր 17 փողոց, 16 տան փոխարեն գրված է 17 փողոց, 6 տուն: «Հայցվոր» բառը վճռում ընդհանրապես գրված է վիրավորական «հյացվոր» (7 անգամ), իսկ պատասխանող Կամո Բադալյանն էլ դարձել է 2 անգամ «Կոմո» Բադալյան: Այսինքն, փոխվել է անձի անունը: Մի անձի, որից պետք է բռնագանձում կատարի ԴԱՀԿ-ն: Ո՞վ պիտի ապացուցի, թե Կոմո-ն նույն ինքը Կամոն է. ԴԱՀԿ-ն, թե՞ դատարանը…
Ի դեպ, հայցվոր Ծաղիկյանը 1 անգամ դարձել է «Ծազիկյան», ինչը նշանակում է, որ գործ ունենք այլ հայցվորի հետ:
Գեղանկարները, որոնք դատամշակութաբանական փորձաքննության են ենթարկվել Ռուսաստանի Դաշնության «Արտքոնսալթինգ» ՍՊԸ-ում, վճռում դարձել է ընդամենը անանուն «ՓԲԸ»: «Պետական տուրք» բառակապակցությունն ավելի կենսունակ է. այն շարադրվել է «Պետքական տուրք», «տույժ» բառը՝ «տույժանք», «փաստացի» բառը՝ «փաքստացի»:
Այն տպավորությունն ես ստանում, թե այս դատարանում «կեղծ» բառն առաջին անգամ են լսել: Այն վճռում մի քանի անգամ օգտագործվել է «կեցծ» ձեւով: Ինչո՞ւ ենք շեշտում այս սխալները: Միայն մի նպատակով, որպեսզի ցույց տանք, թե վճիռները, որոնք կայացվում են մեր դատարաններում, ինչու չեն կարող հարգանքի արժանանալ, կատարվել: Իսկ վճռի գլուխգործոցն էլ հետեւյալ նախադասությունն է. «Բացի այդ, համաձայն ՀՀ քաղ. օր-ի 417 հոդվածի, կողմը պարտավորությունը չկատարելու, անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առկայության դեպքում»:
Պատրաստ ենք տպագրել հատվածներ արդարադատական, իրավապահ մարմինների պաշտոնական փաստաթղթերից: