ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի հետաքննության գծով տեսուչ Վահե Մանուկյանը: Նա մեղադրվում է շորթմամբ կաշառք ստանալու մեջ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Մանուկյանը նյութեր է նախապատրաստել քաղաքացի Կ. Աբրահամյանի կողմից Գ. Հակոբյանին ծեծելու դեպքի առթիվ: Այդ ժամանակահատվածում վերջիններս միմյանց հետ հաշտվել են, ինչը նշանակում էր, որ գործող օրենսդրության համաձայն, նյութերով պետք է մերժվեր քրեական գործի հարուցումը: Սակայն Վ. Մանուկյանը, Կ. Աբրահամյանից գումար շորթելու նպատակով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, նրա նկատմամբ նախապատրաստվող նյութերով քրեական հետապնդում չիրականացնելու համար նրանից պահանջել է կաշառք՝ միաժամանակ սպառնալով, որ պահանջված գումարը չտալու դեպքում նրան կենթարկի քրեական պատասխանատվության: Պայմանավորվածության համաձայն, հունիսի 21-ին, ժ. 19.00-ի սահմաններում, Վարդենիսի քաղաքապետարանի վարչական շենքի դիմաց հանդիպել է Կ. Աբրահամյանին, նստել նրա անձնական օգտագործման «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենան, որտեղ անձամբ նրանից ստացել է կաշառքը: