Գոնե կաթ, մածուն ու բուլկի տուն տարավ
Վերջերս Գավառ քաղաքում կազմակերպված աշխատանքի շուկա՝ հարյուրավոր գավառցների թվում եկել էր նաեւ այդ քաղաքի բնակիչ Սեդա Սմբատյանը: Նրան «Առավոտը» հանդիպեց աշխատանքի շուկայից «քոռ ու փոշման» տուն գնալիս: Տիկին Սեդան շրջել էր շուկայում, ներկա գործատուներից հարցուփորձ արել, բայց այդպես էլ իրեն հարմար աշխատանք չէր գտել: Նա ընդամենը բանվորուհու գործ էր փնտրում:
Նրան ամենուր ասել էին, որ տվյալները չեն համապատասխանում իրենց սահմանած չափանիշներին՝ նույնիսկ բանվորուհու համար: Ըստ առաջարկվող աշխատանքների, 60-ն անց կինը ոչ կարող էր ինտերնետ ակումբում աշխատել, ոչ ասֆալտապատման գործ անել, ոչ էլ՝ բժիշկ կամ բուժքույր: Տիկին Սեդայի՝ աշխատաշուկայից միակ ձեռքբերումը տաղավարներից հավաքած սննդամթերքն էր՝ կաթնեղեն, հացաբուլկեղեն, ջրեղեն: Այդ ամենն ընկերությունները ցուցադրում էին տաղավարներում՝ աշխատանք փնտրողներին ծանոթացնելու իրենց արտադրանքին՝ ձեռքի հետ էլ իրենց ապրանքն էին գովազդում:
«Առավոտի» հետ զրույցում Սեդան պատմեց, որ ինքն ու ամուսինը առողջական լուրջ խնդիրներ ունեն եւ անգամ դեղորայք գնելու հնարավորություն չունեն. «Զոբս հանգիստ չի տալիս: Փարա չունեմ, որ ռիսկով գնամ բժշկի: Գոնե մեկն օգներ կամ պետպատվերով մի բան անեն: Թե չէ, արդեն շատ ա ինձ անհանգստացնում, վիճակս գնալով վատանում ա: Որ ձեռս 2 կոպեկ ընկներ, ես հո սրանից-նրանից օգնություն չէի՞ խնդրի: Ես 18 հազար դրամ նպաստ եմ ստանում, մի այդքան էլ՝ ամուսինս: Հազիվ ենք յոլա գնում: Գազի, լույսի մուծումներն անում ենք, ու տեսնում, որ տակը բան չի մնացել: Ախր միջոց էլ չունենք, որ գոնե մի անասուն առենք, պահենք, դե դա էլ մի քիչ եկամուտ կբերի: Հող նույնպես չունենք, որ մի երկու բան ցանենք»: Սեդան 10 թոռների տատիկ է: 4 աղջիկ ունի, որոնք էլ հնարավորության սահմաններում մեկ-մեկ օգնում են իրենց ծնողներին. «Բայց իրենք էլ հարս են, ամուսինները հազիվ են իրենց տունը պահում, ո՞նց կարան իմ աղջիկներն ինձ օգնեն: Մի տղա էլ չունեմ, որ հույսս ինքը լիներ: Որ տղա էլ ունենայի, մեր քաղաքի տղեքի նման խոպան պիտի գնացած լիներ, էլի»:
Գավառի բնակչության մեծ մասի հույսը խոպան մեկնած հարազատներն են, որոնք քիչ թե շատ գումար են վաստակում դրսում ու իրենց ընտանիքներին օգնում: Տեղում աշխատանք գտնելն այնքան էլ դյուրին բան չէ: Ինչպես տիկին Սեդան մեզ հետ զրույցում կրկնում էր՝ «Երեւի Աստված ա պահում, թե չէ սաղս հույսներս կորցրած կլինեինք»: