Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարական պիցցա

Հուլիս 01,2010 00:00

\"\"Շուտով «Տաշիր պիցցա»-ն կզարդարի նաեւ Առաջին հանրապետության շենքի մի մասնաբաժինը: Շենքը գտնվում է Տիգրան Մեծ եւ Հանրապետության փողոցների անկյունում: Նկատենք, որ մեր երկրում ամեն գործարարի չէ, որ հաջողվում է համարյա Հանրապետության հրապարակում, այն էլ կառավարական շենքում օբյեկտ բացել, սակայն հաշվի առնելով այն, որ «Տաշիր պիցցա»-ների ցանցը պատկանում է հայտնի գործարար, մեծահարուստ Սամվել Կարապետյանին, որը նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրն է,  միանգամայն պարզ է դառնում, թե ինչքան հեշտ ու հանգիստ է դա նրան հաջողվել: Այն, որ Կարապետյան եղբայրները ներդրումներ են անում Հայաստանում եւ ընդլայնում են իրենց բիզնեսը, որեւէ մեկը դեմ չէ, սակայն հարց է առաջանում, որքանո՞վ է նպատակահարմար Առաջին հանրապետության շենքում «պիցցերիա» բացել եւ պիցցայի հոտը տարածել շենքով ու տարածքով մեկ: Կառավարության պատմական նշանակություն ունեցող շենքն արդեն մեկ անգամ ամրակայվել է եւ ժառանգների, մեր երկիր ժամանած տուրիստների համար որպես մշակութային օջախ ծառայելու փոխարեն պարզապես «ոտքի վրա» սնվելու տեղ է ծառայելու: Այդ հատվածում հենց «պիցցերիա» բացելով՝ «Տաշիրի» տերերը իրենց բիզնեսի տեսանկյունից են նայել, սակայն ավելի բարձր օղակներում գուցե պետք է հարցին մոտենային նպատակահարմարության տեսանկյունից եւ «Տաշիրի» առաջ խնդիր դնեին կոնկրետ այդ շենքում «էլիտար» բիզնես ծավալել. ասենք՝ ռեստորան-թանգարան բացել, որտեղ սնվելը կզուգակցվեր մեր հանրապետության պատմությանը ծանոթանալով:   
Հայաստանի առաջին հանրապետության կառավարության շենքն այժմ պատկանում է Ամերիկայի հայկական համագումարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել