Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՉԱԿՆՔԵ՛Ք, ՆՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿԱՐՈՒՍԵԼ ՆՍՏԵՑՐԵ՛Ք

Հուլիս 01,2010 00:00

Բակային տարածքներում տեղադրված կարուսելներից շատերն ապամոնտաժման ենթակա են, բայց շարունակում են շահագործվել:

\"\"\"\"
Ավելորդ չէր լինի, եթե բակերի կարուսելներն էլ փորձաքննության ենթարկվեին:

Օրեր առաջ՝ հունիսի 25-ին, Արարատյան 1-ին զանգվածում գտնվող թիվ 152 միջնակարգ դպրոցի բակում խաղացող երկու երեխայի մարմնական վնասվածքներով տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 4-ամյա Էմիլը եւ 7-ամյա Արմինեն ցանկացել էին սահել դպրոցի բակում տեղադրված սղարաններով, եւ կարուսելի երկաթե ծանր ձողն ընկել էր նրանց վրա: Բարեբախտաբար, երեխաների կյանքին վտանգ չի սպառնացել, եւ փոքրիկները, հիվանդանոցում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո, դուրս էին գրվել: Բայց հաշվի առնելով, թե այսօր ինչ վիճակում են շահագործվում մայրաքաղաքի բակերում տեղադրված «անտեր-անտիրական» կարուսելները՝ լուրջ մտավախություն կա, որ մի օր այդ կարուսելները, որ նախատեսված են երեխաներին զվարճացնելու համար, ճակատագրական կդառնան այդ երեխաների համար:
Թեեւ մասնագետ չենք, սակայն ուսումնասիրելով մի քանի համայնքներում տեղադրված բակային կարուսելները, պարզ դարձավ, որ դրանցից շատերն արդեն ենթակա են ապամոնտաժման կամ գոնե նորոգման: Ժանգոտված սղարանների ու կարուսելների ծռմռված եւ ջարդոտված երկաթե խողովակները կարող են խաղով տարված ցանկացած երեխայի աչքը մտնել, գլուխը պատռել եւ անդառնալի վնասել մեր մանուկների առողջությունը: Սղարաններ կան, որոնք շահագործվելիս այնպես են ծռմռվել, որ դարձել են քառակուսի արկղ: Դրանցով սահելով՝ փոքրիկները կարող են նույնիսկ ողնաշարի վնասվածքներ ստանալ, որովհետեւ հաստատ այնտեղ «վայրէջք» չեն կատարի, որտեղ նախատեսված է:
Հայաստանում արտակարգ իրավիճակների նախարարության ներքո գործում է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը պետք է իրականացնի տարբեր վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության ապահովումը: Սակայն «Առավոտի» հետ զրույցում կենտրոնի պետ Աշոտ Պետրոսյանը պարզաբանեց, որ կառավարության կողմից հաստատված կանոնակարգի համաձայն, իրենք տեխնիկական փորձաքննություն են անցկացնում միայն վճարովի կարուսելների համար, որոնք տեղադրված են, ասենք, Հաղթանակի զբոսայգում, «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ եւ այլն, իսկ բակային տարածքներում տեղադրված կարուսելների տեխնիկական անվտանգությունը ստուգելն իրենց գործառույթների մեջ չի մտնում: Ինչպես բացատրեցին կենտրոնի փորձագետները, կանոնակարգում նշված է, որ ով կարուսելները տեղադրում է՝ նա էլ պետք է հոգ տանի դրանց հետագա շահագործման համար՝ նորոգի, յուղի, մաշված հատվածները փոխի եւ այլն:
Սովորաբար իրենց սերը համայնքի երեխաների նկատմամբ այդպես են արտահայտում եւ տարբեր բակերում կարուսելներ են տեղադրում թաղապետարանները: Հաշվի առնելով, որ մի քանի օր առաջ տեղի ունեցած այդ դեպքը եղել էր Մալաթիա-Սեբաստիա համայնքում, փորձեցինք թաղապետարանից ճշտել, թե ով է պատասխանատու այդ կարուսելների շահագործման համար եւ եթե հանկարծ մի օր էլ նման դեպք լինի՝ ավելի վատ հետեւանքներով, ծնողները ումի՞ց կարող են պահանջել իրենց երեխային: Թաղապետարանից ասացին, որ համայնքապետ Դավիթ Օհանյանը պարզաբանումներ կտա, սակայն վերջինս զբաղված էր, նիստ ուներ: Ավելի ուշ թաղապետարանից պատասխանեցին, որ նշյալ հասցեի սղարանը ամրացված չի եղել, ինչի պատճառով էլ նման դեպք է եղել. «Մենք հանձնարարել ենք այդ թաղամասի համատիրությանը՝ կրկնակի ամրացնել, որպեսզի այլեւս խնդիրներ չառաջանան: Ընթացիկ խնդիրներով թաղապետարանը պետք է զբաղվի»:
Նշենք, որ հաճախ բակերում «թաղի երեխաների» համար լավության կարգով կարուսելներ են տեղադրում նաեւ բակի մեծահարուստները: Այսօր «Փեթակ» տոնավաճառում, «Սուրմալուում» բազմաթիվ պարսկական սղարաններ, գույնզգույն կարուսելներ են վաճառվում, եւ ցանկացած մարդ կարող է գնել դրանք ու տեղադրել իր շենքի բակում: Սակայն խնդիրն այն է, որ բնակիչներն ուրախ-զվարթ իրենց երեխաներին թույլատրում են այդ կարուսելներից օգտվել՝ առանց գիտակցելու, որ եթե այդ պլաստմասսայե բարակ սղարանը կամ կարուսելը կոտրվի՝ ոչ ոք պատասխան չի տալու դրա համար: Փաստորեն, այդ կարուսելների նկատմամբ չկա պետական վերահսկողություն:
Եվրոպայում էլ շատ բակային տարածքներում կարուսելներ են գործում, սակայն դրանք տեր ու տիրական ունեն: Մեզ մոտ ամեն ինչ «բախտիբուրախտի» է:
Հունիսի 1-ին Հաղթանակի զբոսայգում տեղի ունեցած պատահարը ցույց տվեց, որ այստեղ հույս չես կարող դնել անգամ տեխնիկական փորձաքննության ենթարկված կարուսելների վրա: Իսկ ինչ-որ բակում ինչ-որ մեկի կողմից տեղադրված սղարանների ու իրարից քանդվող ճոճանակների վրա երեխային տեղավորելուց առաջ՝ առավել եւս պետք է խաչակնքվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել