Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Երեւան»

Հուլիս 01,2010 00:00

Մայրաքաղաքում կկառուցվի տարածաշրջանի ամենամեծ գործարար կենտրոնը

\"\"

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով հունիսի 29-ից պաշտոնական այցով Երեւանում է գտնվում Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալ Վլադիմիր Րեսինի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ երեկ Վ. Րեսինի գլխավորած պատվիրակությունն այցելեց Երեւանի քաղաքապետարան, որտեղ քննարկվեցին Երեւանի Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ներդրումային նախագծերի իրականացման, ինչպես նաեւ Երեւանի եւ Մոսկվայի միջեւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Վլադիմիր Րեսինը նշեց. «Մեր պատվիրակության կազմում է Մոսկվայի գլխավոր ճարտարապետը: Հայերը լավ շինարարներ են, ես կարծում եմ, որ ձեր մասնագետների հետ միասին մենք կունենանք դրական արդյունք: Ծրագիրը շատ կարեւոր է քաղաքի զարգացման համար»:
Երեւանի քաղաքապետը կարեւորեց, որ Մոսկվայի կառավարությունը եւ մոսկովյան ներդրողները հետաքրքրություն են ցուցաբերել Նորագյուղում նախատեսվող քաղաքաշինական խոշոր ծրագրի իրականացմանը:
Այնուհետեւ Գագիկ Բեգլարյանն ու Վլադիմիր Րեսինը գնացին Ծովակալ Իսակովի արձանի մոտ, որտեղից նրանք դիտեցին քաղաքաշինության համար նախատեսված տարածքը: Նորագյուղը գտնվում է Իսակովի պողոտայի հարեւանությամբ: Պասկեւիչի բլուրն իր շրջակա տարածքով, որտեղ նախատեսվում են կառուցապատման աշխատանքները, մոտ 158 հա է: Հյուրերին տեղում ներկայացվեց Երեւանի նոր գործարար-մշակութային կենտրոնի նախագիծն ու մանրակերտը: Այնուհետեւ Գագիկ Բեգլարյանն ու Վլադիմիր Րեսինը պատասխանեցին լրագրողների հարցերին: Երեւանի քաղաքապետը նշեց, որ Երեւանի այժմյան կենտրոնը գերծանրաբեռնված է, անկախ պետության մայրաքաղաքին բնորոշ բազմաթիվ ֆունկցիաներ այժմյան փոքր կենտրոնում այլեւս հնարավոր չէ իրականացնել ու տեղակայել: «Երեւանին անհրաժեշտ է նոր կենտրոն, որը նախատեսել ենք կառուցել Նորագյուղում՝ այն պայմանականորեն կոչենք Նոր Երեւան»,- նշեց Գ. Բեգլարյանը: Այստեղ կլինեն տարբեր՝ միջազգային, գործարար, դիվանագիտական, մշակութային, կրթական եւ այլ ֆունկցիոնալ կառույցներ, տեխնոպարկեր, բիզնես-կենտրոններ, ուսանողական շենքեր, բնակելի տներ, բավականին մեծ հանրային կանաչ զանգված եւ այլն: Ըստ մեր քաղաքապետի՝ Մոսկվայի քաղաքապետը Մոսկվա-Երեւան համագործակցության շրջանակներում նախագծի իրականացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել:
Գ. Բեգլարյանը նշեց, որ բնակիչների փոխհատուցումը կատարվելու է բնակարանային տարբերակով՝ Իսակովի պողոտայի հարեւանությամբ արդեն մոտ 2 հա տարածք է առանձնացվել, որտեղ նորագյուղցիների համար առաջիկա երեք տարիներին կկառուցվեն բնակելի շենքեր: Նախ մարդիկ կապահովվեն նոր բնակարաններով, որից հետո միայն նրանց հին, մեծ մասամբ խարխուլ տները կիրացվեն: «Մինչեւ բնակիչների համար նոր, հարմարավետ բնակարաններ չունենանք, իրացում չենք սկսի»,- շեշտեց Երեւանի քաղաքապետը: Նախկինում իրացման գոտու բնակիչների դժգոհությունները հիմնականում վերաբերում էին համարժեք բնակարաններ չստանալուն, այդ պատճառով էլ, ըստ Գագիկ Բեգլարյանի, որոշվել է բնակիչներին բնակարաններ հատկացնել նույն տարածքում: «Որպեսզի բոլորը սիրով տեղափոխվեն նոր բնակարաններ, եւ մենք դժգոհ բնակիչ չունենանք»,- նշեց քաղաքապետը:
«Սա շատ հետաքրքիր ու լուրջ ծրագիր է, շատ կարեւոր է լավ նախապատրաստվել,- իր տպավորությունների մասին հարցին ի պատասխան՝ նշեց Վլադիմիր Րեսինը, շարունակելով,- ծավալային առումով սա կովկասյան տարածաշրջանի առաջին ամենախոշոր գործարար կենտրոնի նախագիծն է, այստեղ Երեւանն առաջինն է»:
Երեւանի նոր կենտրոնի կառուցումը ներդրումային խոշոր եւ երկարաժամկետ ծրագիր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել