Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԴԻՏԱՎՈՐՅԱ՞Լ ՉԻ ԽԱԲԵԼ

Հուլիս 01,2010 00:00

Ընկերությունն արդարանում է, որ եթե բաժանորդների քարտից անտեղի գումար է պակասում, «ԱրմենՏելը» դա դիտավորյալ չի անում՝ տեխնիկական թերություն է:

\"\"
Դավիթ Սանդուխչյանը փորձում էր ապացուցել, որ «ԱրմենՏելը» բաժանորդներին միտումնավոր չի խաբել՝ պատահական է մարդկանց հաշվեկշռից գումար «կուլ տվել»:

\"\"
«Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության
ներկայացուցիչն էլ մեղադրում էր հանձնաժողովին,
որ տեղական արտադրողին աջակցելու փոխարեն վնասում են:

Հավատալով «ԱրմենՏելի» գովազդներին եւ «ընտրելով կյանքի պայծառ կողմը», բազմաթիվ բաժանորդներ հասկացել էին, որ իրականում «ԱրմենՏելն» իրենց «մութ անկյուն» է գցել. մարդիկ ընկերության սպասարկման կենտրոնից ձեռք էին բերել 1000 դրամանոց լիցքավորման քարտեր՝ գիշերային ժամերին ինտերնետից օգտվելու համար, ու պարզել, որ հաշվեկշռում ունենալով 360 դրամից պակաս գումար՝ չեն կարող օգտվել տվյալ ծառայությունից: Այս մասին «Առավոտի» հրապարակման հիման վրա Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԱրմենՏելի» նկատմամբ վարույթ էր հարուցել: Երեկ հրավիրած նիստում հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նախապես հայտարարեց. «Հաշվի առնելով, որ ընկերությունն արդեն ընդունել է իր սխալը եւ վերացրել խախտումը, որոշել ենք օպերատորի նկատմամբ կիրառել ամենամեղմ պատժամիջոցը՝ նախազգուշացումը»: Թվում էր, թե «ԱրմենՏելի» ներկայացուցիչ, իրավաբան Դավիթ Սանդուխչյանը գոհ լինելով, որ իրենց ընկերությանը չեն տուգանում, պետք է համաձայներ որոշման հետ եւ հարցը համարեին փակված, սակայն դա միայն թվում էր: Դ. Սանդուխչյանը այնպիսի հարցապնդումներ էր անում, «պատիվ պահանջում» հանձնաժողովից, որ քիչ էր մնում հանձնաժողովի բոլոր անդամները ներողություն խնդրեին «ԱրմենՏելից»՝ նրան անհարկի անհանգստացնելու համար. «Դուք պարզե՞լ եք, թե ինչ նպատակ է հետապնդել «ԱրմենՏելը», այդտեղ անբարեխիղճ մրցակցության փաստ կա՞, եթե չկա՝ ինչո՞ւ եք մամուլի հաղորդագրության մեջ նշել, իբր «ԱրմենՏելն» անբարեխիղճ մրցակից է, պարզե՞լ եք՝ «ԱրմենՏելը» միտումնավո՞ր է հաշվեկշռից գումար պահել, թե՞ տեխնիկական սխալ է եղել, պատասխանեք հարցիս՝ դուք այդտեղ դիտավորություն տեսնո՞ւմ եք»: Հանձնաժողովի անդամները փորձում էին բացատրել, որ «ԱրմենՏելի» խաթրին չեն կպչում, որ ընտրել են ամենամեղմ պատիժը, բայց Դ. Սանդուխչյանը շարունակում էր դժգոհել, որ իրենց նկատմամբ անարդարացի են վարվում: Ի վերջո, հանձնաժողովը մեծ դժվարությամբ որոշեց կիրառել նախազգուշացման պատիժը՝ նկատելով, որ «մարդիկ 1000 դրամի դիմաց օգտվել են 700 դրամանոց ծառայությունից, սպառողներին «ԱրմենՏելը» վնաս է հասցրել եւ անկախ նրանից, որ փոխհատուցելու է վնասը, պետք է պատժվի»: Արտակ Շաբոյանը «Օրանժին» եւ «ՎիվաՍելին» նույնպես զգուշացրեց, որ այսուհետեւ հանձնաժողովը հետեւելու է բոլորի գովազդներին, հայտարարություններին ու գործողություններին. «Անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներ հայտնաբերելու դեպքում խստորեն պատժվելու եք»:
Երեկվա նիստում հանձնաժողովը նաեւ որոշեց 500 հազար դրամով տուգանել «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերությանը, որը լատվիական ձկան պահածոներ էր արտադրել՝ «ՀՌՋրՍՌպ ՔտՐՏՑօ», բայց իրականում պարզվել էր, որ ձկնիկները բոլորովին էլ լատվիական ծագում չունեն: Նշենք, որ այս գործին խառնվել են հենց լատվիացիները, որոնք պահանջել են ուսումնասիրել «Արմեն-Համիկի» փաթեթավորած ձկան պահածոների որակը եւ արգելել օգտագործել այդ ապրանքային նշանը: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ, վարույթ հարուցելով հայկական ընկերության նկատմամբ, փորձել է տեղեկանալ, թե շուկայում ի՞նչ ծավալի պահածո է իրացրել «Արմեն-Համիկ եղբայրները», սակայն ընկերությունը հանձնաժողովին տեղեկատվություն չի տրամադրել: Նիստի ժամանակ «Արմեն-Համիկ եղբայրների» գլխավոր հաշվապահ Վահան Ավագյանը, բնականաբար, դժգոհում էր, որ իրենց տուգանում են. «Ես ինչի՞ պետք է ձեզ տեղեկատվություն տայի, եթե կասկած ունեք, որ իրացման եւ ներկրման ծավալներն իրար չեն համապատասխանում, գայիք, տեղում ուսումնասիրեիք՝ պարզեիք: Արդեն տնտեսական դաշտից անցել եք հարկային դաշտին»: Ի պատասխան՝ Արտակ Շաբոյանն ասաց. «Հաշվի առնելով, որ ընկերության գործունեության մեջ չարամտություն է նկատվում, վարույթի ընթացքում հավաքված բոլոր նյութերն ուղարկելու ենք հարկային մարմիններին, Գլխավոր դատախազությանը, գյուղնախարարության Սննդի անվտանգության տեսչությանը»:
«Առավոտի» հետ զրույցում Վ. Ավագյանը վստահեցնում էր, որ «հանձնաժողովը տեղական արտադրողի շահերին վնասում է: Ես հասարակ արտադրող եմ, մեզ արտոնագրային վարչությունը թույլատրել է օգտագործել «ՀՌՋրՍՌպ ՔտՐՏՑօ» ապրանքային նշանը, ես էլ օգտագործել եմ, թող չթողնեին, եթե սխալ էր՝ ե՞ս եմ մեղավոր, թող անունը փոխեին, թող «շպռոտ» չգրեին»: Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ հանձնաժողովին տեղեկատվություն չեն տրամադրել՝ ընկերության ներկայացուցիչն արդարացավ. «Դրանք մի քանի թղթապանակով հսկայական փաստաթղթեր են, ես ի վիճակի չէի այդքանը պատճենահանել, որ իրենց տայի»: «Արմեն-Համիկ եղբայրներին» արդեն արգելել են այդ պահածոներն արտադրել, բայց խանութներում դրանք լիքն են: Վ. Ավագյանի խոսքերով՝ «Եթե դուք արտադրողը լինեիք՝ ի՞նչ կանեիք, հո չե՞մ հավաքելու խանութներից ու ամբողջը թափեմ»:
Հանձնաժողովը 500 հազար դրամով էլ տուգանեց սպառողական շուկայում հայտնված «Molpe» ապրանքանիշով կանանց հիգիենիկ միջոցներ արտադրող «ԳԳԳ Մանուկյան» ընկերությանը: Փորձագիտական եզրակացոթյունը ցույց էր տվել, որ «ԳԳԳ Մանուկյանը» իր «Molpe»-ն շփոթության աստիճանի նմանեցրել էր միջազգայնորեն ճանաչված «Molped» ապրանքանիշի փաթեթավորմանը եւ մոլորեցրել սպառողներին: Ընկերության ներկայացուցիչները նիստին չէին եկել, ինչը նշանակում էր, որ ընդունում են իրենց սխալը եւ հակափաստարկներ չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել