Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՈՒՂՂԵԼ ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԸ

Հուլիս 01,2010 00:00

Ասում է ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի այրին՝ Գրիզելդա Ղազարյանը

– Ինչպե՞ս կարձագանքեր Ռաֆայել Ղազարյանը, եթե տեսներ այն ամենը, ինչ այսօր կատարվում է հայոց լեզվի եւ հայկական կրթության հետ:
– Ես կարող եմ ասել, թե ինչ է արել նա, եւ թող ամեն մեկն այդ արածից ելնելով եզրակացնի՝ ինչպես կարձագանքեր աշոտյանական օրինագծին: Նախ չմոռանանք, որ ներկայիս օրենքն ընդունվել է իր նախաձեռնությամբ, Կրթության, գիտության, լեզվի եւ մշակույթի հանձնաժողովի կողմից, որի նախագահն էր նա: Ունենալով 30 տարվա մանկավարժական ստաժ (ԵՊՀ-ում եւ Պոլիտեխնիկական ինստիտուտում), հիմնած լինելով երկու ամբիոն եւ լինելով երկու գիտական հաստատությունների՝ Ճարտարագիտական կենտրոնի եւ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի համահիմնադիր, լինելով մենագրությունների եւ երկու հարյուրից ավելի գիտական հոդվածների հեղինակ՝ կատարելապես տիրապետում էր գիտակրթական համակարգին ու բոլոր մակարդակներում առկա հիմնախնդիրներին: Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ Ռաֆայել Ղազարյանը ծնվել էր Ռուսաստանում ու ստացել ռուսական բարձրագույն կրթություն: Միջնակարգ կրթությունը հայկական դպրոցում եղել էր անլիարժեք, քանի որ Հայաստանից ուղարկված հայ ուսուցիչներն ամիսների ընթացքում աքսորվում էին Սիբիր. սա այն ոչնչացնող քաղաքականությունն էր, որը տանում էր «ինտերնացիոնալիստական» ԽՍՀՄ-ը «էթնիկ փոքրամասնությունների» հանդեպ: Ռաֆայել Ղազարյանը միայն երեսունն անց հասակում է տեղափոխվել Հայաստան, սովորել հայոց լեզուն եւ արդեն ներսից ծանոթանալով «իրականությանը»՝ խիստ մտահոգվել հայերենի ստորադասված վիճակով, հայոց լեզվի «ռուսականացմամբ» եւ աստիճանական դուրս մղմամբ (անգամ առօրյայում), ինչպես նաեւ առհասարակ հայկական կրթության հանդեպ վարվող խտրական քաղաքականությամբ:
Հայերենում գիտական հասկացութաբանության աղքատությունը մեղմելու նպատակով իր կոլեգաների հետ նախաձեռնել էր ռադիոֆիզիկական հասկացությունների թարգմանության եւ նոր հասկացությունների ստեղծման աշխատանքներ, ինչպես նաեւ հեղինակել ռադիոֆիզիկայի հիմունքների առաջին եւ մինչ օրս միակ հայերեն դասագիրքը բուհերի համար: Մյուս կողմից՝ պետք է նշեմ, որ հայերենի զարգացման, հայերենում գիտական «լեզվի» ստեղծման հարցում չուներ այն ծայրահեղ մոտեցումը, որն ունեին այն մարդիկ, ովքեր եղան նրա ընդդիմադիրները ներկայումս գործող օրենքի անցկացման ընթացքում, եւ ովքեր պահանջում էին չափազանց կաղապարող եւ, իմ գնահատմամբ, գավառական օրինագիծ, որի էությունն ամեն ինչ ամեն կերպ թարգմանելն էր, ինչն իրականում ոչ թե զարգացնում, այլ աղքատացնում է լեզուն: Նրա հանձնաժողովում էին աշխատում Հրանտ Մաթեւոսյանը, Ռաֆիկ Աբգարյանը եւ այլք, ովքեր եւ մշակել են ներկայիս օրենքը:
Եթե Ռաֆայել Ղազարյանն ու բազմաթիվ այլ գիտնականներ ապացուցեցին հայերենի՝ որպես գիտական լեզվի լայն հնարավորությունները, ապա Հրանտ Մաթեւոսյանը, ով հայկական արձակը բարձրացրեց համաշխարհային գրականության մակարդակի, ցուցադրեց նրա ողջ խորությունն ու շքեղությունը: Ահա այս մարդիկ են եղել ներկայիս օրենքի հեղինակները եւ իրենց գործունեությամբ են ցուցադրել հայերենի մրցունակությունը: Իսկ հիմա նայեք ներկայիս հանձնաժողովին: Անդամներին չանդրադառնալու եւ չերկարացնելու համար ընդամենը նշենք նախագահին՝ Արտակ Դավթյան… իր ողջ կենսագործունեությամբ տվյալ մարդը որեւէ առնչություն չունի եւ չի ունեցել կրթական համակարգի, էլ չեմ ասում՝ գիտության հետ, հայերեն էլ խոսում է կատարյալ անգրագետ: Նույնը՝ Արմեն Աշոտյանը: Ինչպե՞ս կարող է նման չկայացած մարդկանց ու անգրագետ «մասնագետների» քաղաքականությունը դրական արդյունքների հանգեցնել, եթե մինչ օրս չեն ազատվել հայերենի ստորադասվածության կամ թերզարգացածության եւ հայ լինելու նվաստության բարդույթից:
– Անիմաստ չե՞ք համարում օտարալեզու դպրոցների դեմ պայքարը շարունակելը, քանի որ օրինագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է, եւ այն հեգնանքը, որը դրսեւորեցին մեր ազգընտիր օրենսդիրները պայքարողների նկատմամբ, հույս էլ չի ներշնչում, որ մինչեւ երկրորդ ընթերցում ինչ-որ բան հնարավոր է շտկել:
– Պայքար դադարեցնելը երբեք ճիշտ չէ: Եթե դուք սկսում եք պայքարը միայն հաղթելու համար կամ միայն այն հաշվարկով, որ դիմացինն ընկալունակ է ընդունել իր սխալը, նշանակում է՝ ոչ թե պայքարում եք, այլ զբաղված եք «հաջողության պատմություններ» հավաքագրելով: Ի դեպ, այս վերջինն ապահովելու համար է Արմեն Աշոտյանը սկսել օտարալեզու դպրոցների կամպանիան: Այդ մասին նա խոստովանել է ընդդիմացող ուսանողներին՝ ասելով, որ իրեն «հաջողության պատմություններ» են պետք: Ակնհայտ է, որ նման դեմագոգների դեմ պայքարելիս շատերը կարող են թեւաթափ լինել, բայց դա սխալ մոտեցում է: Պայքարը պետք է հենել փաստարկված գաղափարների, համոզիչ լինելու եւ մարդկանց մոբիլիզացնելու վրա, ինչի առջեւ կընկրկի ցանկացած ուժ, ինչպես ընկրկեց Սովետական Միությունը Ղարաբաղյան շարժման առջեւ, քանի որ արդարությունը մեր կողմն էր:
– «Առավոտին» տված հարցազրույցում Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ օտարալեզու դպրոցների դեմ տարվող կամպանիան օրենքի հետ կապ չունի եւ նախընտրական ցանցային տեխնոլոգիաների փորձարկում է:
– Բանն այն է, որ մեր իշխանությունները, լինելով Ռուսաստանի գաղութայիններ, ընդամենը մեջբերում են համաշխարհային կոնսպիրոլոգիայի այն արատավոր զառանցանքը, որը ծաղկեց ԽՍՀՄ-ում եւ մինչ օրս օգտագործվում է Ռուսաստանի իշխանությունների կողմից՝ արդարացնելու ցանկացած բռնություն եւ կոծկելու ցանկացած երեւույթի իրական պատճառ, քանի որ իրական պատճառներն իրենց դեմ են եւ կարող են պայթեցնել իրենց իշխանությունը: Նրանք անընդունակ են ընկալել «քաղաքացիական կամարտահայտություն» հասկացությունը, քանի որ մշտապես ստրուկ են եղել եւ կամակատար:
– Վիրավորական չէ՞ր ցուցարարների նկատմամբ դրսեւորած արհամարհանքը:
– Մենք իրավունք չունենք վիրավորվել այն իրավիճակից, որը ստեղծել ենք մեր անտարբերությամբ, մեր հանդուրժողականությամբ եւ մեր սխալներով: Մենք իրավունք չունենք վիրավորվել, որ մարդիկ, որոնց մի մասը պետք է գտնվեր հոգեբուժարաններում, մի մասը՝ բանտերում, իսկ մյուս մասը՝ «լիկբեզ» կենտրոններում, մեր թողտվության ու ստրկամտության շնորհիվ կառավարում են երկիրն ու տանում այն ակնհայտ գաղութացման: Այս գոլիցիններն ավարտին են հասցնում նրա չհաջողված ծրագիրը, բայց նույնիսկ ինքը՝ Գոլիցինը, ժողովրդական վրեժխնդրության արդյունքում հետ կանչվեց Ռուսաստան: Սրանք սպանում են մեր դարերի կարեւորագույն ձեռքբերումը՝ անկախությունը, առանց որի դեռ ոչ մի ժողովուրդ չի ծաղկել, այլ միայն կորցրել է զարգացման իր ներուժն ու ստրկանալով հանգչել:
Մենք պարտավոր ենք կատարել միայն մեկ բան՝ ուղղել մեր սխալները, սա անընդհատ պրոցես է եւ կանգառ չունի:
– Ո՞րն է լինելու հաջորդ քայլը, հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ քաղաքացիական նախաձեռնությունը վերաճի քաղաքական ըմբոստության եւ անհանդուրժողականության:
– Քաղաքական ըմբոստությունն ու անհանդուրժողականությունը սկսվել է շատ ավելի վաղ: Ավելի ճիշտ, այն չի էլ ընդհատվել: Հայաստանի անկախության հիմնումից ի վեր հայ ազգը պայքարում է իր իրավունքների, արժանապատիվ կյանքի համար, եւ այդ պայքարը պարբերաբար պոռթկում է: Վերջինը եղավ 2008-ին եւ դարձավ ամենաերկարատեւն ու ամենապրոդուկտիվը քաղաքացիական հասարակության սաղմեր ստեղծելու եւ պայքարն ինչ-որ իմաստով արմատավորելու հարցում: Հասարակական կարեւորություն ունեցող տարբեր հարցերում ներկայիս ըմբոստությունները, ինչպես օրինակ՝ Ամառային դահլիճի, Ուսանողական այգու պահպանությունը եւ այլն, այս Շարժման իներցիան են, որը տվեց մեծ մասշտաբների մոբիլիզացիա, լայն սպեկտրի պայքարի նախադեպեր եւ հաջողեց կոտրել հասարակության մեջ արմատավորված վախը: Կարծում եմ՝ այս պայքարը դեռ շատ ճյուղավորումներ կտա՝ պայքարի դաշտ հանելով բազմաթիվ այլ կոծկված հարցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել