Լրահոս
Օրվա լրահոսը

Ով որտեղ է պառկել

Հուլիս 01,2010 00:00

ՀՅԴ-ՕԵԿ. ռելսային պատերազմ

«Դուք կարո՞ղ եք մի օրինակ բերել, որ ինչ-որ հարցի շուրջ սկզբից կոալիցիան հիանա կամ դժգոհի, հետո՝ գործադիր իշխանությունը»,- 7or.am-ի փոխանցմամբ՝ երեկ ՄԱԱ-ում այսպիսի հարցադրում է արել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նաեւ հավելել է. «Միշտ հակառակն է՝ սկզբից սպասում են, թե գործադիր իշխանությունը՝ շեֆը, ինչ կասի, հետո նոր կոալիցիոն ուժերը կամ դրանց քաղաքական ներկայացուցիչները սկսում են ասվածը հիմնավորել»: ՀՅԴ ներկայացուցիչն այսպես է արտահայտվել՝ անդրադառնալով հունիսի 26-ին արցախյան հարցի շուրջ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարությանը հաջորդած՝ արտգործնախարարի, ապա նոր միայն կոալիցիոն կուսակցությունների գնահատականներին: Լրագրողների հարցին՝ իսկ ի՞նչ է պատրաստվում անել Դաշնակցությունը՝ արդյոք կուսակցության պահանջները կրկին սահմանափակվելու են միայն արտգործնախարարի հրաժարականո՞վ, Վահան Հովհաննիսյանը պատասխանել է. «Բոլոր նրանք, ովքեր իրենց քաղաքական ակտիվությունը փորձում են հիմնավորել եւ ոգեկոչել նրանով, թե՝ այ, մենք պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, ուրեմն մենք իսկական ընդդիմություն ենք, դա ապուշություն է: Տեսել ենք այդպիսի պահանջողներին»: Այս առիթով նա հիշեցրել է, թե Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանը ինչքա՜ն էին պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Արթուր Բաղդասարյանը ռելսերին էր պառկում՝… ինքնազոհության էր գնում: Ո՞ւր են իրենք հիմա»:
Արձագանքելով այս հայտարարությանը՝ ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը, ըստ panorama.am-ի, ասել է. «Իշխանության կարոտախտով տառապելը ծանր հիվանդություն է, բայց այդ վիճակից դուրս գալու համար կան քաղաքակիրթ պայքարի ձեւեր, որոնցից մեկը ուրիշներին քննադատելով՝ էժանագին դիվիդենդներ հավաքելը չէ: Ուստի 120-ամյա կենսագրություն ունեցող քաղաքական ուժի ներկայացուցչին պատիվ չի բերում հենց իրենց քաղաքական պայքարը իջեցնել ռելսերի մակարդակին՝ իրականացնելով անդեմ քաղաքականություն՝ «ո՛չ նալին, ո՛չ մեխին» սկզբունքով: Արթուր Բաղդասարյանը երբեք ռելսերին չի պառկել, արժանապատիվ հրաժարական է տվել, արժանապատվորեն էլ դիմակայել բոլոր ճնշումներին, այն դեպքում, երբ ՕԵԿ-ի շարքերում չթողեցին ոչ մի գործարար եւ պաշտոնյա: Մի՞թե ակնհայտ չէ տարբերությունը նախկին ընդդիմադիր ՕԵԿ-ի եւ ներկայիս ընդդիմադիր ՀՅԴ-ի միջեւ: Դե՜, Վահանն է, էլի՜, իրեն որտեղի՞ց այդքան համարձակություն, որ վտանգի տակ դնի իրենց գործարարներին, իշխանությունից առայսօր պահպանած չալաղաջ պաշտոնները եւ, ո՛չ այս կողմ, ո՛չ այն կողմ, պահանջի նախագահի հրաժարականը: Բա նախագահը չի զայրանա՞ ու ասի՝ բա մեր պայմա՞նը, ընկե՛ր Վահան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել