Իրավապաշտպաններից եւ քաղաքական գործիչներից ոմանք պնդում են, թե դրանք խիստ են, մյուսները՝ հակառակը
«Freedom House» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հունիսի 28-ին հրապարակել է նաեւ Հայաստանին վերաբերող իր տարեկան զեկույցը, որտեղ մեր երկիրը, նախորդ տարվա նման, գնահատվել է որպես «կիսաավտորիտար» համակարգ ունեցող պետություն: Հայաստանում քաղաքական եւ իրավապաշտպան շրջանակները երբեմն տրամագծորեն հակառակ տեսանկյուններից են մեկնաբանում այս զեկույցը, ու դրա վկայությունն են նաեւ «Առավոտի» հետ զրուցած իրավապաշտպանների գնահատականները:
«Զեկույցը մանրամասնորեն դեռ չեմ ուսումնասիրել, բայց դրա հիմնական գնահատականն այն է, ինչ նախորդ զեկույցում էր. Հայաստանը նորից «կիսաավտորիտար» երկրների ցանկում է: Անկեղծ ասած, ես այդ զեկույցով լրջորեն չեմ էլ հետաքրքրվում, որովհետեւ ինձ համար ավելի հետաքրքիր են այն գնահատականները, որոնք տրվում են մեր երկրի ներսում: Ի՞նչ պիտի ասեն միջազգային կազմակերպությունները Հայաստանի մասին, որը մենք չգիտենք: Հարցն այն է, որ մենք ինքներս կարողանանք այդ խնդիրների մասին խոսել: Եթե «Freedom House»-ը չասեր՝ մենք չգիտեի՞նք, որ Հայաստանում ժողովրդավարությունը կայացած չէ»,- արձագանքելով իրավապաշտպան կազմակերպության զեկույցին՝ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Անդրադառնալով զեկույցում Հայաստանին տրված «կիսաավտորիտար» գնահատականին՝ Պաշտպանն ասաց, թե իր համար դա «մի քիչ անհասկանալի գնահատական է», որովհետեւ Հայաստանը դասական իմաստով ավտորիտար երկիր չէ, բայց ժողովրդավարական էլ չէ, ուստի՝ «կիսաավտորիտար» տերմինն էլ անհասկանալի է: «Եթե ասեն, որ քաղաքական, տնտեսական եւ շատ համակարգերի տեսակետից Հայաստանը դեռ միջանկյալ վիճակում է, անցումային շրջանում է, ես դա կհասկանայի: Բայց «կիսաավտորիտար» ձեւակերպումն անհասկանալի է: Ի՞նչ է նշանակում՝ «կիսաավտորիտար»: Այսինքն՝ ավտորիտար է, բայց մինչեւ վե՞րջ ավտորիտար չէ, թե՞ ժողովրդավարական է, բայց ոչ լիովին: Կիսահղի վիճակներ չեն լինում: Այնուամենայնիվ, այդ գնահատականներում պետք է հստակ դիրքորոշում ունենալ: Հիմա, Հայաստանը ավելի շատ ավտորիտա՞ր, թե՞ ժողովրդավարական է, որի՞ն է ավելի մոտիկ»,- հռետորական հարցադրում արեց ՄԻ պաշտպանը: Այդ հարցին պատասխանելու մեր խնդրանքին էլ այսպես արձագանքեց. «Իմ դիտարկմամբ՝ ժողովրդավարության չափանիշները հակակշիռների, զսպումների համակարգի, իշխանության թեւերի տարանջատման առկայությունը կամ դրա բացակայությունն են: Եթե դրանք կան, ապա արդյոք ձեւակա՞ն բնույթ ունեն, թե՞ ոչ, ազատ շուկայական հարաբերություններ իրականում կա՞ն, թե՞ դրանք միայն օրենքով են սահմանված: Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ իմ մատնանշած առաջին դեպքում այդ համակարգերը գոյություն ունեն, բայց ձեւական բնույթի են: Երկրորդ դեպքում ազատ շուկայական հարաբերությունները կան միայն օրենքով, իսկ տնտեսությունը մենաշնորհային է: Ժողովրդավարության այդ երկու չափանիշներով՝ Հայաստանը ժողովրդավարական չէ»:
Միջազգային ու հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները, նաեւ ՀՀ ՄԻ պաշտպանը առաջին անգամ չէ, որ իրենց զեկույցներում քննադատում են ՀՀ իշխանություններին ոչ ժողովրդավարական կամ ավելին՝ բռնապետական լինելու մեջ: Դժվա՞ր է մեր իշխանություններին շտկել իրավիճակը եւ չդառնալ այդ կազմակերպությունների քննադատության թիրախ: ՀՀ Օմբուդսմենի ասելով, այդ հարցի հասցեատերն ինքը չէ, իշխանություններն են: Ու, այդուամենայնիվ, Ա. Հարությունյանը ցանկություն հայտնեց, թե լավ կլիներ, որ իշխանություններին հեշտ լիներ իրավիճակը շտկելու համար գործնական քայլեր անել՝ հավելելով. «Մեր զեկույցներն ու գնահատականները շատ դեպքերում ավելի հստակ են, քան օրինակ՝ նույն «Freedom House»-ինը, բայց մենք ընկած մեջբերում ենք այդ կազմակերպությանը՝ «Freedom House»-ն այսպես ասաց, այնպես ասաց…»:
«Ես բոլոր կազմակերպություններին էլ լավ եմ վերաբերվում, բայցեւ փորձում եմ համեմատել մեր՝ որպես Օմբուդսմենի գրասենյակի, եւ այդ կազմակերպության գնահատականները եւ գտնում եմ, որ մեր գնահատականները զուտ իրավական են, ավելի հստակ են ու պակաս լղոզված: Թե չէ, այն, ինչ այդ կազմակերպությունն է նկարագրում իր զեկույցում, քաղաքական որոշ բաղադրիչներով հանդերձ, հիմնականում օբյեկտիվ է»,- հայտարարեց ՀՀ Օմբուդսմենն ու եզրափակեց. «Եթե մենք՝ ինքներս, չենք կարողանում միասին նստել եւ շահագրգիռ խոսակցություն վարել, «Freedom House»-ն ինչ էլ որ ասի, դրանով մեզ չի օգնի»:
Հիշյալ զեկույցի մասին տրամագծորեն հակառակ կարծիք հայտնեց «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա դիտարկմամբ, «Freedom House»-ի գնահատականները Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ մեղմ են, ու եթե կազմակերպությունն ավելի իրատես լիներ եւ հետեւեր ժողովրդավարության ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրված միտումներին, ապա պիտի արձանագրեր, որ Հայաստանը ոչ թե «կիսա», այլ՝ ավտորիտար պետություն է: Ա. Սաքունցը զեկույցը գնահատեց ըստ ցուցիչների՝ արձանագրելով, որ Հայաստանի վերաբերյալ կազմակերպության հրապարակած ցուցանիշներն ընդհանուր առմամբ նույնն են, ինչ նախորդ տարվա զեկույցում: «Այս անգամ էլ Հայաստանը համարվել է «կիսաազատ» երկիր, թեեւ այս տարի այդ ցուցիչները օբյեկտիվորեն կարող էին ավելի վատը լինել»,- արձանագրեց իրավապաշտպանը: Նա մեկ առ մեկ կոնկրետ փաստերով թվարկեց այն ոլորտները, որտեղ նախորդ տարվա համեմատ ոչ միայն առաջընթաց չի գրանցվել, այլեւ ետընթաց քայլ է արձանագրվել: Ա. Սաքունցի մատուցմամբ, չի բարելավվել ո՛չ ընտրական գործընթացը, ինչի վկայությունն էին այս տարի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունները, ո՛չ ԶԼՄ-ների ու խոսքի ազատության վիճակը, որովհետեւ էլեկտրոնային ԶԼՄ-ների դաշտում նոր սահմանափակումներ են մտցվել, ո՛չ տեղական ինքնակառավարման ու ոչ էլ կոռուպցիայի դեմ պայքարի, ո՛չ դատական ու իրավապահ համակարգերի ոլորտներում նախորդ տարվա համեմատ որեւէ դրական քայլ կամ չի արվել, կամ ավելի բացասական միտումներ են գրանցվել: «Freedom House»-ի կողմից Հայաստանին տրված գնահատականները, իրավապաշտպանի ասելով՝ անհամապատասխան են իրական վիճակին: «Ես հարգանք եմ տածում այդ կազմակերպության նկատմամբ, բայցեւ կարծում եմ, որ տեղեկատվություն ստանալու իմաստով նա որոշակի արհեստական բազմազանություն է փորձել ապահովել, մինչդեռ կոնկրետ կոռուպցիայի ոլորտում «Թրանսպերենսի Ինտերնեյշնլ» կազմակերպությունն իր զեկույցում այս տարի, նախորդի համեմատ, նույնիսկ իրավիճակի վատթարացում է արձանագրել: Իհարկե, մի կողմից՝ Հայաստանը Թուրքմենստան, Բելառուս կամ Հյուսիսային Կորեա ու Իրաք չի, բայց «կիսաավտորիտար» անվանելն էլ շատ ճիշտ չէ, որովհետեւ իմ վերը նշած որեւէ ոլորտներում բարեփոխումների միտումներ, որոնք մեզ հիմք կտային ասելու, թե՝ իրավիճակը շտկելու փորձ է արվում, չկան: Դրա համար Հայաստանը ոչ թե «կիսաազատ», այլ միանշանակորեն «անազատ» երկիր պետք է անվանել»,- եզրակացրեց Արթուր Սաքունցը: Նա նաեւ կարծիք հայտնեց, թե իր մեղմ գնահատականներով «Freedom House»-ը, գուցե, ՀՀ իշխանություններին դեմքը փրկելու հնարավորություն է տալիս: «Բայց, ըստ իս, Հայաստանին էլի մի շանս տալու փոխարեն կազմակերպությունը պիտի ավելի կոշտ լիներ, որովհետեւ իրավիճակը շտկելու համար Հայաստանին հնարավորություններ արդեն տրվել են նաեւ ԵԽԽՎ չորս բանաձեւերով: Պահանջները գնալով մեղմացան, բայց իրավիճակը չփոխվեց: Դա պետք է ուսանելի դաս լինի միջազգային կառույցների համար»,- եզրափակեց Արթուր Սաքունցը: