Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱ, ՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ԱՆԴԱՌՆԱԼԻ ԵՆ»

Հուլիս 01,2010 00:00

\"\"Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը վստահ է՝ հենց Ադրբեջանը սա հասկանա, կարելի է խոսել այլ բաների մասին եւս:

– Սանկտպետերբուրգյան հանդիպումներից եւ համանախագահող երկրների նախագահների հայտարարությունից հետո որոշ վերլուծաբաններ սկսեցին խոսել այն մասին, որ ղարաբաղյան հարցի կարգավորումը թեւակոխել է վերջնական փուլ: Մինչդեռ ՀՀԿ մամուլի խոսնակը հայտարարեց, թե այս փուլը կարելի է կոչել ոչ թե վերջնական, այլ նոր փուլ: Ի՞նչ է նշանակում նոր փուլ ասվածը, եւ ինչո՞ւ Հանրապետականը չի ընդունում, որ այժմ գտնվում ենք հարցի վերջնական փուլի մեջ:
– Կարծում եմ, ոչ Հանրապետականը եւ ոչ էլ մեկ այլ ուժի ներկայացուցիչ երբեք չի կարող ասել, թե խոսքը գնում է հարցի կարգավորման վերջնական փուլի մասին: Շատ պարզ պատճառով՝ որովհետեւ կան եւ շարունակվում են տարաձայնությունները հարցի կարգավորման սկզբունքային հարցերի շուրջ: Երբ հնչեց համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարությունը, սպասում էինք, թե սրան ինչ կպատասխանի Ադրբեջանը, թեպետ ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանը այս հայտարարությունից եւս կառանձնացնի այն հատվածները, որոնք իրեն ձեռնտու են, եւ չնկատելու կտա այն հատվածները, որոնք նրա շահերից չեն բխում: Այդպես էլ եղավ: Ադրբեջանը առանձնացրեց տարածքների վերադարձի, փախստականների վերադարձի եւ այլնի մասին հատվածները եւ չնկատելու տվեց նույն այդ հայտարարության մեջ ամրագրված՝ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին հատվածները կամ կարգավիճակին վերաբերող հատվածները: Սա նշանակում է, որ Ադրբեջանը այսօր եւս շարունակում է պնդել իրենը, եւ յուրաքանչյուր հայտարարությունից վերցնում է այն, ինչ իրեն է ձեռնտու: Հենց սա է պատճառներից մեկը, որ այսօր դեռ վաղ է խոսել հարցի կարգավորման վերջնական փուլի մասին: Ես համաձայն եմ, որ սանկտպետերբուրգյան հանդիպումները ինչ-որ չափով հանգրվանային էին, որովհետեւ ի մի բերվեց մինչ այժմ կատարված աշխատանքը, եւ իհարկե, պետերբուրգյան առաջարկների հիման վրա նոր աշխատանքների սկիզբ է, որի մասին ասաց նաեւ մեր երկրի ԱԳ նախարարը:
– Վերջին շրջանում շարունակ խոսվում է այն մասին, որ պետք չէ մոռանալ մի կարեւոր իրողություն՝ մեզ պարտադրված պատերազմում հայկական կողմը հաղթանակած կողմն է, ուրեմն, ինչպե՞ս պետք է արտահայտվի հաղթածի հոգեբանությունը կամ տրամաբանությունը, այդ ո՞ր հաղթանակածն է պատերազմում ստացածը ետ վերադարձնում: Ես կարծես նման դեպք չեմ հիշում:
– Եթե խոսվում է հաղթածի հոգեբանության մասին, ապա դա ընդամենը մեր պատմությունն է, մեր ոչ հեռավոր անցյալն է, եւ, բնականաբար, բոլորիս մեջ՝ եւ մեր բանակի, եւ քաղաքական գործիչների, եւ ողջ հասարակության մեջ ամուր նստած է հաղթողի եւ հաղթանակ տարածի այդ հոգեբանությունը: Իսկ ադրբեջանցու մոտ, ուզես թե չուզես, ամուր նստած է պարտվածի եւ պարտվողի հոգեբանությունը: Ձեր այն հարցին, թե՝ չեք հիշում, որ հաղթածը գնում է փոխզիջումների, հիշեցնեմ, որ պատմության մեջ նման դեպքեր եղել են եւ եղել են այն ժամանակ, երբ խոսքը գնացել է այս կամ այն տարածաշրջանում հարատեւ խաղաղության մասին: Մենք մեզ պարտադրված պատերազմում լուծեցինք խաղաղության այս 20 տարվա խնդիրը, բայց եթե ուզում ենք մնայուն եւ կայուն խաղաղություն, ապա, իհարկե, պետք է փոխզիջումների մասին խոսվի: Բայց մի մոռացեք, որ խոսքը երբեք զիջումների մասին չէ: Եթե Ադրբեջանը հասկանա, որ գործընթացները վաղուց արդեն անդառնալի են, ապա այս դեպքում միայն կարելի է խոսել այլ բաների մասին:
– Բայց Ադրբեջանը կարծես չի ուզում հասկանալ եւ ռազմական գործողությունների է դիմում, հիշեցնելով, որ պատերազմը դեռ ավարտված չէ:
– Դե, եթե չի ուզում հասկանալ, դա արդեն իրենց խնդիրն է, նույն գետը երկրորդ անգամ չեն մտնում: Արցախը միջազգայնորեն ընդունված չափանիշներով իրացրել է իր ինքնորոշման իրավունքը: Պարտադրվեց պատերազմ, որում Ղարաբաղի ժողովուրդը հաղթեց, քանի որ դա մեզ համար, Ղարաբաղի ժողովրդի համար հայրենական պատերազմ էր, հայրենիքը պաշտպանելու պատերազմ էր, իսկ Ադրբեջանի համար դա իրեն չպատկանող տարածքի համար մղվող պատերազմ էր: Հոգեբանորեն սրանք տարբեր իրավիճակներ են: Եվ եթե նորից մեզ պատերազմ պարտադրվի, մենք դարձյալ չենք խուսափի, ինչպես չխուսափեցինք առաջին անգամ:
– Դուք հիմա կրկնեցիք քաղաքագետ Երվանդ Բոզոյանի երեկ հնչեցրած մտքերն այն մասին, որ ղարաբաղյան պատերազմը մեզ համար հայրենական էր, իսկ Ադրբեջանի համար՝ ընդամենը տարածքի խնդիր:
– Շատ ուրախ եմ, որ նման մոտեցումներ կան նաեւ քաղաքագետի մոտ, կարծում եմ՝ շատերն են այդպես մտածում: Ի դեպ, հիշեք, ե՞րբ սկսվեց ղարաբաղյան պատերազմը, մի՞թե ադրբեջանցիները քանակով եւ զինվածությամբ մեզ չէին գերազանցում, իհարկե, գերազանցում էին: Բայց հաղթողը մենք էինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել