Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղարվեստական ղեկավարներն ասես «ցեխավիկներ» լինեն»

Հունիս 30,2010 00:00

«Մի լքիր ինձ…» ներկայացման բեմադրիչ Գոհար Հարությունյանը պնդում է, որ իր առաջ փակում են բոլոր դռները

Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ «Մի լքիր ինձ…» ներկայացման պրեմիերան՝ ըստ Սելենջերի համանուն պատմվածքի: Բեմադրիչը, երաժշտական եւ զգեստների ձեւավորման հեղինակը Գոհար Հարությունյանն է: Ներկայացման մեջ զբաղված է 3 դերասան` Անի Պետրոսյան, Արմեն Մարգարյան եւ Հովակ Գալոյան:

«Առավոտի» հետ զրույցում Գ. Հարությունյանը նշեց, որ հոգեբանական դրամայի ժանրի ներկայացումների դեռ պատրաստ չէ հայ հանդիսատեսը: Ըստ նրա, ժամանակն է կրթել հանդիսականին: «Ներկայացման ասելիքը հետեւյալն է՝ երբեք չկորցնել ի վերուստ տրված սերը: Առանց սիրո մարդը դադարում է ապրել…»,- պարզաբանում է բեմադրիչը:

Հոգեբանական դրամա ժանրի միջոցով այսօր շատ երիտասարդ ռեժիսորներ փորձում են ինքնահաստատվել: Գ. Հարությունյանը ինքնահաստատվելու խնդիր չունի, որովհետեւ 16 ներկայացում է արել, եւ այդ մասին չէ, որ ուզում ենք խոսել: Կոնկրետ վերջին ներկայացումը առանձնապես փայլուն չէր, տպավորությունն այնպիսին էր, թե այն մի տեսակ անավարտ է, կցկտուր եւ ձանձրալի:

Դերասան Արմեն Մարգարյանը հուզմունքից չցանկացավ ներկայացումից հետո իր ապրումների մասին խոսել: «Հետո, հետո…»,-հոգոց հանելով ասաց նա:

Դերասանուհի Անի Պետրոսյանն ասաց, թե իր հերոսուհու ասելիքն այն էր, որ յուրաքանչյուր մարդ պետք է անպայման ունենա մեծ սեր, որը կործանարար չէ իր համար: Բեմադրության լավ եւ վատ կողմերի «մասով» էլ նշեց, թե թողնում է թատերագետի եւ հանդիսականի դատին, ինչ էլ որ ասի՝ կլինի ոչ օբյեկտիվ, քանի որ ինքը ներկայացման մասնակիցն է:

Դերասան Հովակ Գալոյանի խոսքով, ներկայացման բուն ասելիքը պիտի հանդիսականին ստիպի չլքել դահլիճը եւ մտածելու տեղիք տա: Հ. Գալոյանը նշեց, որ բավական ծանր է խաղալ հոգեբանական դրամա: Նա նաեւ հետեւյալ համոզումն ունի. «Չի կարող մի ներկայացում հավասարապես բոլորին դուր գալ: «Մի լքիր ինձ…»-ն ունի կոնկրետ ասելիք, հուսամ՝ այն կհասնի հասցեատիրոջը»:

Բեմադրիչ Գ. Հարությունյանը մեզ հետ զրույցում հավելեց. «Դերասանները շատ լարված էին, ես բացում եմ «չակերտները». մենք պարզապես հնարավորություն չենք ունեցել փորձ անելու… Հեշտ բան չէ այսօր բեմ վարձակալելը»:

Բեմադրիչը գանգատվեց, որ թատրոնների գեղարվեստական ղեկավարները առանձնակի սիրով չեն տրամադրված նրանց հանդեպ, ովքեր վարձակալում են իրենց բեմերը: Ըստ Գ. Հարությունյանի, նրանք «դրսի» ռեժիսորների համար ոչ մի պայման չեն ստեղծում, որ մարդ կարողանա հանգիստ ստեղծագործել: Ինչ վերաբերում է Հ. Պարոնյանի անվան թատրոնին, Գ. Հարությունյանի հավաստիացմամբ, տարածքը բավական ուշ է տրամադրվել. «Առավոտյան եկել էինք թատրոն, իսկ դահլիճում ոչ լույս կար, ոչ երաժշտություն, այսինքն՝ փորձելու հնարավորությունը բացակայում էր… գեղարվեստական ղեկավարները պետք է հասկանան, որ թատրոնը պետական հիմնարկ է, ոչ թե սեփականություն: Ստեղծագործ մարդկանց պետք է ձեռք մեկնել, ոչ թե փակել դռները՝ իրենց «ցեխավիկների» տեղ դրած»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել